Երևանի կենտրոնում սրճարանների ապամոնտաժումը դիմադրություն է առաջացրել
Երևանի կենտրոնական մասում՝ օպերային թատրոնի շենքի անմիջական հարևանությամբ գտնվող սրճարանների ապամոնտաժումը դարձել է ոստիկանության և սրճարանների տերերի, աշխատակիցների միջև բախումների պատճառ։ Արդեն երկրորդ օրն է, ինչ Հայաստանի մայրաքաղաքում չեն հանդարտվում վեճերը Սպենդիարյանի անվան Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքի մոտ գտնվող սրճարանների և ռեստորանների ապամոնտաժման շուրջ։ Բախումների հետևանքով 16 ցուցարար է ձերբակալվել։
• Երևանում պատերազմ է հայտարարվել ապօրինի շինարարությանն ու տարածքներ զավթելուն
• Թե ինչպես են հոլանդացիները մշտական բնակություն հաստատել Հայաստանում
Ինչպե՞ս է ամեն ինչ տեղի ունեցել
Քաղաքային իշխանությունները սկսել են օպերային թատրոնի շենքի մոտ գտնվող սրճարանների ապամոնտաժումը։ Վաղ առավոտից Ազատության հրապարակում, որտեղ այդ սրճարանները տեղակայված են, տասնյակ ցուցարարներ են հավաքվել՝ պահանջելով դադարեցնել շինությունների ապամոնտաժումը։
Սրճարանների տերերն ու մենեջերները հայտարարել են, որ դրանցում ընդհանուր առմամբ 300 մարդ է աշխատում։ Նրանք բոլորը սրճարաններն ապամոնտաժելուց հետո առանց աշխատանքի են մնալու։
«Թող սկզբից աշխատատեղեր ստեղծեն, հետո նոր քանդեն», — ասում է սրճարանների տերերից մեկը։
«300-400 աշխատակիցների թիվը խիստ ուռճացված է: Ըստ մեր տվյալների` այստեղ աշխատում է ամենաշատը երկու-երեք տասնյակ գրանցված քաղաքացի: Կամ սրճարանների նախկին վարձակալները իրենց ընդվզումը հիմնավորելու համար են այդ թիվը հնչեցնում, կամ այստեղ տեղի է ունեցել տնտեսական հանցագործություն»,-օպերայի հարակից տարածքում մարտի 15-ին լրագրողների հետ զրույցում այս մասին ասել է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը:
Իրավիճակը թեժացել է այն բանից հետո, երբ սրճարանների աշխատակիցները կտրել են էլեկտրական լարերը, որ թույլ չտան տեխնիկա միացվի և շինությունները քանդվեն։
Ցուցարարները վանկարկում էին «Ամո՜թ» և պահանջում որոշ ժամանակով սրճարանների ապամոնտաժումը հետաձգել։
Իրադարձությունների վայրում էր նաև մայրաքաղաքի Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Վիկտոր Մնացականյանը։
Նա հայտարարել է, որ քաղաքապետարանը չի պատրաստվում փոխհատուցում տրամադրել ապամոնտաժվող սրճարանների տերերին։ Նա հաղորդել է, որ այդ սրճարաններից մեկը 100 քառ․մ մակերեսով տարածքը վարձակալում էր ամսական ընդամենն 90 հազար դրամով (200 դոլար)։
«Հասկանո՞ւմ եք, որ դա չնչին գումար է քաղաքի կենտրոնի համար։ Այո, ես ենթադրում եմ, որ Երևանի նախորդ իշխանությունները նրանց թույլ են տվել նման պայմաններով աշխատել։ Սակայն չէ՞ որ մենք պատասխանատու չենք նրանց որոշումների և գործողությունների համար»։
Մնացականյանի խոսքով՝ սրճարանների ապամոնտաժման պատճառը բացառապես օպերային թատրոնի շենքին հարող տարածքի նախնական տեսքը վերականգնելու անհրաժեշտությունն է․
«Մենք քննարկում ենք զոնավորման հարցը, պատրաստվում ենք ապամոնտաժել գովազդային վահանակները։ Մայրաքաղաքում որոշակի վայրեր կան, որոնք մենք պետք է պահպանենք որպես սրբատեղի։ Սա ընդամենը բարեկարգում է, այստեղ չկան քաղաքական, անձնական հարցեր»։
Մարտի 13-ի երեկոյան ապամոնտաժման գործընթացը դադարեցվել էր։ Քաղաապետարանի ներկայացուցիչները փակ դռների հետևում հանդիպում էին անցկացրել սրճարանների տերերի հետ։ Սակայն փոխզիջման գալու փորձը չէր հաջողվել։
Վիկտոր Մնացականյանի խոսքով՝ սրճարանների տերերն առաջարկել են հինգ տարով հետաձգել սրճարանների ապամոնտաժումը։ Սակայն քաղաքապետարանն իր որոշում չէր փոխել։
«Ազատության հրապարակին հարող տարածքի սրճարանների ապամոնտաժումից հրաժարման մասին խոսք չի կարող գնալ», — հայտարարել էր Մնացականյանը։
Մարտի 14-ին ոստիկանության և սրճարանների աշխատակիցների միջև բախումները թեժացան։ Ցուցարարները փորձում էին փակել մայրաքաղաքի կենտրոնական փողոցներից մեկը։ Ցուցարարների մի մասը նստել էր ասֆալտին, իսկ մյուսները՝ շրջապատել նրանց։ Նրանք փորձել են նաև փողոցը փակել աղբամաններով, սակայն ոստիկանությունը նրանց թույլ չի տվել։
Իրավապահ մարմինների աշխատակիցները երկար փորձում էին մարդկանց դուրս բերել երթևեկելի մասից։ Ցուցարարներից մեկի ինքնազգացողությունը վատացել էր։
«Մի՛ քանդեք մեր աշխատավայրերը։ Մի՛ զրկեք մեզ աշխատանքից», — բղավում էին սրճարանների աշխատակիցները։
Ինչո՞ւ է որոշվել քանդել այդ սրճարանները
Ազատութան հրապարակում տեղակայված սրճարանների և ռեստորանների ապամոնտաժման մասին որոշումը Երևանի քաղաքապետարանն ընդունել է քաղաքի կանաչապատման նախագծի շրջանակում։ Քաղաքապետարանը պլանավորում է վերականգնել «կանաչ գոտին»։
«Ալեքսանդր Սպենդիարյանի անվան Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքի շուրջ, որը կառուցվել է Թամանյանի [Երևանի գլխավոր պլանի հեղինակը — JAMnews] նախագծով 80 տարի առաջ, այգի էր տնկվել, ուր հանդիսատեսը պետք է դուրս գար ընդմիջման ժամանակ և զբոսներ ծառուղով։ Տարիներ անց օպերային թատրոնի շենքը, որը մայրաքաղաքի այցեքարտն է, սրճարանների շրջապատում հայտնվեց։ Տարեսկզբից քաղաքապետարանը սկսել է Երևանի կանաչապատ տարածքների վերականգնման և զարգացման գործընթաց», — ասված է քաղաքապետարանի հայտարարությունում։
Քաղաքապետարանի որոշման վերաբերյալ իրենց դժգոհությունը սրճարանների տերերը հայտնել էին դեռ հունվարին։ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը պատասխանել էր, որ սրճարանների ապամոնտաժման գործընթացը տեղի է ունենալու օրենքի տառին համապատասխան․
«Այդ սրճարանների տերերն, իհարկե, բողոքներ ունեն օպերայի և բալետի թատրոնի շենքի մոտ տեղակայված հաստատությունների առնչությամբ, սակայն ընդունված որոշումը վերանայման ենթակա չէ»։
Իսկ մարտի 14-ին քաղաքապետը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Սիրելի երևանցիներ, այսօր մենք իրագործում ենք մեր վաղեմի երազանքը՝ ազատում ենք օպերային թատրոնի շենքի մերձակայքն ու վերադարձնում մշակութային օջախի մթնոլորտը։ Ամեն ինչ դեռ նոր է սկսվում, այս գործընթացը շարունակվելու է։ Շնորհակալ եմ բոլոր երևանցիներին, ովքեր մեզ աջակցել են։ Եկեք Երևանին վերադարձնենք իր մշակութային տեսքը»։
Ինչպե՞ս են այս ամենին վերաբերվում քաղաքի բնակիչները
Երևանի նախկին գլխավոր ճարտարապետ Մկրտիչ Մինասյանը կողմ է ներկայիս ճարտարապետի որոշմանը․
«Կարծում եմ, որ գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանն ու Երևանի քաղաքապետարանը սրճարաններն ապամոնտաժելու ճիշտ որոշում են կայացրել»։
Քանդակագործ Տիգրան Արզումանյանը կարծում է, որ ամառվա սեզոնին, երբ մայրաքաղաքում բազմաթիվ զբոսաշրջիկներ կան, այդ տարածքում կարելի է հավաքվող կոնստրուկցիաներով սրճարաններ բացել։ Այսպես է նա պատասխանել այն դիտարկմանը, թե քաղաքի այդ հատվածը ոչ միայն երևանցիների, այլև զբոսաշրջիկների հանգստյան սիրված վայրն է։
Մայրաքաղաքի բնակիչների մեծ մասը կողմ է քաղաքապետարանի որոշմանը։ Ահա, թե ինչ են նրանք գրում Ֆեյսբուք սոցիալական ցանցում․
«Այո, ես էլ եմ սիրում օպերայի մոտ գտնվող սրճարաններում նստել, Երևանն ինձ համար այդ թվում նաև այդ սրճարաններն են, մարդիկ, որոնք այնտեղ նստում են, նրանց հետ շփումը։ Եվ դա մեր քաղաքի մշակույթի մի մաս է։ Բայց եթե տարեցտարի տարածքը չբետոնապատեին, բազմահարկ «օբյեկտներ» չկառուցեին, օրենքով աշխատեին, այլ ոչ թե կոռուպցիոն սխեմաներով, այսօր շատերը կաջակցեին սրճարանների տերերին»։
«Ամեն ինչ ճիշտ են անում։ Մենք ուզում ենք ապրել լավ քաղաքում, որտեղ կենտրոնով զբոսնելը հաճելի է»։
«Վերջապես»։
«Ձեր բիզնեսը չկորցնելու համար դուք երկիրն էլ կվաճառեք»։
Սակայն որոշ երևանցիներ կասկածանքով են մոտենում քաղաքային իշխանությունների գործողություններին։ Նրանք չեն հավատում, որ այդտեղ կրկին ծառեր են տնկվելու, քանի որ այդ տարածքի տակ արդեն ստորգետնյա ավտոկայանատեղի է կառուցվել, դրանց արմատներն աճելու տեղ չեն ունենալու։ Եվ նույնիսկ մտավախություն կա, որ այստեղ կրկին սրճարաններ ու ռետորաններ են հայտնվելու։