Եվրոպական դատարանը Ադրբեջանից տեղեկություններ է ակնկալում հայ ռազմագերիների մասին
Հայաստանի արդարադատության նախկին նախարար, իրավապաշտպան Արտակ Զեյնալյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան ներկայացված արդեն չորրորդ դիմումը՝ հայ ռազմագերիների կյանքի և անմարդկային վերաբերմունքից զերծ լինելու իրավունքները պաշտպանելու հրատապ միջոց կիրառելու պահանջով:
Իրավապաշտպանը հայտնում է, որ դատարանը բավարարել է հայկական կողմի հայտարարությունները:
Հայտնի են 17 գերեվարված հայ զինծառայողների անունները: ՄԻԵԴ որոշմամբ՝ մինչև նոյեմբերի 27-ը Բաքուն պետք է տեղեկատվություն ներկայացնի նրանց գերության պատճառների, գտնվելու վայրի, պահման պայմանների և բժշկական օգնության մասին։
Եվրոպական դատարանը արձանագրել է նաև, որ Ադրբեջանի կառավարությունը սահմանված ժամկետում հիմնավոր և արժանահավատ տեղեկություններ չի տրամադրել նախորդ ներկայացրած դիմումների վերաբերյալ: