Եվրախորհրդարանը համաձայն է Վրաստանին ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ տրամադրելուն
Եվրախորհրդարանի բանաձևը Վրաստանի վերաբերյալ
Ընդունվել է Վրաստանի վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևը։ Եվրախորհրդարանն աջակցել է Վրաստանին ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ տրամադրելուն։ Բայց նաև կոչ է անում Եվրոպական խորհրդին դիտարկել Բիձինա Իվանիշվիլիի դեմ անձնական պատժամիջոցներ սահմանելու հարցը:
Եվրախորհրդարանն այսօր՝ հունիսի 9-ին, ընդունել է Վրաստանում ԶԼՄ-ների ազատության և լրագրողների անվտանգության ոտնահարման վերաբերյալ համատեղ բանաձև, որը նախաձեռնել են Եվրախորհրդարանի հինգ քաղաքական ուժերը։
Փաստաթղթի տեքստը դեռ չի հրապարակվել, սակայն արդեն հայտնի է, որ Եվրախորհրդարանը.
- մտահոգություն է հայտնում Վրաստանում լրատվամիջոցների վիճակի և վերջին տարիներին լրագրողների անվտանգության զգալի վատթարացման կապակցությամբ։ Եվրախորհրդարանը դատապարտում է լրագրողների նկատմամբ ահաբեկման, սպառնալիքների և բռնության դեպքերը, ինչպես նաև լրատվամիջոցների սեփականատերերի դեմ քրեական գործերի թվի աճը,
- դատապարտում է ընդդիմադիր «Մտավարի» հեռուստաալիքի տնօրեն Նիկա Գվարամիայի դատավճիռը և կիսում է «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության՝ պատժի վերանայման կոչը,
- կոչ է անում իշխանություններին արդյունավետ հետաքննել ագրեսիվ խմբերի կողմից 2021 թվականի հուլիսի 5-ին կատարված հանցագործությունները,
- հետևում է հեռախոսների գաղտնալսման սկանդալին և կոչ է անում իշխանություններին ստեղծել համապատասխան մեխանիզմներ պետական կառույցների կողմից տվյալների հավաքագրման նկատմամբ դեմոկրատական վերահսկողության համար,
- կոչ է անում Վրաստանի իշխանություններին բանտից ազատ արձակել նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին մարդասիրական նկատառումներով՝ պատշաճ բուժօգնություն ստանալու համար:
Այս բանաձևով Եվրախորհրդարանը կոչ է անում ԵՄ կառույցներին աշխատել Վրաստանին ԵՄ անդամի թեկնածուի կարգավիճակ տրամադրելու ուղղությամբ։ Սակայն պայմանով, որ Վրաստանի կառավարությունը ականջալուր կլինի Եվրախորհրդարանի առաջարկություններին։
Հետաքրքիր է, որ նմանատիպ բանաձև Եվրախորհրդարանն ընդունել է Ուկրաինայի և Մոլդովայի վերաբերյալ, սակայն այս երկրների պարագայում պայմանների մասին խոսք չկա։
Արդեն ընդունված բանաձևն ավելի ուշ փոփոխության է ենթարկվել՝ կոչ անելով Եվրոպական խորհրդին և նրա դեմոկրատական գործընկերներին դիտարկել նաև Բիձինա Իվանիշվիլիի դեմ անձնական պատժամիջոցներ սահմանելու հարցը։
Եվրախորհրդարանը մտահոգված է երկրի միակ օլիգարխ Բիձինա Իվանիշվիլիի կործանարար դերով Վրաստանի քաղաքական և տնտեսական կյանքում։ Եվրոպացի պատգամավորներին անհանգստացնում է նաև Կրեմլի հետ Իվանիշվիլիի կապերը և օլիգարխի վերահսկողությունը երկրի կառավարության վրա։
Բանաձևի նախագիծը Եվրախորհրդարանում քննարկվել է երեկ՝ հունիսի 8-ին։ «Մենք հիասթափված ենք», «Նիկա Գվարամիա», «Պատժամիջոցներ», «Բիձինա Իվանիշվիլի», «Հուլիսի 5», «Վրաստանը նահանջեց»՝ այս խոսքերն էին հիմնականում հնչում Եվրախորհրդարանում։
Այսօր վրացական բանտերում են «ամենահայտնի մարդիկ», ինչպիսիք են երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլին և Նիկա Գվարամիան, հայտարարել է պատգամավոր Աննա Ֆոտիգան՝ ելույթ ունենալով Եվրախորհրդարանում։
Չեխիայի ներկայացուցիչ Մարկետա Գրեգորովան հայտարարել է, որ հիասթափված է լրատվամիջոցների հետապնդմանը Վրաստանի կառավարության մասնակցությունից։
Լրատվամիջոցների ազատությունը Վրաստանի կառավարության քաղաքականության զոհն է, ասել է Լիտվայի նախկին վարչապետ, Եվրախորհրդարանի պատգամավոր Անդրիուս Կուբիլիուսը։
Եվրախորհրդարանի պատգամավոր Միրիամ Լեքսմանը Վրաստանի եվրոպական ճանապարհին աջակցելու համար բացահայտորեն պահանջել է պատժամիջոցներ սահմանել Իվանիշվիլիի դեմ։
Եվրախորհրդարանի բանաձևը Վրաստանի վերաբերյալ