Եվս մեկ կալանավորված պատգամավոր․ «իշխանությունը լռեցնում է ընդդիմությանը»
«Հայաստան» խմբակցության պատգամավոր, «Իզմիրլյան» ԲԿ նախկին տնօրեն Արմեն Չարչյանը կկալանավորվի։ Այսպիսով արդեն երեք կալանավորված պատգամավոր կլինի նոր գումարման խորհրդարանում։ Ընդդիմությունը նշում է, թե պատգամավորի անձեռնմխելիությունը նրանց բոլորի դեպքում էլ հաղթահարված չէ։
Օգոստոսի 23-ին հայտնի դարձավ, որ վերաքննիչ քրեական դատարանը բավարարել է Արմեն Չարչյանին գրավի դիմաց ազատ արձակելու մասին որոշման դեմ դատախազության բողոքը։ Այսինքն, դատարանն անփոփոխ է թողել հայտնի բժշկի նկատմամբ մինչդատական վարույթում ընտրված խափանման միջոցը՝ կալանավորումը։
Ընդդիմադիր «Հայաստան» դաշինքից ևս երկու պատգամավոր է կալանավորված քրեական գործերով՝ Մխիթար Զաքարյանն ու Արթուր Սարգսյանը։
Խորհրդարանի ընդդիմադիր երկու խմբակցություններն էլ հանդես են եկել հայտարարություններով, որտեղ ընդգծում են, որ իշխանության նպատակն այս կերպ ընդդիմությանը ճնշելն ու լռեցնելն է։
Պատգամավորների կալանավորման իրավաչափության մասին
ԱԺ 8-րդ գումարման պատգամավոր էին ընտրվել նաև «Հայաստան» դաշինքի նախընտրական ցուցակում ընդգրկված Մխիթար Զաքարյանն ու Արթուր Սարգսյանը։ Նրանք, սակայն, նոր խորհրդարանի աշխատանքին մասնակցել չկարողացան։ Մեղրիի և Սիսիանի նախկին համայնքապետները կալանավորված են քրեական գործերով։
Զաքարյանի ու Սարգսյանի քրեական հետապնդման և նախնական կալանքի տակ գտնվելու իրավաչափությունը դարձել է լայն քննարկման առարկա։ Գործընկեր պատգամավորները նշում են, թե նրանց պատգամավորական անձեռնմխելիությունը հաղթահարված չէ։
«Պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում կարող է հարուցվել միայն Ազգային ժողովի համաձայնությամբ: Պատգամավորն առանց Ազգային ժողովի համաձայնության չի կարող զրկվել ազատությունից, բացառությամբ, երբ նա բռնվել է հանցանք կատարելու պահին կամ անմիջապես դրանից հետո», — ասված է Հայաստանի Սահմանադրությունում։
«Հայաստան» խմբակցության պատգամավոր, փաստաբան Արամ Վարդևանյանը գրություն էր հասցեագրել գլխավոր դատախազին։ Դատախազությունը հրապարակել էր գրության պատասխանը։
Դրանում ասվում է, որ Մխիթար Զաքարյանն ու Արթուր Սարգսյանն ազատությունից զրկվել են Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համաձայնությամբ։
«Ազգային ժողովի պատգամավորի կարգավիճակ ձեռք բերելուց հետո նույն հարցով նաև Ազգային ժողովի համաձայնությունն ստանալու պահանջ նախատեսված չէ», — պարզաբանել է դատախազությունը։
Արմեն Չարչյանի կալանավորման որոշման վերաբերյալ դատախազության լրատվական բաժնից հնչել է նույնաբովանդակ պատասխան՝ նրա կալանքի վերաբերյալ որոշումը կայացվել է մինչև նրա պատգամավոր դառնալը։
Արմեն Չարչյանը ձերբակալվել էր հունիսի 18-ին, երբ համացանցում հայտնվեց մի ձայնագրություն, որտեղ լսվում էր, թե ինչպես է Չարչյանն իր աշխատակիցներին հորդորում մասնակցել գալիք ընտրություններին։
Օրեր անց Կենտրոնական ընտրական հանձնաժողովը թույլատրել էր քրեական հետապնդում սկսել Չարչյանի նկատմամբ, ինչից հետո պրոֆեսորը կալանավորվել էր։ Մեկ ամիս անազատության մեջ գտնվելուց հետո Արմեն Չարչյանն ազատ էր արձակվել հուլիսի 21-ին՝ 15 մլն դրամ գրավի դիմաց։
«Կալանավորելու որոշմամբ պարզ չէ, թե ՀՀ–ում պատգամավորի անձեռնմխելիությունն ինչ իմաստ ունի այլևս։ Սակայն Չարչյանն իր կամքով այսօր կներկայանա Վարդաշեն ՔԿՀ. այնտեղ ներկա կլինեն նաև մեր խմբակցության պատգամավորները», — դատարանի որոշումից հետո կազմակերպված ասուլիսի ժամանակ հայտարարել է «Հայաստան» դաշինքի պատգամավոր, փաստաբան Արամ Վարդևանյանը։
«Հայաստան» դաշինքի հայտարարությունը
Ընդդիմադիր այս ուժի անդամներն իրենց գործընկերոջ կալանավորման վերաբերյալ հայտարարության մեջ նշել են, թե դատավոր Ռուբիկ Մխիթարյանը կատարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի «քաղաքական ուղիղ ցուցումն» ու «իրավական ամենաթողությամբ կալանավորել» պատգամավորին․
«Կալանքը՝ որպես միակ խափանման միջոց քաղաքական գործերով դիտարկելու ձև, այս իշխանության կայուն ձեռագիրն է՝ խախտելով սահմանադրական և իրավական սկզբունքները մարդու ազատության իրավունքի վերաբերյալ: Նշվածը պայմանավորված է մեկ անձի ծայրահեղ վախերով»։
Ընդդիմադիր խմբակցությունը իշխանություններին բնորոշում է որպես «Անկախության հռչակագրի օրը մեր անկախության դեմ պայքարող», հիշեցնելով, որ 31 տարի առաջ օգոստոսի 23-ին Հայաստանի Գերագույն խորհուրդն ընդունել է Անկախության հռչակագիրը։
«Մեր հանրությունը ևս մեկ անգամ համոզվեց այս իշխանությունների՝ հանրային համերաշխության հերթական սուտ ու կեղծ օրակարգը որդեգրելու մեջ։ Պատահական չենք համարում, որ այս խայտառակ որոշումը կայացվեց սահմանային լարված իրավիճակի ու կառավարության ծրագրի ներկայացումից առաջ։ Մեր արձագանքը այս ապօրինություններին լինելու է համարժեք», — նշված է դաշինքի տարածած հաղորդագրությունում։
Հայտարարության մեջ նշվում է, որ բոլոր երեք պատգամավորներին իշխանությունները որոշել են պահել պատանդի կարգավիճակում։
Խորհրդարանի երկրորդ ընդդիմադիր ուժի դիրքորոշումը
Բժշկական գիտությունների դոկտոր, օրթոպեդ-վնասվածքաբան Արմեն Չարչյանի կալանավորման վերաբերյալ հայտարարությամբ է հանդես եկել նաև Ազգային ժողովի ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցությունը․
«Պատգամավորի անձեռնմխելիություն ունեցող պրոֆեսոր Արմեն Չարչյանի նկատմամբ դատարանի կայացրած նմանօրինակ որոշումը ոչ այլ ինչ է, քան քաղաքական հետապնդում և խայտառակ ապօրինություն»։
Ընդդիմադիր խմբակցությունն ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ Արմեն Չարչյանի նկատմամբ քաղաքական հետապնդումները սկսվել են ամիսներ առաջ, և դեռ այն ժամանակ դրանք ոչ իրավաչափ էին, օրենքներին հակասող։
Այն, ինչ տեղի է ունենում այսօր, ըստ խմբակցության, «իշխանության և օրենքի հերթական չարաշահումն» է։
Հայտարարության մեջ «Պատիվ ունեմ» խմբակցությունը հանդես է եկել կոչով՝ հորդորելով իրավապահներին «գործել բացառապես օրենքի շրջանակներում և զերծ մնալ գործող իշխանությունների կամայականություններից բխող, անձի հեղինակությանը վնասող և իրավունքը ոտնահարող գործողություններից»։