Ընդդիմությունը մոսկովյան բանակցությունները «Հայաստանի հերթական խայտառակ պարտությունն է համարում»
Հայաստանի միավորված ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչները Մոսկվայում հունվարի 11-ին կայացած եռակողմ բանակցությունները հերթական ձախողումն են համարում։ Ընդդիմադիր «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների ստորագրած հայտարարությունը «հերթական խայտառակ պարտությունն» է անվանել։
«Հայաստանն այդ հանդիպումից որևէ դրական արդյունք չստացավ, գերիների հարցում մնաց ձեռնունայն: Ադրբեջանը ևս մեկ անգամ վավերացրեց այն, ինչի համար եկել էր», — գրել է Մանուկյանը Facebook-ում։
Մոսկվա կատարած այցից առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու նրա մամուլի քարտուղար Մանե Գևորգյանը հայտարարել էին, որ հայկական կողմի համար «առաջնահերթ հարց» է հենց գերիների վերադարձի հարցը։
«Եվ, եթե այն հաջողվի լուծել, ապա հնարավոր է համատեղ հայտարարության ստորագրում», — ասված էր վարչապետի մամուլի քարտուղարի ֆեյսբուքյան էջում հանդիպման նախօրեին։
Արդեն մոսկովյան հանդիպումից հետո բանակցությունների արդյունքների վերաբերյալ ստիպված էր պարզաբանումներ ներկայացնել իշխող «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը։ Նա խոստացել է, որ հայ ռազմագերիների վերադարձի հարցն օրակարգում է, ավելին՝ այն առաջնահերթ է հայկական կողմի համար։
- «Արյուն, քրտինք, արցունքնր և կոմպետենտություն»․ ճգնաժամից Հայաստանի ելքի բանաձև՝ քաղաքագետից
- Հայաստանն ու Ադրբեջանը կկապեն տրանսպորտային միջանցքները․ առաջնորդների մոսկովյան հանդիպման արդյունքները
- Ավելի քան 2 000 հեկտար հող և երկու տասնյակ տներ․ ի՞նչ է զիջել Հայաստանն Ադրբեջանին պատերազմից հետո
Ի՞նչ է ասում ընդդիմությունը
Ընդդիմադիրները կարծում են, որ 2020 թ․ նոյեմբերի 9-ի հայտարարությամբ Ադրբեջանն ավելին է ստացել, քան կարող էր երազել։ Միացյալ ընդդիմությունը շարունակում է պահանջել Հայաստանի վարչապետի հրաժարականը, որն Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների հետ «կապիտուլյացիոն փաստաթուղթ» է ստորագրել։
Իսկ ընդդիմադիր շարժման վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանը հայտարարել է, որ Բաքուն պարբերաբար խախտում է փաստաթղթում ամրագրված դրույթները։ Մասնավորապես, նա նշել է հետևյալ խախտումները․
- առաջին կետը, ըստ որի կողմերը կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերում, ինչպես նաև
- ութերորդ կետը․ ըստ որի ռազմագերիների, պատանդների և այլ պահվող անձանց, ինչպես նաև զոհվածների մարմինների փոխանակում է կատարվում։
«Այս ամենը՝ Նիկոլ Փաշինյանի օգնությամբ և անգործությամբ։ Հունվարի 11-ին Մոսկվայում Ալիևը վերահաստատեց և նոր հիմքերի վրա դրեց 9-րդ կետի իրականացումը [տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման և Հայաստանի կողմից Ադրբեջանի և դրա էքսկլավ Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև տրանսպորտային կապերի անվտանգության երաշխավորման մասին, որն Ադրբեջանի համար ռազմավարական մեծ նշանակություն ունի:
Կասկածից դուրս է, որ Փաշինյանի վարչապետության պայմաններում այս կետի իրականացման հետագա բանակցությունների արդյունքները նույնպես լիովին բավարարելու են միայն Ադրբեջանին», — կարծում է Վազգեն Մանուկյանը։
Ըստ ընդդիմադիր գործչի՝ հունվարի 11-ի եռակողմ բանակցությունների ժամանակ Հայաստանի վարչապետը պետք է բարձրացներ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 1-ին կետին վերաբերող հարցը, որը սպառնալիք է Հայաստանի սահմանամերձ Սյունիքի մարզի համար, որտեղ այժմ սահմանազատում է իրականացվում։
Բացի այդ, Մանուկյանը դժգոհ է, որ նոր փաստաթղթում ոչինչ չի խոսվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում հակամարտության կարգավորման և ԼՂ կարգավիճակի մասին, ինչը «նույնպես մեծ պարտություն է»․
«Եվ, իհարկե, պետք է հստակ դրվեր և լուծվեր գերիների հարցը։ Հունվարի 11-ի եռակողմ հանդիպումն ու համատեղ հայտարարությունը ևս մեկ անգամ վերահաստատեցին մեր մոտեցումը, ըստ որի՝ Նիկոլ Փաշինյանն ի զորու չէ առաջ տանել Հայաստանի և հայ ժողովրդի շահերը»։
Ի՞նչ են ասում իշխանության ներկայացուցիչները
«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը հայ ռազմագերիների վերադարձի վերաբերյալ ընդդիմության մեղադրանքներին պատասխանելիս հայտարարել է, որ այդ հարցը «կա ու կլինի հայկական կողմի առաջնահերթությունը»։
Հունվարի 11-ին ստորագրված եռակողմ հայտարարությանն անդրադառնալով՝ Մակունցն ընդգծել է, որ այն ոչ մի կապ չունի հումանիտար հարցերի հետ, և «պետք չէ մեկը մյուսի հետ կապել»․
«Փաստաթուղթը մտադրությունների մասին հայտարարություն է՝ ժամկետների սահմանմամբ, իսկ հումանիտար գոգրծողությունների նպատակը ռազմագերիներին վերադարձնելն է։ Մենք պետք է կիրառենք բոլոր մեխանիզմները, որոնք մեր տնօրինության տակ են»։