ԵԽԽՎ-ում քննարկվում է Ադրբեջանում մարդու իրավունքների հարցը։ Ադրբեջանի պատվիրակության ղեկավարը հայտարարում է, որ Ղարաբաղն ավելի կարևոր է
Կիսվել
Կիսվել
«Ադրբեջանում կան քաղբանտարկյալներ՝ մեկ միլիոն փախստական և բռնի տեղահանվածներ, որոնք հայտնվել են իմ երկիր Հայաստանի ներխուժման արդյունքում», — այսպիսի հայտարարություն է արել ԵԽԽվ-ում Ադրբեջանի պատվիրակության ղեկավար Սամեդ Սեիդովը։
Նա հավելել է, որ առանց այս խնդրի լուծման շատ դժվար կլինի լուծել քաղբանտարկյալների խնդիրը, հաղորդում է Turan գործակալությունը։
Ադրբեջանում քաղբանտարկյալների խնդրին նվիրված լսումները կազմակերպվել էին ԵԽԽՎ մոնիթորինգային և իրավական կոմիտեների կողմից Ստրասբուրգում ԵԽԽՎ գարնանային նստաշրջանի շրջանակում։
Իրավական հարցերի և մարդու իրավունքների կոմիտեի ղեկավար Տորխիլդուր Վարսդոտիրի կարծիքով՝ մարտյան ներումը, երբ ազատ արձակվեցին տասնյակ քաղբանտարկյալներ, չի լուծել խնդիրը։ Մինչ այսօր բանտերում դեռ մոտ 70 քաղբանտարկյալ կա։ Ավելին, վերջերս ազատ արձակված քաղբանտարկյալներից ոմանք կրկին կալանավորվել են և նորից՝ քաղաքական շարժառիթներով։
Ելույթ են ունեցել նաև ադրբեջանցի իրավապաշտպան և քաղէմիգրանտ Լեյլա Յունուսն ու «Հանրապետական այլընտրանք» ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Իլգար Մամեդովը։ Նրանք երկուսն էլ նախկինում մի քանի տարի են անցկացրել բանտում քաղաքական շարժառիթներով, և իրենց ելույթներում խոսել են այն մասին, թե երկրում որքան սուր է այս հարցը։
Սամեդ Սեիդովն ասել է, որ Յունուսն ու Մամեդովը սեփական քաղաքական շահերն են հետապնդում, այդ պատճառով էլ չեն կարող անաչառ լինել։