Շորթման, անվճար բնակարանների և խոսքի հայրենասիրական ազատության մասին" />

Կարմիր գիծ. ո՞րն է այն Ադրբեջանի լրագրողների համար

Շորթման, անվճար բնակարանների և խոսքի հայրենասիրական ազատության մասին

«Իմ կարծիքով, մարդը, որն Ադրբեջանում պատրաստվում է իսկական լրագրող դառնալ, պետք է հասկանա, որ դա նրա վրա թանկ է նստելու: Լավագույն դեպքում, նա առանց աշխատանքի կմնա: Հարցականի տակ կհայտնվի նրա կյանքն, ազատությունն, ընտանիքի անդամների հանգստությունը: Նա ստիպված կլինի կենդանի մնալ կամ խղճի գնով, կամ՝ փոխզիջման», – պատմում է իշխանամետ մեդիակոնցեռնում աշխատող լրագրողը [ցանկացել է անանուն մնալ]:

«Գովերգվում է պետական քաղաքականությունը, նախագահը, նրա ընտանիքի անդամներն ու այն ամենն, ինչ նրանք անում են»

Իմ անունից ասեմ. երբ սկսեցի լրագրությամբ զբաղվել, սկզբում մի անկախ թերում էի աշխատում: Մեզ քիչ էին վարձատրում, սակայն հերիքում էր: Եվ ամենագլխավորն այն էր, որ կարող էինք գրել այն, ինչ կցանկանայինք: Այն ժամանակ մեզ ոչ ոք չէր ասում սա գրեք, այսինչին գովեք: Իսկ այն լրատվամիջոցը որում ես հիմա եմ աշխատում, իբր անկախ է, սակայն իրականում ենթարկվում է խոշոր կազմակերպության: Այսինքն՝ բովանդակությամբ չի տարբերվում պետական գործակալություններից: Նախագահի մասին նյութերին հատուկ ուշադրություն է դարձվում, գովերգվում է պետական քաղաքականությունը, նախագահը, նրա ընտանիքի անդամներն ու այն ամենն, ինչ նրանք անում են: Առանց ղեկավարության հաստատման ոչինչ չի հրապարակվում:

Բնականաբար, մենք ոչինչ չենք կարող պատմել հասարակությանը հուզող խնդիրների մասին: Հեռուստադիտողը պետք է տեսնի միայն բարօրություն և համակողմանի առաջընթաց, որը տիրում է մեր երկրում: Հասել է նրան, որ ղեկավարությունը միջամտում է մեր անձնական կյանքին. մի քանի դեպք է եղել, երբ մարդկանց աշխատանքից ազատել են սոցցանցերում հնչեցրած քննադատության համար՝ կառավարության, պաշտոնյաների, պաշտոնյաների ազգականների հասցեին»:

«Լրագրողներ առանց սահմանի» կազմակերպության 2017թ-ի «Մամուլի ազատության համաշխարհային ցուցիչի» համաձայն՝ Ադրբեջանը 180 երկրների ցանկում 162-րդն է:

Իշխանությունների ներկայացուցիչները պնդում են, որ Ադրբեջանում լրագրողների համար ապահովված են աշխատանքի համար անհրաժեշտ «բոլոր պայմաններն», ավելին, նրանց առանձնահատուկ ուշադրություն է դարձվում. վերջերս երկու շենք է կառուցվել, որոնցում բնակարաններ են անվճար բաժանվել լրագրողներին:

Լրագրողները, որոնց բաժին են հասել անվճար բնակարաններ, սելֆիներ են անում նախագահի հետ բնակարանների հանձնման արարողության ժամանակ: Լուսանկարը՝ kanal24.az

«Դե, կրկի՞ն լրագրողներ են եկել: Որքա՞ն պետք է տանք»

Իշխանամետ մեդիակառույցներից մեկում աշխատող լրագրողը [ցանկացել է անանուն մնալ] ասում է, որ իր աշխատանքի տհաճ կողմերից մեկը երկրում ռեկետ-լրագրողների առկայությունն է: Նրանք գումար են շորթում այս կամ այն խնդիրը չլուսաբանելու համար: Դրամաշորթների պատճառով մարդիկ դադարում են ընդհանուր առմամբ լրագրողներին վստահել.

«Մենք անընդհանտ լսում ենք այսպիսի մի բան. «Ահա, կրկի՞ն լրագրողներ են եկել: Որքա՞ն եք ուզում»»

Եվս մեկ նյարգայնացնող գործոն է խմբագրություններում առկա ինքնագրաքննությունը:

«Վիրավորական է, երբ կայքում արդեն տեղադրված հոդվածը հանվում է ինչ-որ մեկի զանգից հետո կամ նման մի պատճառով չի հրապարակվում: Այնուամենայնիվ, ստիպված ես ինքդ քեզ հիշեցնել, որ լրագրող ես Ադրբեջանում, և հարմարվել դրան»:

«10 տարի առաջը լրագրությունն ավելի ազատ էր »

«10 տարի առաջ ադրբեջանական մամուլում քննադատական նյութեր էին հրապարակվում, իսկ վերջին ժամանակներս այդպիսի բան չես տեսնի: Ադրբեջանական ոչ մի մեդիակառույց ես չեմ կարող անկախ անվանել, քանի որ յուրաքանչյուրն իր կարմիր գիծն ունի: Եվ, թեև ես բռնության չեմ ենթարկվել, սակայն եղել են դեպքեր, երբ ինձ վրա ճնշում են գործադրել այն անձինք, ում մասին գրել եմ:

3-4 տարի առաջ ուզում էի ռեպորտաժ անել երկաթուղու հարևանությամբ գտնվող տների ապամոնտաժման մասին: Երբ խոսում էի այդ տների բնակիչների հետ, ոստիկաններն ինձ բաժին տարան: Սկզբից նրանք կարծեցին, թե աշխատում եմ արտասահմանյան մեդիառեսուրսի համար: Հետո տեսան լրագրողական վկայականս ու բաց թողեցին ինձ՝ զգուշացնելով, որ չգրենք այդ թեմայով ոչինչ».

«Նրանք բանտում հայտնվեցին, որովհետև հատեցին գիծը »

«Լավ չէ, երբ մարդկանց են կալանավորում նրանց հոդվածների և տեսանկյան համար: Կալանավորված լրագրողների թվում են իմ կողմից հարգված Աֆղան Մուխտարլին, Սեյմուր Հազին, որոնք, ըստ իս, անարդար են դատապարտվել: Սակայն իմ ընտրությունը հետևյալն է. աշխատել Ադրբեջանում և ծերանալ այստեղ ազատության մեջ: Եվ ինձ պետք չէ հատել գիծը»:

  • Լրագրող Աֆղան Մուխտարլին, որը հայտնի է իր հետաքննական հոդվածներով, կալանավորվել է 2017թ-ի մայիսի 30-ին: Դատարանը նրան մեղադրել է սահմանն ապօրինի հատելու, մաքսանենգության և իշխանության ներկայացուցչին դիմադրելու համար: Ներկա պահին նա բանտում է:
  • Բանտում են նաև բլոգերներ և լրագրողներ Մեհման Հուսեյնովը, Ֆիքրեթ Ֆարամազօղլուն, Ռաշադ Ռամազանովը, Էլչին Իսմայիլին, Նիջաթ Ալիևը, Արազ Գուլիևը, Զիա Ասադլին, Սեյմուր Հազին:
  • Լրագրողների պաշտպանության կոմիտեն (CPJ) հաղորդում է, որ այժմ Ադրբեջանի բանտերում տասը լրագրող կա:
  • Ինն ադրբեջանցի լրագրողների արգելվում է լքել երկիրը:
  • Իշխանությունների ներկայացուցիչները պնդում են, որ Ադրբեջանում ոչ մի լրագրող չի պատժվել իր պրոֆեսիոնալ գործունեության համար:

Արևմտյան մամուլում այսպիսի կարծիք է ձևավորվել, որ լրագրողը պետք է լրագրող մնա, իսկ քաղաքացիական դիրքորոշումը երկրորդական բան է

Մամուլի խորհրդի կառավարման անդամ Ազեր Հասրաթը կարծում է, որ Ադրբեջանում դժվար է լրագրող լինել ղարաբաղյան հակամարտության պատճառով.

«Մեր լրագրողներին խանգարող գործոններից մեկն այն է, որ ադրբեջանական հողերի մի մասն օկուպացված է, և մոտ մեկ միլիոն մարդ է ապրում փախստականների և տեղահանվածների կարգավիճակում: Որպես կանոն, մենք ընտրության առջև ենք՝ լրագրող լինել, թե քաղաքացի, և տվյալ պահին արևմտյան մամուլում այսպիսի կարծիք կա, որ լրագրողը պետք է լրագրող մնա, իսկ քաղաքացիական դիրքորոշումը երկրորդական բան է: Սակայն մենք հասկանում ենք, որ մեր քաղաքացիական գիտակցությունը չի կարող լրագրողական գործունեության ստվերում մնալ»:

Այդ մարդիկ բանտից դուրս գալուց հետո պետք է որոշեն՝ լրագրո՞ղ են նրանք, թե՞ քաղաքական գործիչ

Ազեր Հասրաթը խոսում է այս պահին բանտում գտնվող լրագրողների մասին.

«Բանտում գտնվողներից ոմանք, մի կողմից, ներկայացվում են որպես լրագրողներ, մյուս կողմից՝ որպես քաղաքական գործիչներ: Եվ կառավարությունն իր վարկածն ունի, թե ինչու են նրանք դատապարտվել՝ հստակ քրեական հանցագործությունների համար: Բնականաբար, կառավարությունը պաշտպանում է իր վարկածն ու ապացույցներ է առաջ քաշում: Այն, որ այդ մարդիկ բանտում են, բնավ չի նշանակում, որ բանտը սպառնում է Ադրբեջանի բոլոր լրագրողներին: Իսկ այդ մարդիկ, ըստ իս, երբ բանտից դուրս գան, պետք է որոշեն՝ լրագրո՞ղ են արդյոք, թե՞ քաղաքական գործիչ»:

Ադրբեջանում արգելափակված երկու ամենահայտնի կայքերն Ազատություն ռադիոկայանի տեղի մասնաճյուղն է և MeydanTV-ն: Նրանց աշխատանքն իրավապահ մարմինները «հասարակության և պետության համար վտանգավոր» են համարել: ANS մեդիակոնցեռնը փակվել է այն բանից հետո, երբ ցուցադրել է քաղաքական գործիչ Ֆեթուլլահ Գյուլենի հետ հարցազրույցի անոնսը, որին Թուրքիայի կառավարությունն այդ պահին կասկածում էր զինված հեղաշրջման փորձի համար: ԱՊԱ խոշոր մեդիակոնցեռնը փակվեց այն բանից հետո, երբ ադրբեջաներենից դեպի ռուսերեն սխալ էր թարգմանել նախագահի ելույթից մի հատված:

«Մարդկանց, որոնք մեզ վստահել են, հետո տեսնում ենք կամ աշխատանքից ազատված, կամ ճաղերի ետևում »

Իսլամ Շիհալին, որն աշխատում էր ներկայումս արգելափակված կայքերից մեկում, բողոքում է, որ մարդիկ չեն վստահում լրագրողներին՝ համարելով, որ նրանք կվախենան պատմել իրենց խնդիրների մասին: Երբ իմանում են, որ մեդիառեսուրսն իշխանամետ չէ, հանգստանում են և հավատում, որ հոդվածը կամ ռեպորտաժը կհրապարակվի:

Սակայն դրանից հետո մեկ այլ խնդիր է առաջանում՝ վտանգ ռեպորտաժի հերոսի համար.

«Ոչ վաղ անցյալում լավ տեղ աշխատող մի մարդու մասին սյուժե էի պատրաստել: Նա դոլարային վարկ էր վերցրել, և արժեզրկումից հետո նրա պարտքն ավելացել էր 2-3 անգամ: Ավելի ուշ ուզում էի նրանից այդ թեմայով ինչ-որ բան հարցնել: Եվ պարզվեց, որ նրան աշխատանքից հեռացրել էին այդ հարցազրույցի համար: Այսինքն՝ մարդկանց, որոնք մեզ վստահում են և հոգին մեր առաջ բացում, հետո տեսնում ենք կամ աշխատանքից ազատված, կամ ճաղերի ետևում, կամ ճնշումների ենթարկված: Այդպիսի իրավիճակները երբեմն ստիպում են ափսոսել արածիդ համար:

Բայց այդպիսի նյութերն անանուն նույնպես չես հրապարակի, քանի որ դա նյութդ պակաս ճշմարտացի և նշանակալից է դարձնում: Բացի այդ, հստակ մարդու անուն չտալով, հնարավոր չէ պաշտոնական կառույցներից մեկնաբանություն ստանալ»:

«Ոստիկանների համար ես մի մարդ եմ, որ ֆիլմ է նկարահանում Բաքվի տեսարժան վայրերի մասին»

«Երբեմն ոստիկանության հետ խնդիրներ են առաջանում: Հարցնում են, չէ՞ որ ձեզ արգելափակել են, ինչպե՞ս եք աշխատում: Կամ պաշտոնյաներն են հրաժարվում հարցազրույց տալ՝ փաստարկելով, թե մեր կայքը փակվել է, մենք այժմ ոչինչ ենք, և մեզ պարտավոր չեն պատասխանել: Մեր երկրում, եթե ասես, որ Turan տեղեկատվական գործակալությունում ես աշխատում, չեն էլ քաշքշի: Իսկ եթե նշես MeydanTv-ն կամ Ազատություն ռադիոկայանը, ավելի շատ խնդիրներ կունենաս, իսկ երբեմն էլ կարող են բաժին տանել: Ավելի լավ է որպես ֆրիլանսեր ներկայանալ:

Երբ փողոցային հարցումների ժամանակ ոստիկան է մոտենում և հարցնում, թե ինչ ես նկարահանում, ստիպված ես ստել: Օրինակ, ես ոստիկանների համար մի մարդ եմ, որը ֆիլմ է նկարահանում Բաքվի տեսարժան վայրերի մասին»:

«Նորմալ հասարակությունում անկախ լրագրությունը գոյատևում է գովազդից ստացված եկամուտների հաշվին»

Մեդիաիրավունքների փորձագետ Խալիգ Աղալիևը տեղական մեդիակառույցների կախյալ լինելը կապում է ֆինանսական ազատության բացակայության հետ.

«Նորմալ հասարակությունում անկախ լրագրությունն ապրում է գովազդից ստացված եկամուտների հաշվին: Ընկերությունները գովազդ են պատվիրում վստահության արժանի պարբերականներին, որոնք այդ պատճառով էլ հենց ամենամեծ լսարանն ունեն, և այդ պարբերականները կարողանում են գոյատևել և, եթե պետք է, կարող են դիմակայել կառավարությանը:

Ադրբեջանում բիզնեսն ու գովազն ուղղակիորեն կամ անուղղակիորեն քաղաքական գործիչների վերահսկողության տակ են գտնվում: Այդ պայմաններում ազատ լրագրությունն աղքատ է, ինչը լրագրողի մասնագիտությունը ոչ գրավիչ է դարձնում»:


Կարդալ ավելին JAMnews-ում