Ե՞րբ կվերականգնվեն երկաթուղու Երասխի և Մեղրիի հատվածները
Հայաստանն Ադրբեջանին կապող Երասխ-Ջուլֆա-Մեղրի-Հորադիզ երկաթուղու արդյունավետությունը գնահատելու համար ժամանակ է պետք, իսկ ի սկզբանե այն շահավետ կամ ոչ շահավետ որակողները սխալվում են։ Տրանսպորտի նախկին նախարար Հենրիկ Քոչինյանի կարծիքն է։
Երկաթուղու վերագործարկման հարցով աշխատանքային խմբի ղեկավար Արտաշես Թումանյանն ու խմբի անդամներից Հենրիկ Քոչինյանը «Ազատության» հետ զրույցում խոսել են երկաթուղու վերականգնման ուղղությամբ տարվող աշխատանքների ու իրենց ակնկալիքների մասին։
«Ունենք բավարար մասնագիտական ներուժ»․ Հենրիկ Քոչինյան
Տրանսպորտի նախկին նախարար Հենրիկ Քոչինյանի գնահատմամբ՝ Հայաստանն ունի բավարար մասնագիտական ներուժ երկաթուղու՝ հայկական կողմում գտնվող հատվածները վերականգնելու համար։ Ասում է՝ փորձառու մասնագետներ են ներգրավված, այդ թվում՝ երիտասարդներ։
Խորհրդային միության փլուզումից հետո Երասխ-Ջուլֆա-Մեղրի-Հորադիզ երկաթուղին չի գործում։ Երկաթուղին վերագործարկելու պայմանավորվածության մասին Հայաստանն ու Ադրբեջանը հայտարարել են դեռևս նախորդ տարեվերջին Սոչիում, ապա Բրյուսելում երկու երկրների ղեկավարների հանդիպումներից հետո։
Ադրբեջանի հետ երկաթուղային հաղորդակցությունը վերականգնելու համար Հայաստանը Սյունիքի մարզում՝ Մեղրիի հատվածում 45 կմ-անոց երկաթգիծ պետք է կառուցի։ Ըստ տարբեր գնահատականների՝ կառուցումը կարժենա առնվազն 200 միլիոն դոլար։
Մեկ ամիս առաջ երկաթուղու վերականգնման աշխատանքների համար 10 հոգուց կազմված հատուկ խումբ է ստեղծել։ Այն ղեկավարում է վարչապետի խորհրդական, Իրանում Հայաստանի նախկին դեսպան Արտաշես Թումանյանը։
Դեռևս հայտնի չէ, թե երբ կմեկնարկեն շինարարական աշխատանքները հայկական կողմում։ Հաղորդվել է միայն, որ առաջիկա օրերին Երասխի ու Մեղրիի հատվածներում իրականացվելու են ուսումնասիրություններ, որոնց հիման վրա էլ մշակվելու է նախագիծը։ Այս աշխատանքներում ներգրավված են նաև «Ռուսական երկաթուղիներ» ընկերության մասնագետները։ Մինչև 2038 թվականը հենց այս ընկերությունն է ստանձնել հայկական երկաթգծերի կոնցեսիոն կառավարումը։
Հայաստանի իշխանությունները բազմիցս հայտարարել են, որ այս երկաթուղու վերագործարկումը տնտեսական նոր հնարավորություններ է բացելու երկրի համար։ Աշխատանքային խմբի անդամ Հենրիկ Քոչինյանն ասում է՝ նախագծի արդյունավետությունը գնահատելու համար ժամանակ է պետք։
Բեռնափոխադրումների ծավալն, ըստ նրա, կփոխվի, եթե այլ պետությունները նույնպես երկաթգիծը համարեն անվտանգ ու արդյունավետ։
«Եթե մեկն ասում է՝ շահավետ է, մյուսն ասում է՝ շահավետ չէ, իմ կարծիքով՝ երկուսն էլ սխալվում են։ Ժամանակ է պետք դրա համար, թղթի վրա ֆորմուլա չէ, որ բոլորս նստենք գրենք և ասենք՝ «տեսեք, ես ապացուցեցի, որ սա լավն է, ես ապացուցեցի, որ սա վատն է»,- «Ազատության» հետ զրույցում շեշտել է Քոչինյանը։
«Պայմանավորվածությունները պետք է ամրագրվեն փաստաթղթով»․ Արտաշես Թումանյան
Վարչապետ Փաշինյանի խորհրդական, աշխատանքային խմբի ղեկավար Արտաշես Թումանյանի փոխանցմամբ՝ երկաթուղու կառուցումը կսկսվի, եթե պայմանավորվածություններն ամրագրվեն փաստաթղթով՝ երկկողմ համաձայնագրով։ Ասում է՝ դա անհրաժեշտ պայման է, քանի որ «ենթակառույցները պետք է միանան, միասին աշխատեն»․
«Այսպիսի ծավալի աշխատանքներ սկսել հայկական կողմի համար ընդունելի է, եթե ամրագրվեն դրանք փաստաթղթային որևէ ֆորմատով»։
Թումանյանի ղեկավարած աշխատանքային խումբը ձևավորվել է գրեթե մեկ ամիս առաջ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ։ Այս խումբն զբաղվում է երկաթուղու հայաստանյան տեղամասերի՝ Երասխի և Մեղրիի հատվածների վերականգնման աշխատանքների կառավարմամբ։
Թումանյանի խոսքով՝ հատկապես Մեղրիի հատվածում կա գործիքային մանրամասն հետազոտություն իրականացնելու կարիք։ Առաջիկա գործուղման ընթացքում խումբն այդ հնարավորությունը կունենա։
Վարչապետի խորհրդական Թումանյանի գնահատմամբ՝ երկաթուղու Երասխի հատվածի վերականգնումն ամիսներ կտևի, Մեղրիի հատվածինը՝ երեք տարի։
Անդրադառնալով պահանջվող ֆինանսական միջոցներին՝ Արտաշես Թումանյանը նշել է, որ հստակ չէ՝ որքան գումար է պետք և որտեղից է այն ներգրավվելու։ Ասում է՝ միջոցներ են պետք նաև հարակից կառույցների, օրինակ՝ մաքսակետերի կառուցման համար, այլապես «աշխատող ենթակառուցվածք չենք ունենա»։