«Բաքուն փորձում է խմբագրել ստատուս քվոն»․ կարծիք Երևանից
Դիվերսիոն ներթափանցում Լեռնային Ղարաբաղում
«Սպառազինության տեղափոխման խոսույթն առաջ մղելով Բաքուն փորձում է լուծել Արցախի ապառազմականացման, ավելի ստույգ՝ պաշտպանության բանակի կազմալուծման հարցը»,- անդրադառնալով մարտի 5-ին տեղի ունեցած ներթափանցմանը՝ ասում է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը։
Նրա դիտարկմամբ՝ ադրբեջանական կողմն այս կերպ ստուգում է նաև ռուսական խաղաղապահ առաքելության կենսունակությունն ու միջազգային հանրության արձագանքը ՝ վստահ լինելով, որ աշխարհաքաղաքական կենտրոններից կոշտ հակազդեցություն չի լինելու։
Նախօրեին ադրբեջանական զինուժը դիվերսիոն ներթափանցում էր իրականացրել Արցախի տարածքում։ Ավելի ուշ պաշտոնական Բաքուն պնդել էր, թե այդ կերպ փորձել է կանխել «Հայաստանից զենք-զինամթերքի, ականների և կենդանի ուժի տեղափոխումը»։ Ադրբեջանի ԱԳՆ-ն նաև պահանջել էր անհապաղ դուրս բերել բոլոր «հայկական զինված ուժերը»։ Քանի որ Հայաստանի զորամիավորումներ Արցախում չկան, ըստ ամենայնի՝ ադրբեջանական կողմն այս պահանջն ուղղել է ԼՂ-ի պաշտպանության բանակին։
Արցախի ներքին գործերի նախարարության ոստիկանությունը հայտնել էր, որ մարտի 5-ի առավոտյան՝ ժամը 10։00-ի սահմաններում, ադրբեջանական զինուժի դիվերսիոն խումբը «Խայփալու» կոչվող տեղանքում թիրախավորել և կրակ է բացել ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության անձնակազմի հերթափոխի մեքենայի վրա։ Դիվերսիոն ներթափանցման հետևանքով զոհվել է ոստիկանության 3 ծառայող, ևս մեկ ծառայող ստացել է կրծքավանդակի հրազենային վիրավորում, նրա առողջական վիճակը գնահատվում է կայուն ծանր։
Ադրբեջանական կողմը պաշտոնապես հաղորդել է երկու զոհի մասին։ Չնայած այն հանգամանքին, որ խաղաղապահ զորախմբի զինծառայողները եղել են հարձակման վայրում, Ռուսաստանի ՊՆ-ն իր տեղեկագրում դեռևս չի անդրադարձել Բաքվի իրականացրած դիվերսիային։
Այս պահին հայտնի մանրամասները, փորձագիտական կարծիք
Դիվերսիայի մանրամասները
Հայաստանից Արցախ զենքի տեղափոխման վերաբերյալ ադրբեջանական կողմի պնդումները Արցախում «կեղծ և սուտ թեզ» են որակել։ Ներքին գործերի նախարարության ոստիկանությունը ներկայացրել է դիվերսիայի տեսանյութը և հարձակման ենթարկված ավտոմեքենայի երթուղին։ Հերթական անգամ շեշտել է՝ ոստիկանության անձնակազմն ուղևորվում էր Ստեփանակերտից դեպի իր հերթափոխի վայր՝ Շուշիի շրջան։
«Նախ, մեքենայում ոչ մի զենք չկար՝ բացի ոստիկանների ծառայողական զենքերից: Երկրորդ, չէր էլ կարող զենքի տեղափոխություն իրականացվել, քանի որ նրանք ոչ թե ՀՀ-ից, այլ Ստեփանակերտից էին շարժվում դեպի իրենց հերթափոխի վայր»,- ասված է հաղորդագրությունում։
Կառույցի ներկայացրած մեկ այլ տեսանյութում երևում է ինչպես ադրբեջանական զինծառայողների տեղաշարժը, այնպես էլ այն դրվագը, թե ինչպես են «մոտենում մեքենային, բացում դուռը և կրկին կրակում ու հետ փախչում»:
«Նույնիսկ երեխան կարող է հասկանալ նրանց ստերը»
Հղում անելով նշված տեսանյութերին՝ Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը նշել է, որ «ադրբեջանական իշխանությունների զեղծարարություններն այնքան պարզունակ ու անհիմն են, որ նույնիսկ երեխան կարող է հասկանալ նրանց ստերը»։
Նրա դիտարկմամբ՝ տեսանյութերով հերքվում է ոչ միայն զենքի տեղափոխման թեզը, այլև այն, թե, իբր, առաջինը արցախյան կողմն է կրակ բացել․
«Տեսանյութը ցուցադրում է նաև, թե ինչպես են ադրբեջանական զինծառայողները կրակում հեռվից և մոտենալով կրակում կրկին նաև մեքենայի մեջ: Հստակ է, որ միայն վերադարձի ճանապարհին են նրանց ուղղությամբ կրակում մեր մարտական դիրքից: Ուստի, կեղծ են նաև ադրբեջանական այն պնդումները, որ առաջինը արցախյան կողմն է կրակել իրենց ուղղությամբ»։
Բեգլարյանը հիշեցրել է՝ ՄԱԿ Արդարադատության միջազգային դատարանը մերժել է ականների տեղադրման վերաբերյալ Հայաստանի դեմ ներկայացված Ադրբեջանի դիմումը՝ արձանագրելով, որ բավարար ապացույցներ չկան։
«Ալիևյան բռնապետական ռեժիմը պետք է պատժվի միջազգային հանրության կողմից այս և նախորդ հանցագործությունների, այդ թվում՝ շրջափակման համար, այլապես նրանք ավելացնում են ագրեսիվության մակարդակը և պատրաստվում են նոր ու ավելի դաժան հանցագործություններ կատարել մարդկության և Արցախի ժողովրդի դեմ»,- գրել է նա։
Փորձագիտական կարծիք
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի գնահատմամբ՝ ադրբեջանական կողմն օգտվում է Հայաստանի իշխանությունների թույլ տված սխալից՝ ԼՂ-ի խնդիրը հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման գործընթացից տարանջատելուց։
«Եվ քանի որ Ստեփանակերտ-Բաքու երկխոսության միջազգային մեխանիզմ կոչվածը չի ստեղծվել, Ադրբեջանը փորձում է մաքսիմալ կոշտ դիրքերից հանդես գալ, որպեսզի Ղարաբաղի հարցն առավելագույն չափով դիտարկվի որպես իր ներքին հարց»,- JAMnews-ի հետ զրույցում ընդգծել է նա։
Կարծում է՝ Բաքուն շարունակում է «զենք-զինամթերքի և ականների տեղափոխման» իր քարոզչական նարատիվները զարգացնել նաև Հաագայի դատարանի որոշումներից հետո, քանի որ վստահ է՝ «միջազգային իրավունքը գտնվում է ճգնաժամի մեջ, իրականացման ճանապարհին դատարանի որոշումը շատ մեծ խոչընդոտների է հանդիպելու, ըստ էության՝ մնալու է թղթի վրա»։ Մյուս կողմից նկատում է՝ որոշման իրականացման «տեսանելի մեխանիզմներ» չկան․
«Եթե ներպետական հարաբերություններում կան հստակ մեխանիզմներ, օրինակ՝ դատական ակտերի հարկադիր կատարման ծառայություն (ԴԱՀԿ), միջազգային հարաբերություններում պայմանական ԴԱՀԿ-ն ՄԱԿ Անվտանգության խորհուրդն է։ Եթե հիմա Հայաստանը դիմի ԱԽ, կոնսենսուս չի ձևավորվելու՝ պայմանավորված Արևմուտք-Ռուսաստան առճակատմամբ»։
Սուրենյանցը նկատում է՝ ուկրաինական պատերազմի հետևանքով էապես սահմանափակվել են Մոսկվայի կարողությունները, և Բաքուն փորձում է օգտվել դրանից ու «խմբագրել նոյեմբերի 9-ի հայտարարությամբ հաստատված հետպատերազմյան ստատուս քվոն»։
«Ենթադրում եմ, որ Լաչինի միջանցքի բացումից հետո, իսկ միջանցքը մի օր բացվելու է, ցավոք սրտի, այնտեղ ունենալու ենք նաև ադրբեջանական ուղղակի կամ անուղղակի ներկայություն՝ անցակետի կամ ռենտգեն սարքավորումների տեսքով»,- նշել է նա ու հավելել, որ դա, իհարկե, հակասում է եռակողմ հայտարարությանը։
Քաղաքագետը մարտի 5-ին տեղի ունեցածը միջադեպ չի համարում։ Ասում է՝ դա մարդկային զոհերով ուղեկցված արյունոտ սադրանք էր։ Ըստ նրա՝ այն պատերազմական գործողությունների չի վերաճի, բայց «ադրբեջանական ճնշումները կուժեղանան»։ Սուրենյանցի գնահատմամբ՝ Բաքուն ձգտում է նախաբանակցային փուլում առաջ տանել իր օրակարգը, այն է՝ անցակետի տեղադրում, ԼՂ-ի պաշտպանության բանակի կազմալուծում։
Չի կարծում, թե Բաքվի գործողություններին կհետևի միջազգային արձագանք պատժամիջոցների տեսքով։ Վերլուծաբանի խոսքով՝ Ալիևը դիտարկվում է որպես «եվրատլանտյան հանրույթի անվտանգության մատակարար»՝ հաշվի առնելով այն, որ առնվազն մինչև 2027 թ․-ը Ադրբեջանը ԵՄ էներգետիկ գործընկերն է։
Սուրեն Սուրենյանցի կարծիքով՝ ստեղծված իրավիճակում Հայաստանը պետք է ձեռնարկի հետևյալ քայլերը՝
- փոխի բանակցային տրամաբանությունն ու ԼՂ-ի խնդիրը չտարանջատի հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումից,
- վերադառնա բանակցային գործընթացին։
Հետևեք մեզ — Facebook | Youtube | Telegram
Դիվերսիոն ներթափանցում Լեռնային Ղարաբաղում