«Դեռևս շրջադարձային փոփոխություններ պետք չէ սպասել». հայ-թուրքական գործընթացի մասին
Ռուբինյան-Քըլըչ չորրորդ հանդիպումը
Չորրորդ անգամ հանդիպել են Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչներ Ռուբեն Ռուբինյանն ու Սերդար Քըլըչը: Եթե նախորդ հանդիպումներին կողմերը տարածում էին նույնաբովանդակ հաղորդագրություններ՝ ընդգծելով միայն կարգավորման գործընթացն առանց նախապայմանների շարունակելու անհրաժեշտությունը, ապա այս անգամ ձեռք են բերվել կոնկրետ պայմանավորվածություններ․
- Հայաստան-Թուրքիա ցամաքային սահմանը հատելու հնարավորություն ապահովել երրորդ երկրների քաղաքացիների համար,
- մեկնարկել Հայաստան-Թուրքիա ուղիղ օդային բեռնափոխադրումների իրականացումը:
Հայաստանի արտաքին գերատեսչության փոխանցմամբ՝ Վիեննայում կայացած հանդիպման արդյունքում կողմերը որոշել են այս երկու ուղղություններով անհրաժեշտ գործընթացներն սկսել «հնարավոր ամենասեղմ ժամկետներում»:
«Բացի այդ, քննարկվել են այլ հնարավոր կոնկրետ քայլեր, որոնք կարող են ձեռնարկվել երկու երկրների միջև լիարժեք կարգավորման վերջնական նպատակին հասնելու համար»,- ասված է պաշտոնական հաղորդագրությունում:
JAMnews-ը զրուցել է քաղաքագետ Արեգ Քոչինյանի և տնտեսագետ Արմեն Քթոյանի հետ այն մասին, թե ինչ են ենթադրում ձեռքբերված վերջին պայմանավորվածությունները:
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը գործնական փուլ մտավ 2021 թվականի տարեվերջին. երկկողմ բանակցություններ սկսելու համար Երևանն ու Անկարան հատուկ ներկայացուցիչներ նշանակեցին: Մինչ այս Ռուբեն Ռուբինյանն ու Սերդար Քըլըչն անցկացրել են ևս երեք հանդիպում՝ երկուսը Վիեննայում և մեկը՝ առաջինը Մոսկվայում:
Կես տարվա ընթացքում բանակցությունների միակ շոշափելի արդյունքը երկու երկրների միջև ուղիղ ավիաթռիչքների վերականգնումն է։
Հայ քաղաքագետներն ու փորձագետները մոտ ապագայում շրջադարձային փոփոխություններ չեն ակնկալում, միևնույն ժամանակ՝ կարգավորման ուղղությամբ քայլերը դրական են գնահատում:
Թուրքիան պաշտոնապես ճանաչել է Հայաստանի Հանրապետությունը 1991 թվականի դեկտեմբերի 24-ին: Երկու երկրների միջև, սակայն, դիվանագիտական հարաբերություններ մինչ օրս չեն հաստատվել: Երկրների միջև ցամաքային սահմանը փակ է 1993 թ.-ից:
Հայ-թուրքական կարգավորման մասին խոսակցություններն ակտիվացել են Ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո: Թեև հարաբերությունների կարգավորման գործընթացն ընթանում է երկկողմ ձևաչափով, թուրքական կողմը առիթը բաց չի թողնում հայտարարելու համար, որ Երևանի հետ սկսված բանակցությունների օրակարգը կոորդինացնում է Բաքվի հետ:
«Եթե դռնից դուրս են անում, պատուհանից պետք է ներս մտնենք». քաղաքագետ Արեգ Քոչինյան
Քաղաքագետ Արեգ Քոչինյանի դիտարկմամբ՝ ակնհայտ է, որ ձեռքբերված վերջին պայմանավորվածությունները շեշտակի փոփոխություն չեն մտցնելու Հայաստան-Թուրքիա հարաբերություններում: Ասում է՝ կարևորը գործընթացի ուղղությունն ու փիլիսոփայությունը հասկանալն է:
«Ցանկացած քայլ կարգավորման ուղղությամբ դրական է, առաջին հերթին, ձեռնտու է Հայաստանին, միարժեքորեն ելնում է երկրի պետական շահերից։ Անգամ ամենափոքր ձեռքբերումներն ավելի լավ են, քան այդ ձեռքբերումների բացակայությունը»,- JAMnews-ի հետ զրույցում ասել է Քոչինյանը:
Քաղաքագետի դիտարկմամբ՝ դեռևս պետք չէ սպասել շրջադարձային փոփոխություններ, սակայն հնարավոր է՝ հաջորդ հանդիպումների ընթացքում ևս գրանցվեն փոքր առաջխաղացումներ:
Նկատում է՝ սա հենց այն փոքր քայլերի տրամաբանությունն է, որի մասին վերջին ասուլիսի ժամանակ նշել էր Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Ավելին ասեմ՝ մեր վիճակը հիմա այնպիսին է, որ եթե մեզ դռնից դուրս են անում, պատուհանից պետք է ներս մտնենք, բայց ամեն գնով պետք է գնանք կարգավորման»,- ընդգծել է Արեգ Քոչինյանը:
Հունիսի 27-ին կազմակերպված առցանց ասուլիսի ընթացքում վարչապետ Փաշինյանը նշել էր, որ կա հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հնարավորություն և պետք է ամեն ինչ անել այն օգտագործելու համար. «Եթե բանակցում ենք, ուրեմն կա ըմբռնում, որ կարգավորումը հնարավոր է իրագործել, փոքր քայլերով առաջ գնալ»:
Նիկոլ Փաշինյանն անդրադարձել էր նաև Թուրքիայից հնչող հայտարարություններին, մասնավորապես ՝«Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ: Կառավարության ղեկավարն ասել էր, որ նման հայտարարություններն «ուղիղ կերպով խոչընդոտում և բացասական ֆոն են ստեղծում», բայց դա չի նշանակում, թե երկխոսությունը դադարեցնելու են։
Քաղաքագետի խոսքով՝ իրավիճակը գնահատելը բարդ է ոչ միայն այն պատճառով, որ տեղեկատվությունն է սուղ, այլև այն պատճառով, որ էական են ոչ թե պաշտոնական հաղորդագրությունները, այլ դերակատարում ունեցող երկրների շահերն ու դրանց վերլուծությունը.
«Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը ՌԴ շահերին հակոտնյա երևույթ է։ Ռուսաստանի տարածաշրջանային ներկայացվածության և ազդեցության մակարդակի գլխավոր խարիսխներից մեկն այն է, որ ՀՀ-Թուրքիա հարաբերություններ չկան կամ, այսպես ասած, Հայաստանը վախենում է Թուրքիայից։
Ռուսաստանը դեմ է և միշտ է դեմ լինելու հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը, իսկ ԱՄՆ-ն կամ հավաքական Արևմուտքը կողմ են՝ այն պարզ տրամաբանությամբ, որ դա կթուլացնի տարածաշրջանում Ռուսաստանի դիրքերը»։
Քոչինյանն ասում է՝ ճնշումներ են բանեցվում ինչպես Հայաստանի, այնպես էլ Թուրքիայի վրա, հակակշիռների բարդ համակարգ է ձևավորվում։ Ըստ նրա՝ ժամանակը ցույց կտա, թե «այս ամենն ինչպես կբյուրեղացվի»։
«Վերջին շրջանում իրավիճակն ավելի է սրվել». տնտեսագետ Արմեն Քթոյան
Տնտեսագետ Արմեն Քթոյանի բնորոշմամբ՝ բեռնափոխադրումների՝ ներկայումս քննարկվող տարբերակը Հայաստանի տնտեսության վրա շոշափելի ազդեցություն ունենալ չի կարող:
Ասում է՝ Հայաստանի օդային բեռնափոխադրման ծավալները մեծ չեն, բացի այդ՝ սա ցամաքայինի համեմատ ծախսատար տարբերակ է: Ըստ նրա՝ անհրաժեշտ է համակարգային լուծում՝ հաղորդակցության ուղիների բացում: Այս դեպքում տնտեսական օգուտներ կարող են լինել:
«Եթե կոմպլեքս՝ հաղորդակցության ուղիները բացելու մասին ենք խոսում, այո, կարող ենք չափել օգուտներ։ Դա նաև կարող է նպաստել նրան, որ մեր արտաքին առևտուրը ավելի դիվերսիֆիկացված լինի։ Հիմա մեզ մոտ գերկենտրոնացում է գնում, հիմնականում՝ ՌԴ, ԵԱՏՄ ուղղությամբ»,- JAMnews-ի հետ զրույցում շեշտել է Քթոյանը:
Տրանսպորտային խնդիրների պատճառով եվրոպական և մի շարք այլ ուղղություններով Հայաստանը խնդիրներ ունի: Այդ շուկաները, սակայն, հասանելի կդառնան միայն էժան հաղորդակցության ուղիների պարագայում:
«Պետք է դիտարկենք ցամաքային ճանապարհով Հայաստան-Թուրքիա ուղիղ բեռնափոխադրումների հնարավորությունը: Միայն այդ դեպքում մենք կարող ենք ունենալ օգուտներ»,- ասել է տնտեսագետը:
Հայաստանի շուկան փոքր է: Ռիսկեր, բնականաբար, կան: Քթոյանի խոսքով՝ վերջին շրջանում թուրքական լիրայի արժեզրկումն ու հայկական դրամի արժևորումը ավելի են սրել իրավիճակը: Ասում է՝ անվերապահորեն ամեն ինչ թույլատրելու մասին խոսք չի կարող գնալ, հայկական կողմը չպետք է նահանջի իր շահերից:
«Կարծում եմ՝ այս բանակցությունների իմաստն այն է, որ կոնկրետ ապրանքատեսակների մասով հստակեցում լինի, գնահատականներ լինեն՝ որ ապրանքատեսակի մասով՝ ինչ մրցակցային առավելություններ ունենք կամ չունենք։ Եթե չունենք, ինչ կարելի է անել:
Բանակցությունների ելման կետը չպետք է լինի Հայաստանի խոցելի դիրքը: Հաղորդակցության ուղիների բացումը Թուրքիան չպետք է դիտարկի՝ որպես քաղաքական դիվիդենտներ հավաքելու և իր տնտեսական շահերն առաջ տանելու միջոց»,- շեշտել է Քթոյանը:
Ռուբինյան-Քըլըչ չորրորդ հանդիպումը