Նոր բաղադրատոմս․ պատերազմից հետո հայտնի գաթան
Գաթայի բաղադրատոմսը և հետպատերազմյան պատմությունը։ Հայկ Նավասարդյանի հեղինակած «Երկրորդ հասցե» ֆիլմի հիման վրա:
Արմինեն խոհանոցի սեղանին հերթով շարում է բաղադրիչները՝ ալյուր, կաթ, շաքար, մարգարինի տուփ, երեք ձու, մի պտղունց վանիլին, մի քիչ աղ․․․ Ասում է՝ այսօր պատրաստելու է գաթա, բայց ոչ սովորական։
Հենց այդ պահին վարձով տան բոլոր սենյակներից ամենահարմար խաղալու վայրը դառնում է նեղ խոհանոցը, Արմինեի երեք երեխաները հավաքվում են մոր շուրջն ու աչք չեն կտրում սեղանից։
Լեռնային Ղարաբաղի Հադրութի շրջանում անգամ, որտեղից տեղափոխվել է Արմինեի ընտանիքը, նման գաթա հաճախ չէր, որ կարելի էր հանդիպել։ Երևանում այն շատերն են հավանում, բայց քչերը գիտեն, թե ինչպես է այն պատրաստվում։
Նա մաղում է ալյուրն ու ասում, որ գաթան անուն չունի։ «Շատ հաճախ Արցախում էլ էին զարմանում, թե ինչ բաղադրատոմսով եմ սարքում և ինչ համեղ է ստացվում». ավելացնում է Արմինեն։
Սառան, որ տան մեծ երեխան է՝ հաշվի առնելով խոհանոցում ինչ-որ բան պատրաստելու գործընթացը, կապել է մազերը։ Նրա հասակը սեղանից մի քիչ է բարձր, սակայն դա չի խանգարում օգնել մայրիկին։ Նա նրբանկատորեն բարձրացնում է ձեռքերը, որ չթաթախվի սեղանի ալյուրի մեջ։ Իրենից տարիքով փոքր քույրն ու եղբայրը՝ խոհանոցում չգտնելով իրենց հարմար տեղ, հետ են վազում հյուրասենյակ։
Մինչ այդ Արմինեն մեկ այլ տարայի մեջ լցնում է կես լիտր կաթ, 1,5 բաժակ շաքարավազ, խառնում ու հիշում պատերազմը։
- Ինչպես Բեռլինում հանդիպեցին ադրբեջանցին, հայն ու վրացին, կամ «Տոլմայի օրագրեր» ֆիլմը
- Ադրբեջանցու արկածները Հայաստանում
«Ինքնաթիռի ձայն լսեցինք, մտածեցի՝ երեխային գրկեմ, պատուհանից ցույց տամ [ինչպես է թռչում], ու մեկ էլ էդ պահին պայթեց մեր տան դիմացի անտառում։ Ոտաբոբիկ ու կիսատ հագնված դուրս եկանք տնից ու վազեցինք Ալիկի (ամուսնու) տատիկի տուն»։
Գյուղում պայթյուններն օրեցօր ավելանում էին ու հոկտեմբերի սկզբին արդեն բնակիչների հիմնական մասը ստիպված հեռանում է գյուղից։
Պատմում է ու ընթացքում խնդրում Սառային՝ կաթին ու շաքարավազին ավելացնել 2 գդալ խմորիչ, թողնել, որ մի քիչ թթվի։ Ինքն էլ ալյուրին ավելացնում է 250 գրամ մարգարին, մատները թաթախում է խմորի մեջ, նայում ներքև ու վերհիշում Ջրակուս գյուղի իրենց տունն ու ընտանի կենդանիներին՝ խոզերին, հավերին ու պատերազմից մեկ ամիս առաջ գնված բադերին։
Հիշում է նաև իր աշխատանքը՝ Արմինեն շուրջ 8 տարի ֆիզիկայի ուսուցչուհի է եղել։ Իսկ հիմա այդ աշխատանքը փոխարինվել է խմորեղեն պատրաստելով։
«Ալիկի հորեղբոր աղջիկը զանգեց, ասաց պատրաստվեք, գնում ենք Երևան: Ասացի՝ ո՞ւր առանց Ալիկի (ամուսինն առաջնագծում էր)։ Ասաց՝ գոնե երեխաների մասին մտածելով պիտի տեղափոխվեք»:
Շուրջ երկու ամիս մնացել են հարազատների տանը, ապա վարձով տուն գտել։ Ամուսինն էլ դեկտեմբերին դուրս է եկել զինվորական ծառայությունից, եկել Երևան՝ միանալու ընտանիքին։
Հայաստանի մայրաքաղաք տեղափոխվելուց հետո Արմինեն անգործ չի մնում։ Որոշում է խոհանոցային իր գիտելիքներն օգտագործել և զբաղվել խմորեղեններ պատրաստելով ու վաճառելով։ Ասում է՝ մի քանի ամսում հայտնի դարձավ․ մեկը գնում էր, մյուսներին՝ ուղղորդում, ֆեյսբուքյան էջն էլ օգնում էր պատվերներ գրանցել։
Մի քանի ամիս անց ինքն ու ամուսինը դիմում են Զբաղվածության պետական գործակալություն ու գտնում աշխատանք։ 2022 թվականի սեպտեմբերից Արմինեն աշխատում է նաև «Արտլանչի» ճաշարանում, որը Երևանում բավական մատչելի գներով սնունդ մատակարարող ամենահայտնի կազմակերպություններից է։ Խմորեղենի պատվերներն էլ թողնում է շաբաթ-կիրակի օրերին։
Արմինեն զգուշորեն ալյուրին ավելացնում է տարայի կաթը, այնքան որ ստանա ձեռքերին չկպչող խմոր, ապա 3 ձու, աղ, վանիլին ու լավ խառնում։ Նա պատմում է, որ միայն խմորողեն պատրաստելով չի բավարարվել․ ժամանակի ընթացքում մասնագիտությունը չկորցնելու համար նոր ճանապարհներ է փնտրել․
«Հայաստանում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մշտական ներկայացուցչության ծրագրով սովորել եմ օնլայն դասավադման մեթոդները։ Այժմ դեռ աշակերտ չունեմ, բայց լինելու դեպքում կկարողանամ Ֆիզիկա դասավանդել»։
Խմորը դնում է մի անկյունում, որ հանգստանա։ Մինչ այդ պատրաստում է ավելի քիչ աշխատատար միջուկը՝ ընդամենը ընկույզ, մի փոքր շաքարավազ ու վանիլին։ Հետո խմորը հարթում է՝ սարքելով բարակ բլիթ, վրան լցնում միջուկը, փաթաթում, կտրատում ու դնում ջեռոցը։
Կարծես թե Սառայի առաքելությունը վերջացել է։ Նա հիմա ուշադիր կանգնած նայում է, թե երբ են պատրաստ լինելու գաթաները։ Սառան, որ պետք է սովորեր 4-րդ դասարանում, հիմա 3-րդում է։ Ասում է, որ պատերազմի պատճառով 2020-21 թվականին չի հաճախել դպրոց։ Իսկ քույրը՝ 5 տարեկան Արևը ու եղբայրը՝ 4-ամյա Գենադին, որն ամենաշատն է կարոտում իրենց գյուղը, Երևանում հաճախում են մանկապարտեզ։
Խոհանոցից արդեն ախորժելի հոտեր են բուրում։ Գաթան պատրաստ է, երեխաները՝ սեղանի շուրջ։