Ադրբեջանում կարանտինային ռեժիմի ֆոնին բռնաճնշումները շարունակվում են
Ադրբեջանում շարունակվում են բռնաճնշումները կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի համար հայտարարված կարանտինային ռեժիմի ֆոնին:
Ընդդիմադիր «Ժողովրդական ճակատ» կուսակցության անդամ Ֆաիգ Ամիրլին դատապարտված է 30 օրով՝ «կարանտինային ռեժիմը խախտելու» մեղադրանքով:
NİDA շարժման ակտիվիստ, նախկին քաղբանտարկյալ Իլքին Ռուստամզադեն հայտնել է ոստիկանության կողմից ճնշումների, շանտաժի և հալածանքների մասին:
Ավելի վաղ՝ մարտի 22-23-ին, կարանտինային ռեժիմը խախտելու մեղադրանքով 10 օրով դատապարտվել էր «Ժողովրդական ճակատի» մեկ այլ անդամ Անար Մելիքովը, իսկ «Մուսավաթ» կուսակցության առաջնորդներից մեկին՝ Թոֆիկ Յագուբլուին, մեղադրել են խուլիգանության մեջ և 3 ամսով կալանավորել են՝ սպասելով դատավարությանը:
Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովը սա անվանեց «բռնաճնշումների նոր փուլի» սկիզբ և հայտարարեց, որ նախագահ Իլհամ Ալիևը պանդեմիան օգտագործում է ընդդիմությանը ճնշելու համար:
«Կարծես Ադրբեջանի կառավարությունը սկսում է համաձայնեցված քաղաքական բռնաճնշումների հերթական փուլը: Սա ոչ մի լավ բանի չի բերի Եվրախորհրդի կազմում երկրի ապագայի համար»,- մեկնաբանել է Ադրբեջանում քաղբանտարկյալների հարցերով ԵԽԽՎ-ի զեկուցող Թորհիլդուր Սուննա Էվարսդոտիրը:
Պաշտոնական տվյալներով ՝ ապրիլի 8-ի առավոտյան դրությամբ Ադրբեջանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակի 822 դեպք: Ութ մարդ մահացել է, 63-ը` ապաքինվել:
30 օր ընդդիմադիր գործչի համար
Ֆաիգ Ամիրլին «Ժողովրդական ճակատ» կուսակցության նախագահի օգնականն է: 2016 թվականի օգոստոսին նա ձերբակալվեց միջկրոնական կռիվներ հրահրելու և հարկերից խուսափելու մեղադրանքով և դատապարտվեց 3 տարի 3 ամիս ազատազրկման: 2017-ի սեպտեմբերին իրական ժամկետը փոխարինվեց պայմանականով, և Ամիրլին ազատ արձակվեց:
Ինչպես պատմում է Ամիրլիի կինը, ապրիլի 8-ին ընդդիմադիր գործչին տան մոտ բռնությամբ քարշ են տվել ավտոմեքենա և տարել են անհայտ մեքենայով:
Ապրիլի 9-ին դատարանը Ֆաիգ Ամիրլիին դատապարտել է 30 օր վարչական կալանքի: Այս մասին ֆեյսբուքյան իրենց էջերում գրում են ընդդիմադիր գործչի կինը և այլ մտերիմներ: Թե ինչպես է Ամիրլին «խախտել կարանտինի ռեժիմը», անհասկանալի է:
- Պատմություն ադրբեջանական հիվանդանոցից․ «Լավ է, որ այս ամենը տեսա իմ սեփական աչքերով»
- «Այնքան կոպիտ պատասխանեցին, կարծես պարտք էի ուզում»․ ինչպե՞ս է պանդեմիան ազդել Ադրբեջանում առևտրի ոլորտի աշխատակիցների վրա
- Ամեն ինչ կորոնավիրուսի մասին
Ակտիվիստի շրջափակում
Իլքին Ռուստամզադեն 6 տարի ազատազրկվել է անկարգություններ կազմակերպելու սուտ մեղադրանքով և ազատ արձակվել 2019 թվականին: Ադրբեջանում կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով կարանտինային ռեժիմ հայտարարելուց հետո նա առցանց հանրագրով պահանջեց, որ պետությունը քաղաքացիներին դրամական փոխհատուցում վճարի և նրանց ազատի այս ժամանակահատվածում կոմունալ վճարումներից և բանկային վարկերից:
Հենց այս հանրագրի հետ է Ռուստամզադեն կապում տեղի ունեցածը: Նրա խոսքերով՝ ապրիլի 8-ին ոստիկանությունը նախ հայտնվել է նրա ծնողներին, այնուհետև շրջապատել այն շենքը, որտեղ ներկայումս նա բնակարան է վարձակալել:
Բացի այդ, Իլքինն ասում է, որ դրանից մի քանի օր առաջ համացանցում իր կնոջը վարկաբեկող կեղծ տեղեկատվություն տարածվեց:
Այս ամենին ավելացրած, պատմում է ակտիվիստը, վարձակալած բնակարանի տանտերը պահանջում է, որ նրանք դուրս գան:
Ադրբեջանում խստացված կարանտինային ռեժիմ է սահմանվել:
Փակ են մետրոն, այգիները, զբոսայգիները, կասեցված է առևտրի օբյեկտների, ձեռնարկությունների և կազմակերպությունների մեծ մասի աշխատանքը:
Ապրիլի 5-ից սահմանվել է քաղաքացիների տեղաշարժի սահմանափակումներ. տանից դուրս գալու համար բոլորը, բացի որոշակի ոլորտների աշխատակիցներից, պետք է ստանան sms-թույլտվություն իշխանություններից: Խախտում անողները տուգանվում են:
Միևնույն ժամանակ երկրում մինչ այժմ պաշտոնապես արտակարգ դրություն չի սահմանվել:
Իշխանությունները խոստանում են փոխհատուցում վճարել տուժող ձեռնարկատերերին և որոշ մարդկանց, ովքեր անգործ են մնացել: