Բոլոր պայմանականությունները պահպանված են․ Հայաստանի խորհրդարանն արձակվել է
Հայաստանի Ազգային ժողովը մայիսի 10-ին երկրորդ անգամ վարչապետ չի ընտրել։ Դա անհրաժեշտ պայման էր, որպեսզի խորհրդարանն ինքնալուծարվի։ Սահմանադրության համաձայն՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման համար վարչապետի հրաժարականից հետո Ազգային ժողովը պետք է երկու անգամ նոր վարչապետ չընտրի։
Խորհրդարանի արձակվելուց քառասուն օր անց արտահերթ ընտրություններ են անցկացվում։ Մինչև նոր խորհրդարան ընտրելը հինը շարունակելու է աշխատել սովորական ռեժիմով։
Վարչապետի ընտրության, ավելի ճիշտ՝ ընտրության տապալման գործընթացը ֆորմալ էր․ այն մասին, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններ են կայանալու հունիսի 20-ին, ավելի վաղ արդեն հայտարարվել էր։ Իշխող դաշինքն ու երկու ընդդիմադիր կուսակցությունները պայմանավորվել են արտահերթ ընտրությունների անցկացման մասին՝ երկրում քաղաքական ճգնաժամը հաղթահարելու համար։
Քաղաքական ճգնաժամը Հայաստանում առաջացել է 2020 թ-ի աշնանը տեղի ունեցած Արցախյան պատերազմի հետո։ Հայկական կողմի պարտությունից անմիջապես հետո ընդդիմությունը սկսել է պահանջել վարչապետի հրաժարականը։ Սակայն Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ընտրվել է երկրի բոլոր բնակիչների կամքով և չի հեռանա միայն ընդդիմության կողմնակիցների պահանջով։ Ելքը մեկն էր՝ արտահերթ ընտրություններ անցկացնելը։
Առաջին անգամ խորհրդարանը մայիսի 3-ին վարչապետ չէր ընտրել՝ միակ թեկնածու Նիկոլ Փաշինյանին։
Սակայն թեկնածության քննարկումը երկու դեպքում էլ երկար էր, և այն ամփոփման և գնահատականի առիթ դարձավ, թե ինչ է իշխող դաշինքին հաջողվել և չի հաջողվել անել 2018 թ-ի գարնանը տեղի ունեցած «թավշյա» հեղափոխության արդյունքում իշխանության գալուց հետո։
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ծավալուն ելույթ ունեցավ և պատասխանեց պատգամավորների հարցերին։ Նա խոսեց ընտրությունների անցկացման, իր թիմի հաջողությունների և ձախողումների մասին, կրկին պատասխանեց Թուրքիայի հետ հարաբերությունների մասին հարցին։ Եվ որպես իր կառավարության «ամենամեծ խնդիր»՝ նա նշեց Արցախյան երկրորդ պատերազմը։
- Հայտ՝ ընտրությունների նախաշեմին․ Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը կգլխավորի «Հայաստան» դաշինքը
- Հեռանալ՝ վերադառնալու համա՞ր։ Ի՞նչ է նշանակում Հայաստանի վարչապետի հրաժարականը․ կարծիքներ
- Հայաստանում իշխող կուսակցությունն առաջարկում է ավելի խիստ պատժել ընտրական շրջանում խախտումների համար
Արցախյան պատերազմի մասին
Պատասխանելով այն հարցին, թե ինչ ինքը կփոխեր, եթե կարողանար վերադառնալ 2018 թվական, վարչապետը հայտարարել է, որ Արցախյան երկրորդ պատերազմն իր իշխանության «ամենամեծ խնդիրն» է եղել։ Սակայն «անդառնալիության կետն», ըստ Փաշինյանի, եղել է իր իշխանության գալուց առաջ։ Նա առաջին անգամ չէ, որ խոսում է այն մասին, որ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացը տապալվել էր իր նախորդների կողմից։
Բացի այդ, Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Արցախյան երկրորդ պատերազմի և բանակցային գործընթացի հանգամանքները պետք է հետաքննի հատուկ խորհրդարանական հանձնաժողովը․
«Ես պատրաստ եմ հարցաքննության։ Իմ կաբինետն ու նստավայրը նույնպես պատրաստ են խուզարկության։ Թեև հայտնի իրադարձությունների ժամանակ դրանք մինի-խուզարկության ենթարկվել են, և եթե այնտեղ որևէ կասկածելի բան լիներ, կգտնեին»։
Փաշինյանն առաջարկել է 44-օրյա պատերազմի հետաքննման հանձնաժողովի ձևավորման հարցը «նոր խորհրդարանի ամենակարևոր գործերից» մեկը դարձնել։
Ընտրությունների անցկացման մասին
Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ Հայաստանի իշխանությունը չի կարող կեղծել ընտրությունների արդյունքը, անգամ եթե ցանկանա։ Նրա խոսքով՝ երկրում ինստիտուցիոնալ փոփոխություններ են տեղի ունեցել, և այժմ արդեն իրոք ժողովուրդն է որոշում, թե ընտրությունների արդյունքում ով իշխանության կգա։ Բացի այդ, ընտրություններում դիտորդություն է իրականացվելու առավել ուշադիր կերպով․
«Երկրի 97% ընտրատեղամասերում ԿԸՀ տեսախցիկներ են տեղադրվելու, որոնք ուղիղ հեռարձակում են իրականացնելու։
ԿԸՀ տեսախցիկներից բացի, այժմ բոլորը հեռախոսների վրա տեսախցիկներ ունեն։ Դրանց միջոցով կարելի է ոչ միայն տեսագրել, այլև ուղիղ եթեր վարել։ Թե՛ իշխանական, թե՛ ընդդիմադիր թեկնածուների վստահված անձինք կարող են տեղամասերից ուղիղ եթեր մտնել։ Չափազանցություն չի լինի ասել, որ յուրաքանչյուր քվեաթերթիկ հեռուստախցիկների օբյեկտիվում է լինելու»։
Բյուջե ավելի շատ գումար է մտնում
Իր կառավարության հաջողությունների մասին խոսելիս Փաշինյանն ընդգծել է, որ այն նվազեցրել է եկամտահարկը, սակայն պետբուջեի մուտքերի ծավալն աճել է։
Նա պարզաբանել է, որ Հայաստանում իշխանափոխությունից հետո պաշտոնապես գրանցված աշխատատեղերի քանակն աճել է 85 հազարով, աշխատակիցներն աշխատանքային իրավունքներ են ստացել, իսկ պետությունը՝ լրացուցիչ հարկեր բյուջեում։
Փաշինյանի խոսքով՝ լրացուցիչ գումարների մուտք է եղել նաև այն պատճառով, որ հաջողվել է արմատախիլ անել հին ավանդույթը, երբ ընկերություններն աշխատակցին մի աշխատավարձ էին վճարում, իսկ փաստաթղթերում նվազեցված գումար էին նշում՝ հարկերից խուսափելու համար․
«2021 թ-ի մարտին, 2018-ի համեմատ, երկրում աշխատավարձի ընդհանուր օրինական ֆոնդն աճել է 36%-ով, կամ ամսական 34 մլրդ դրամով, իսկ միջին աշխատավարձն աճել է մոտ 20%-ով»։
Անկարայի վերաբերյալ դիրքորոշման մասին
Թուրքիայի հետ Հայաստանի հարաբերությունների թեման և մտավախությունները, որ Փաշինյանի կառավարությունը, հնարավոր է, հասարակությունից ինչ-որ պայմանավորվածություններ է թաքցնում այդ երկրի ղեկավարության հետ, շարունակում է քննարկվել հասարակությունում։ Եվ Փաշինյանն այսօր կրկին պատասխանել է հարցին․ «Ով է թուրքը՝ ընկեր, թշնամի՞, թե՞ հարևան»։
«Այդ ի՞նչ թեմա է՝ թուրքը մեզ թշնամի է, թե ոչ։ Դա հայտարարությունների եղանակով չի որոշվում։ Դա պատմական իրողություն է։ Թշնամանքը պետք է կառավարելի լինի, և մենք այդ ճանապարհով ենք գնալու։ Չի կարելի թույլ տալ չկառավարվող թշնամանք», — հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։
Նրա խոսքով՝ «Թուրքիան մեր թշնամին է, բայց նաև՝ մեր հարևանը», «թշնամիները հենց հարևանների մեջ են լինում», սակայն Անկարայի հետ հարաբերություններում թշնամանքի աստիճանը պետք է կառավարելի լինի։