Ինչպե՞ս պահել աշխատանքային միգրանտներին Հայաստանում․ ԵՄ նոր առաջարկը
Բիզնես հիմնելու ծրագիր՝ աշխատանքային միգրանտներին
Աշխատանքային միգրանտների թիվը, որոնք ամեն տարի մեկնում էին Հայաստանից սեզոնային աշխատանքների՝ հիմանականում Ռուսաստան, վերջին տարիներին նվազում է։ 2018-ին շատերին ոգևորեց «թավշյա հեղափոխությունը», մարդիկ հավատացին, որ շատ բան կփոխվի Հայաստանում, հնարավոր կլինի աշխատել հայրենիքում ու չմեկնել օտար երկրներ։ Ապա կորոնավիրուսի համավարակը արգելք դարձավ։ Դրան էլ հաջորդեց ռուս-ուկրաինական պատերազմը։ Միաժամանակ ակտիվացան միջազգային կազմակերպությունները, որոնք միգրանտներին աջակցության տարբեր ծրագրեր են առաջարկում։
Դրանցից մեկը «ԵՄ-ն հանուն միգրանտների ներուժի օգտագործման» ծրագիրն է։ Այն օգնում է մարդկանց սեփական բիզնես հիմնել՝ այլ երկրներում աշխատանք որոնելու փոխարեն։
Ծրագրի մանրամասները պատմում են մարդիկ, որոնք դիմել են ծրագրին, հետաքրքիր առաջարկ են ներկայացրել ու արդեն իրենց գործն են սկսել Հայաստանում։
- Հայաստան․ գնաճն ու «ռելոկացիան»
- «Ահազանգի կոչնակը հնչեցնելու պահն է»․ Արցախում շարժում է մեկնարկել
- Ուժի մեջ է մտել երկկողմանի առանց վիզայի ռեժիմ Հայաստանի և Վրաստանի քաղաքացիների համար
Խաչատուր։ Փայտի արտադրամաս Սարալանջ գյուղում
20 տարի շարունակ Ռուսաստան արտագնա աշխատանքի մեկնած 59-ամյա Խաչատուր Սուվարյանը այս տարի հրաժարվել է դրսում գումար աշխատելու մտքից, փոխարենն իր գյուղում սեփական գործ է սկսում։
«Մեր գյուղը՝ Սարալանջը, ավանդական խոպանչիների գյուղ է, բայց բոլորն էլ աստիճանաբար հրաժարվում են այդ ճանապարհը բռնելուց։ Ռուս-ուկրաինական պատերազմը, հարկային խստացումներն ու տարադրամի ցածր փոխարժեքը մարդկանց ստիպում են մնալ և տեղում փորձել աշխատանք գտնել»,- ասում է նա։
Ամեն տարի Սարալանջ գյուղից յոթ շինարարական բրիգադ, յուրաքանչյուրում տասը տղամարդ մեկնում էին դրսում աշխատելու։ Իսկ հիմա այդ 70 հոգուց 60-ն աշխատում են Երևանում իրականացվող տարբեր շինարարական նախագծերում։ Իսկ ինքը` Խաչատուրը, որոշել է փայտի արտադրամաս հիմնել։
«Աշխատող ու ստեղծող մարդու համար իր հայրենիքն ամենահուսալի վայրն է։ Եթե մարդիկ համոզվեն, որ կարող են եկամուտ ստանալ, կմնան ու կաշխատեն տեղում։ Փայտի հետ աշխատել եմ նաև դրսում։ Կառուցել եմ տանիքներ, աստիճաններ, փայտից զանազան իրեր, մասնակցել եմ երկու եկեղեցիների շինարարության: Հիմա որոշեցի սեփական փայտի արտադրամաս բացել։ Ներդրում եմ կատարել չորս հազար եվրոյի սահմաններում և նույնքան էլ դրամաշնորհ եմ ստացել ICMPD-ից [Միգրացիոն քաղաքականության մշակման միջազգային կենտրոնից], ավելի կոնկրետ փայտե խառատային հաստոց այդ արժեքի սահմանում»,- պատմում է նա։
ԵՄ առաջարկում է օգտագործել միգրանտների ներուժը
Միգրացիոն քաղաքականության մշակման միջազգային կենտրոնը (ICMPD) իրականացնում է նոր ծրագիր`«ԵՄ-ն հանուն միգրանտների ներուժի օգտագործման՝ ի նպաստ Հայաստանի զարգացման» (EU4IMPACT Armenia): Ծրագրի նպատակն է աջակցել միգրանտներին և իրենց ընտանիքիների անդամներին նոր բիզնեսների ստեղծման կամ արդեն գոյություն ունեցող ձեռնարկությունների զարգացման գործում։
«2021 և 2022 թվականներին ծրագրին մասնակցելու հայտ են ներկայացրել 300 հոգի։ Ավելի քան 250-ը մասնակցել է «IRIS բիզնես ինկուբատոր» հիմնադրամի կողմից կազմակերպված բիզնեսի կառավարման առցանց դասընթացին։ Ավելի քան 200 դիմորդ կազմել է բիզնես ծրագիր և ներկայացրել մրցույթային հանձնաժողովի քննությանը: Երկու փուլերի արդյունքում ֆինանսավորման համար ընտրվել են լավագույն 80 բիզնես ծրագրերը: Դրամաշնորհ ստացած շահառուները ներկայացնում են Հայաստանի բոլոր մարզերը»,- ասում է ICMPD հաղորդակցման գծով պատասխանատու Իննա Գալոյանը։
Բացատրում է, որ այս ծրագիրը, առաջին հերթին, դիտարկվում է որպես ներգաղթի խթանում։ Այսինքն սա հնարավորություն է, որ մարդիկ՝ վերադառնալով հայրենիք, աշխատանք ունենան և այլևս չմտածեն այն լքելու մասին։
«Մյուս կողմից էլ, մենք աջակցում ենք որ դրսից եկող գումարները ուղղվեն բիզնեսի զարգացմանը, ընտանիքների ու երկրի բարգավաճմանը։ Մարդիկ կան, որ աշխատում են դրսում և գումարներ են ուղարկում Հայաստան։ Մեր ծրագրի շնորհիվ դրանք ուղղվում են բիզնես հիմնելու վրա։ Մենք տրամադրում ենք մինչև 10 հազար եվրոյին համարժեք`չորս միլիոն դրամ, միգրանտի ներկայացրած ծրագրի իրականացման համար, և նույնչափ էլ ներդրում պետք է շահառուն իր կողմից անի։ Մենք կանխիկ գումար չենք տալիս, մենք գնում ենք շահառուին անհրաժեշտ պարագանները կամ ծառայությունները»,- ասում է Իննա Գալոյանը։
Սարգիս։ Արագսննդիկետ Գյումրիում
Գյումրեցի 35-ամյա Սարգիս Ասիսյանը 2016 թվականից էր բռնել արտագնա աշխատանքի ճանապարհը։ Հարազատ քաղաք է վերադարձել անցյալ տարվա մայիսին։ Լսել է, որ հայրենիք վերադարձող միգրանտներին տրվում է աջակցություն`սեփական բիզնես հիմնելու համար։
«Ռուսաստանում զբաղվում էի նույն բիզնեսով, ինչ հիմա իրականացնում եմ այս ծրագրով՝ քաղցրավենիքի արտադրություն, վրացական հաց։ Ծրագրին դիմեցի, երբ դեռ այնտեղ էի։ Հայաստան վերադարձա մայիսին, իսկ ծրագրով շահած դրամաշնորհի օգնությամբ արդեն դեկտեմբերից կնոջս հետ միասին աշխատացնում ենք մեր սեփական արտադրամասը։
Ես ներդրում եմ կատարել մոտ 10 միլիոնի չափով։ Կենտրոնն իր կողմից գնել է հզոր վառարաններ, սառնարաններ, սեղան-աթոռներ, մսաղաց և այլ տեխնիկական պարագաներ, որոնք անհրաժեշտ են սնունդ արտադրելու համար։ Մեր փորձը և դրամաշնորհը հնարավորություն ստեղծեցին, որ Գյումրիի կենտրոնում կարողանանք հիմնել արագ սննդի օբյեկտ և չմտածենք երկրից մեկնելու մասին»,- պատմում է Սարգիսը։
Ռուսաստանիմիգրացիոնդաշնայինծառայությանտվյալներով, անցածտարիմոտ 15 տոկոսովնվազելէայդերկիրմեկնողհայաստանցիաշխատանքայինմիգրանտներիթիվը։Եթե 2021-ինՀայաստանիմոտ 390 հազարքաղաքացիէաշխատանքինպատակովմուտքգործելՌուսաստան, ապաանցածտարի՝ 332 հազար։
Ռուզաննա։ Կարի արտադրամաս Վանաձորում
Մասնագիտությամբ մանկավարժ Ռուզաննա Սահակյանն էլ 24 տարվա բացակայությունից հետո է ընտանիքով վերադարձել հայրենի Վանաձոր, ու հիմնել կարի արտադրամաս։
«Ապրելով Եվրոպայում, Ամերիկայում, Ռուսաստանում, ուսումնասիրում էի այլ երկրների շուկաները։ Դրսում շատ լավ էին մեր գործերը, բայց այն ամենը ինչ անում էինք օտար հողի ու երկրի համար, մտածեցի՝ նույնը պետք է անել հայրենիքում: 2020-ին ընտանիքով եկանք մի որոշման, կարի արտադրամաս բացել խորհրդային տարիներից մնացած կարի ֆաբրիկաներից մեկում»,- պատմում է Ռուզաննան։
Նրա ընտանիքի հիմնադրած ընկերությունը արտադրում է կանացի և տղամարդկանց բաճկոններ։ 2022 թվականի հոկտեմբերից գործող Սահակյանների ընտանեկան բիզնեսը քաղաքում ապահովել է 22 աշխատատեղ։ Արդեն իսկ արտադրել են 1000 կանացի և տղամարդու բաճկոններ, արտահանել դրանք Գերմանիա: EU4IMPACT Armenia ծրագիրի միջոցով ապահովել են տարածքի վարձակալության գումարը, աշխատավարձերը։
«Մեզ մոտ տեղադրված են Ճապոնական կարի մեքենաներ: Նպատակ ունենք խորհրդային տարիների 1200 հոգանոց արտադրամասը վերականգնել։ Մեր արտադրանքը դասվում է միջին և ավելի բարձր դասի, քանի որ կտորները բերում ենք Չինաստանից, թելերը՝ Գերմանիայից, աղվամազերը՝ Լեհաստանից»,- ասում է Ռուզաննան։
Միաժամանակ դժգոհում է պետության աջակցության բացակայությունից։ Ավելին, համարում է՝ կառացարությունը չմտածված որոշումներ է ընդունում․
«Պետության սխալ դրամավարկային քաղաքականությունը հանգեցրել է դրամի փոխարժեքի անհիմն աճի, որը մեր արտադրանքը թանկացրել է դրսի շուկայում։ Իսկ մենք նախատեսում ենք 22 երկրներ արտահանել։
Մինչև բիզնես պլան գրելը՝ արտահանման համար նախատեսված էր զրո տոկոս, իսկ հիմա 10 տոկոս է դրված։ Բայց մենք դա ևս հաշվարկել էինք, քանի որ բիզնեսում միշտ էլ լինում են անակնկալ ծախսեր: Մինչև անցյալ տարի զրո տոկոսով մեր արտադրանքը արտահանվում էր Եվրամիություն, որից հետո իրենք վերացրեցին այդ հնարավորությունը: ԵԱՏՄ շուկան է մեծ է, հիմա մտածում ենք նաև այնտեղ մտնելու մասին»։
Նորայր։ Քարի արտադրամաս Գյումրիում
Մասնագիտությամբ քանդակագործ, գյումրեցի Նորայր Պողոսյանը 12 հազար եվրո է ներդրել սեփական բիզնեսի հիմնադրման համար, ստեղծելով էքսպերիմենտալ քարի արտադրություն՝ քար, փայտ, մետաղ համակցությամբ։ Վեց տարի շարունակ ապրելով Գերմանիայում՝ որոշում է կայացրել վերադառնալ, աշխատել ու ապրել հայրենիքում։ ICMPD-ի աջակցությամբ ապահովվել է արտադրամասի ջերմամեկուսացումը, հակահրդեհային համակարգը, արտադրամասի տարածքի վարձակալությունը։
«Ծրագրի միջոցով ձեռք բերեցինք փայտի հումք, հաստոցներ և ունիկալ քարեր՝ նռնաքար, ամետիստ, ագաթներ, մարգարիտի փոշի, պոլիմեր, քարացած ծառեր և այլն։ Մենք հիմա ունենք ծրագիր, որով քարը միացնում ենք փայտին և ստանում յուրահատուկ ինտերիեր։ Արտադրել ենք սեղաններ միներալներով, թափանցիկ բյուրեղներով։ Օգտագործում ենք նաև մեր հայկական օբսիդիանը (վանակատ) և լյումինաֆոր, որի շնորհիվ սեղանները ցերեկները էներգիա են հավաքում, իսկ գիշերները թույլ լուսավորություն են տալիս»,- ասում է նա։
Քաղաքի ծայրամասում գտնվող արհեստանոցում աշխատում են երեք վարպետներով։ Այս պահին ունեն աշխատատեղեր, բայց չեն կարողանում գտնել քանդակագործների, որոնք կմիանային իրենց թիմին։
«Մեր հաճախորդները հիմնականում դրսից են, մենք աշխատում ենք դրսի շուկայի համար`բեռնափոխադրումով։ Եթե այս դրամաշնորհը չլիներ, կկարողանայինք ստեղծել արտադրամասը, բայց դրա շնորհիվ ավելի մեծ ծավալով ենք սկսել աշխատել»,- ասում է Նորայրը։
Բիզնես հիմնելու ծրագիր՝ աշխատանքային միգրանտներին