Բելառուս․ զանգվածային կալանքներ, բախումներ ոստիկանության հետ, «արտասահմանյան վարձկաններ»
Աղբյուրը՝ Tut.by գործակալություն և «Էխո Մոսկվի» ռադիոկայան
Բելառուսական իշխանությունները հաղորդել են մասնավոր ռուսական ռազմական ընկերության 32 մարտիկների ձերբակալման մասին։
Պետական լրատվամիջոցների հաղորդագրությունները պնդում են, որ ընդհանուր առմամբ Բելառուսի տարածքում 200 վարձկան կա։ Նրանց նպատակն օգոստոսի իննին կայանալիք նախագահական ընտրությունների նախաշեմին իրավիճակի ապակայունացումն է։
Այս ընտրությունները վերածվել են գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի և միացյալ ընդդիմության թեկնածու Սվետլանա Տիխանովսկայայի դիմակայության։
• Ռուսաստան․ մեկուսացման շքերթ
• Ազատության հերթ․ անսովոր զանգվածային ցույց Բելառուսում
Լուկաշենկոն պաշտոնավարում է արդեն 26 տարի։ Ըստ անկախ փորձագետների գնահատականի՝ նրա վարկանիշը չի գերազանցում յոթ տոկոսը։
Տիխանովսկայան որպես ընդդիմության թեկնածու
Տիխանովսկայան նախագահի թեկնածու է դարձել այն բանից հետո, երբ կալանավորվել է նրա ամուսինը՝ գործարար և պոպուլյար բլոգեր Սերգեյ Տիխանովսկին, որը պատրաստվում էր իր թեկնածությունն առաջադրել։
Սվետլանա Տիխանովսկայայի ծրագիրը պարզ է․ վեց ամսում Բելառուսում նոր, ազատ ընտրություններ անցկացնել։
Տիխանովսկայայի նախընտրական շտաբը միավորվել է երկու մյուս թեկնածուների՝ Վիկտոր Բաբարիկոյի և Վալերի Ցեպկալոյի շտաբերի հետ, որոնց իշխանությունները չեն գրանցել։ Առաջինը որդու հետ կալանքի տակ է, երկրորդը ստիպված է եղել լքել երկիրը։
Ցույցեր և ձերբակալություններ
Բելառուսում իրավիճակը սկսեց թեժանալ Մինսկում հուլիսի 18–ին կայացած ցույցերից հետո ի պաշտպանություն թեկնածուների, որոնց թույլ չեն տվել մասնակցել ընտրություններին։
Դրանց մասնակիցների թիվը հնարավոր չէր պարզել, քանի որ դրանք անցկացվում էին միաժամանակ քաղաքի տարբեր շրջաններում, սակայն խոսքը նվազագույնը հարյուրավոր մարդկանց մասին է։ Ակցիաների մեկնարկից գրեթե անմիջապես հետո միլիաիցիայի հետ բախումներ և կոշտ ձերբակալություններ էին սկսվել։ Հայտնի է Մինսկում նվազագույնը 239 ձերբակալվածի մասին։
Նրանցից ոմանք ձերբակալման պահին վնասվածքներ են ստացել․ ՕՄՕՆ–ի և միլիցիայի աշխատակիցները հարվածում էին բողոքի ցույցի մասնակիցների դեմքին, ոլորում ձեռքերը։ Բաժին էին տարվել նաև մի քանի պարբերականների՝ «Բելաստի», Tut.by–ի, BBC–ի, Ազատություն ռադիոկայանի լրագրողները։
Այդ իրադարձություններից անմիջապես հետո Սվետլանա Տիխանովսկայան նախընտրական այցեր սկսեց անցկացնել երկրում։ Նրա հանրահավաքներն արտասովոր ուշադրություն են գրավում․ 30-40 հազար բնակչությամբ քաղաքներում դրանք հավաքում են 7-8 հազար մասնակից։
Բելառուսի անկախ փորձագետներն ու լրագրողները համակարծիք են․ արտասահմանցի վարձկանների ձերբակալության հետ կապված պատմությունը նախագահ Լուկաշենկոյի փորձն է՝ վախեցնել ընտրողներին ռուսաստանյան միջամտության սպառնալիքով։