Բաքվում ոստիկանը սպանել է կնոջը ոստիկանական բաժանմունքում
Բաքվի ոստիկանական բաժանմունքում ոստիկանության սերժանտ Իսմայիլ Մամեդովը սպանել է իր 27-ամյա կնոջը՝ Խանըմ Մամեդովային, որը եկել էր ամուսնու դեմ բողոքելու։ Այս սպանությունը բողոքի ալիք է առաջացրել ադրբեջանական հասարակությունում։ Բայց կան նաև մարդիկ, որոնք սատարում են մարդասպանին։
- Ֆեմիցիդը Վրաստանում․ գրանցված մահերի ժամանակացույց
- Բաքվում ընտանեկան բռնության դեմ բողոքի ցույցի մասնակիցները ծեծվել են ոստիկանությունում
- Ադրբեջանցի կինոռեժիսորը կոչ է արել բռնաբարել բաց հագնված կանանց
Ի՞նչ է տեղի ունեցել
Սեպտեմբերի 30-ի առավոտյան Բաքվի Նիզամիի թաղամասի №24 ոստիկանական բաժանմունքում սպանություն է տեղի ունեցել։
27-ամյա Խանըմ Մամեդովան ոստիկանական բաժանմունք էր եկել՝ իր ամուսնու դեմ դիմում գրելու, հաղորդում է Ադրբեջանի ներքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը։ Կինը բողոքել էր, որ ամուսինն իրեն հաճախ ծեծում է։ Այս մասին ոստիկանության աշխատակիցները հաղորդել են նրա ամուսին և իրենց գործընկեր, սերժանտ Իսմայիլ Մամեդովին։
Բաժանմունք ժամանելով՝ Իսմայիլ Մամեդովը կնոջ վրա կրակել է իր տաբելային զենքով և սպանել։ Նշվում է, որ Մամեդովը կնոջ վրա կրակել է ութ անգամ։
Դրանից անմիջապես հետո Իսմայիլ Մամեդովը հանձնվել է իրավապահ մարմիններին։ Փաստի առթիվ հետաքննություն է ընթանում։
Ի՞նչ են ասում ազգականները
Սպանվածի մորաքրոջ՝ Նասիբա Մամեդովայի խոսքով՝ իր զարմուհու ամուսինը միշտ խանդոտ է եղել․
«Ինքս Բաքվում եմ ապրում, բայց այն բանից հետո, երբ նա ամուսնացել է, ոչ մի անգամ մեր տուն չի եկել։ Ես անգամ նրա հեռախոսահամարը չգիտեի։ Իսմայիլը նրան թույլ չէր տալիս տնից դուրս գալ»։
Հայտնի է դարձել, որ սպանված Խանըմ Մամեդովան ավարտել է Բաքվի պետհամալսարանի մաթեմատիկայի ֆակուլտետը։
«Նրանք ծանոթացել են, երբ Խանըմը երկրորդ կուրսում էր սովորում։ Նրանք երկու երեխա ունեն։ Ավագն արդեն դպրոց է գնում, կրտսերը՝ մանկապարտեզ»։
Մեդիայի հաղորդագրությունների համաձայն՝ Խանըմ Մամեդովան ամուսնացել է 19 տարեկանում։
Հասարակության արձագանքը
«Ադրբեջանում «արժեքների» այլանդակ համակարգ գոյություն ունի։ Եվ որպես հասարակության մի մասը՝ ոստիկանությունը նույնպես հավատարիմ է այդ համակարգին։ Հարց է առաջանում, թե ինչու է ոստիկանը սպանել կնոջը, որը եկել էր նրա դեմ բողոքելու։ Որովհետև նա չի դիմացել այդ խայտառակությանը։ Որովհետև վստահ է, որ իր գործընկերները նույնպես այդ արժեքային համակարգի կրողն են։ Նրանք օրենքի պահապանի մտածողություն չունեն, նրանք «գողականի» մտածողություն ունեն։
Ավտոկրատական կառավարությունը գիտի այդ արժեքային համակարգի մասին և ժամանակ առ ժամանակ այն օգտագործում է իր հակառակորդներին վարկաբեկելու համար։ Կամ ինտիմ տեսանյութերով, կամ այլ միջոցներով։ Նրանք շատ լավ գիտեն, որ մարդիկ ոչ ոքի չեն դատապարտելու կոռուպցիայի, այլ հակաօրինական գործողությունների համար, իսկ սրա համար դատապարտելու են», — գրում է պատմաբան Ալթայ Գեյուշովը։
«Առաջին նորությունը, որ կարդացի այսօր առավոտյան, ոստիկանական բաժանմունքում կնոջ սպանությունն էր։ Վախենում եմ պատկերացնել, թե ամուսինն ինչ է նրա հետ արել տանը, եթե իրեն նման վարք է թույլ տվել ոստիկանական բաժանմունքում։ Թե ինչ է նա վերապրել ոստիկանություն գալուց առաջ։
Հնարավոր է, որ այժմ մյուս ոստիկանները, մյուս բռնարարներն այդ դեպքը տանն օրինակ են բերում իրենց կանանց։ Ասում են, որ չկա այդպիսի վայր, ուր նրանք կարող են գնալ, իսկ եթե հնակարծ «նյարդերը տեղի տան», կարող են սպանել կանանց ոստիկանական բաժանմունքում։
Այսօրվա դեպքն Ադրբեջանի իրավապահ համակարգի, տուժած կանանց նկատմամբ վերաբերմունքի, երկրում կանանց դեմ բռնության հարցի դեմքն է։
Սա է Ադրբեջանը։ Կանանց սպանությունները քաղաքական են», — գրում է ֆեմինիստ Գյուլնարա Մեհթիևան։
Սակայն կան նաև մարդիկ, որոնք սոցցանցերում սատարում են մարդասպանին։
«Լավ է արել։ Եթե մի երկու այսպիսի դեպք էլ լինի, գուցե երկրում ապահարզանների քանակը նվազի։ Կինը պետք է լսի ամուսնուն, ոչ թե առանց նրա թույլտվության փողոց դուրս գա, նրա պարտականությունը երեխաներին դաստիարակելն է», — գրել է սոցցանցերի ադրբեջանական տիրույթի օգտատերերից մեկը։
Ի հավելումն
Նույն օրը՝ սեպտեմբերի 30-ին, Բաքվի ծանր հանցագործությունների դատարանում ավարտվել է Սաբունչիի շրջանային դատարանի նախկին դատավոր Ֆագան Ահմեդովի դեմ քրեական գործով դատավարությունը, որը սպանել էր կնոջն իր զենքով։
Դատարանի վճռով՝ Ահմեդովը դատապարտվել է 10 տարվա ազատազրկման խիստ ռեժիմի գաղութում։