«Բաքուն տորպեդահարում է խաղաղության օրակարգը»․ Փաշինյանը՝ էսկալացիայի պատճառների մասին
Փաշինյանը՝ էսկալացիայի պատճառների մասին
Հայ-ադրբեջանական սահմանին ռազմական գործողությունների հետևանքով հայկական կողմն ունի հաստատված 49 զոհ, տվյալները վերջնական չեն։ Խորհրդարանի ամբիոնից տեղեկությունը հայտնել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա ասել է, որ Ազգային ժողով է եկել ոչ թե փաստեր ներկայացնելու, այլ «ոչ էմոցիոնալ, սառը խոսակցություն» վարելու։ Նրա փոխանցմամբ՝ Հայաստանի և Ադրբեջանի դիրքորոշումները տարբեր են ոչ միայն խաղաղության պայմանագրի դրույթների, այլև կոմունիկացիաների բացման, միմյանց տարածքային ամբողջականության ճանաչման և իրարից տարածքային պահանջներ չունենալու հարցերի վերաբերյալ։ Ըստ Հայաստանի ղեկավարի՝ հենց այդ տարբերություններն են Ադրբեջանին դրդել սահմանային սադրանքի դիմել։
Վարչապետը չի բացառել, որ լարվածության սրմամբ Բաքուն փորձում է խոչընդոտել նաև Հայաստանի տնտեսական զարգացմանն ու Զինված ուժերում բարեփոխումների իրականացմանը։
JAMnews-ն առանձնացրել է Փաշինյանի ելույթի կարևոր դրվագները։
Փաշինյանի խոսքով՝ ադրբեջանական կողմը հարձակողական գործողություններ է սկսել չորս ուղղություններով, այնուհետև ավելացել է ևս երկու-երեք ուղղություն։ Թե որ ուղղությունների մասին է խոսքը՝ չի հստակեցրել։
«Ինտենսիվությունը նվազել է, բայց մեկ-երկու ուղղություններով հարձակումները շարունակվում են»,- հայտարարել է նա։
Իրավիճակը հնարավորինս արագ կայունացնելու համար կառավարությունն, ըստ վարչապետի, աշխատում է մի քանի ուղղություններով։ Փաշինյանը տեղեկացրել է, որ գիշերը հեռախոսազրույցներ է ունեցել Ռուսաստանի, Ֆրանսիայի և Իրանի ղեկավարների, ինչպես նաև ԱՄՆ Պետքարտուղարի և Եվրոպական խորհրդի նախագահի հետ։ Նրա փոխանցմամբ՝ մինչև լուսաբաց շարունակվել է Անվտանգության խորհրդի նիստը, որի արդյունքում էլ որոշել են և դիմել Ռուսաստանին, ՀԱՊԿ-ին և ՄԱԿ Անվտանգության խորհրդին։
Կառավարության ղեկավարն ասել է, որ խորհրդարան է եկել տեղի ունեցողի համատեքստը պարզաբանելու համար․
«Ուզում եմ ասել, որ լարումն ունի համատեքստ, որը բաղկացած է որոշակի բովանդակությունից»։
Խաղաղության պայմանագիրն ու Լեռնային Ղարաբաղի հարցը
Հայաստանի ղեկավարը հիշեցրել է, որ այս տարվա մարտին Ադրբեջանը ներկայացրել էր խաղաղության պայմանագրի 5-կետանոց առաջարկ։ Հայկական կողմը նշել էր, որ դրանցում անընդունելի ոչինչ չկա, բայց ներկայացրել էր լրացված տարբերակ՝ ներառելով նաև «ԼՂ-ի ժողովրդի անվտանգության, իրավունքների և դրանից բխող կարգավիճակի հարցերը»։
«Սկզբում թվում էր՝ կա թեմայի շուրջ ըմբռնում։ Բայց հընթացս, մասնավորապես՝ վերջին բրյուսելյան հանդիպման ընթացքում պարզվեց, որ Ադրբեջանը հրաժարվում է խաղաղության պայմանագրի բանակցությունները վարել նաև մեր ներկայացրած սկզբունքների հիման վրա»,- հայտարարել է նա։
Հայաստանի վարչապետի խոսքով՝ Ադրբեջանը ԼՂ-ի հարցը լուծված է համարում կամ առնվազն կարծում է՝ դա իր ներքին խնդիրն է, որը չպետք է քննարկի հայկական կողմի հետ։
Հայաստանից տարածքային պահանջների մասին
Փաշինյանի խոսքով՝ պարզ չէ՝ արդյո՞ք Ադրբեջանը Հայաստանի տարածքային ամբողջականություն ասելիս նկատի ունենում է նաև Ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ և 2021 թ․-ի մայիսին օկուպացված տարածքները, թե՞ ոչ։ Միանշանակ պատասխան ստանալ հայկական կողմին չի հաջողվել։ Մյուս կողմից՝ Ադրբեջանն, իհարկե, ակնկալում է, որ Հայաստանը ԼՂ-ը ճանաչի Ադրբեջանի մաս։
Նիկոլ Փաշինյանն ընդգծել է՝ Ադրբեջանը հայտարարում է, թե Հայաստանի նկատմամբ տարածքային պահանջներ չունի, այնինչ սահմանազատման և սահմանագծման համատեքստում պատրաստվում է «խնդիրներ բարձրաձայնել ապօրինի ձևով ՀՀ-ին հանձնված որոշ տարածքների» մասին։
Կոնկրետ տարածքներ վարչապետը չի մատնանշել։ Ըստ նրա՝ երբեմն սկսում են Նռնաձորից, շարունակում Սյունիքի մարզով և ավարտում Հայաստանի մայրաքաղաք Երևանով․
«Եթե դրանք լինեին պարզապես հարցազրույցներ և հայտարարություններ, կարելի էր նույնիսկ չանդրադառնալ, բայց բոլոր փաստերը, այդ թվում՝ դիվանագիտական և բանակցային, վկայում են, որ սա հետևողական քաղաքականություն է Ադրբեջանի կողմից»։
«Զանգեզուրի միջանցքի» պահանջը
Հայաստանի ղեկավարը վերահաստատել է՝ Հայաստանը պատրաստ է բացել տրանսպորտային ուղիները, բայց «միջանցքային տրամաբանություն» լինել չի կարող։ Փաշինյանը հիշեցրել է 2020 թ․-ի նոյեմբերի եռակողմ հայտարարության դրույթն ու հավելել, որ Բաքուն «այլակերպում» է այն։
Հայաստանի տնտեսական զարգացումն ու բարեփոխումները Զինված ուժերում
Փաշինյանի գնահատմամբ՝ չնայած 44-օրյա պատերազմի ընթացքում կրած ծանր կորուստներին Հայաստանը չի կոտրվել, գրանցել է նաև տնտեսական առաջընթաց։ Ասում է՝ դա ոչ միայն վիճակագրություն է, այլև զարգացման հնարավորություն։ Բաքուն, ըստ նրա, կարող էր ունենալ նաև Հայաստանի «տնտեսական դինամիկան կոտրելու» նպատակ։
Մյուս կողմից՝ Հայաստանի ղեկավարը կարծում է՝ սահմանային սադրանքը կապված է նաև Հայաստանի Զինված ուժերի բարեփոխման գործընթացի հետ։
Հայաստանը բազմիցս հայտարարել է, որ բարեփոխումներ է ձեռնարկում ոչ թե տարածքներ նվաճելու, այլ երկրի ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը պահպանելու համար։ Պաշտոնական Բաքուն, ըստ նրա, պատերազմից հետո պարբերաբար նշում է, որ եթե Հայաստանի ԶՈՒ-ն վտանգ ներկայացնի Ադրբեջանի համար, կիրականացնի նախահարձակ գործողություններ։
«Այն փուլերում, երբ մենք կենտրոնանում ենք Զինված ուժերի և բանակի բարեփոխումների վրա, նման սադրանքներ են իրականացվում պրոցեսը խոչընդոտելու համար»,- շեշտել է կառավարության ղեկավարը։
Ի՞նչ պետք է անի Հայաստանը հանուն խաղաղության
«Այս գործողություններով Ադրբեջանը փաստացի տորպեդահարում է խաղաղության օրակարգը, որովհետև խաղաղությունն այն միջավայրն է, որտեղ Հայաստանը կարող է զարգանալ ու ապահովել Հայաստանի և ԼՂ-ի անվտանգությունը»,- հայտարարել է վարչապետը։
Փաշինյանը շեշտել է՝ խաղաղությունը միայն մեկ սուբյեկտից կախված չէ․յուրաքանչյուր երկիր խաղաղություն ասելով հասկանում է պայմանների կոնկրետ խումբ։ Սա է պատճառը, որ երբ այդ պայմանները չեն ապահովվում կամ հնարավոր չի լինում մոտեցնել պատկերացումները, խաղաղության հասնել չի հաջողվում։
Փաշինյանի համոզմամբ Հայաստանը պետք է բոլոր հնարավոր միջոցներով՝
- պաշտպանի իր տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունն ու անկախությունը,
- ձգտի խաղաղության՝ փորձելով մոտեցնել պատկերացումները,
- հնարավորինս արագ և արդյունավետ բարեփոխի բանակն ու Զինված ուժերը։
Փաշինյանը՝ էսկալացիայի պատճառների մասին