«Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում»․ Արցախի ԱԳՆ
Նոյեմբերի 9-ի հայտարարության մեկամյակի կապակցությամբ հաղորդագրություններով են հանդես եկել Հայաստանի և Արցախի արտաքին գերատեսչությունները։
Մեկ տարի առաջ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների կողմից ստորագրվեց եռակողմ հայտարարություն, որով դադարեցվեց Ղարաբաղյան երկրորդ պատերազմը, հակամարտության գոտում հրադադար հաստատվեց, ԼՂ-ում տեղակայվեցին ՌԴ խաղաղապահ ուժեր։
Երկու գերատեսչություններն էլ ընդգծել են, որ 2020 թ. սեպտեմբերի 27-ին Արցախի և նրա ժողովրդի դեմ Ադրբեջանն ագրեսիա է սանձազերծել Թուրքիայի անմիջական մասնակցությամբ և օտարերկրյա զինյալ ահաբեկիչների ներգրավմամբ։
Պատերազմի օրերին Ադրբեջանը թույլ է տվել միջազգային մարդասիրական և մարդու իրավունքների լայնածավալ խախտումներ, միտումնավոր թիրախավորել քաղաքացիական ենթակառուցվածքներ և մշակութային հուշարձաններ, կիրառել արգելված զինատեսակներ։
ՀՀ ԱԳ նախարարության գնահատմամբ՝ պատերազմի հետևանքով Արցախի մի շարք շրջաններ ենթարկվել են էթնիկ զտման, իսկ բնակչությունը դարձել է ռազմական հանցագործությունների և զանգվածային ոճրագործությունների զոհ․
«Պատերազմի հետևանքով 40 հազար մարդ զրկվել է տնից և ունեցվածքից, ավերվել են ավելի քան 17 000 քաղաքացիական օբյեկտներ ու ենթակառուցվածքներ, հարյուրավոր քաղաքացիական անձինք սպանվել կամ վիրավորվել են, իսկ շատերի ճակատագիրը դեռևս մնում է անհայտ»։
Հայաստանն ու Արցախը հետևողականորեն իրագործել են եռակողմ հայտարարության դրույթները, բայց Ադրբեջանը շարունակում է պատանդառության մեջ պահել բազմաթիվ հայ գերիների, թեև հայտարարության 8-րդ դրույթը նախատեսում է ռազմագերիների, պատանդների և այլ պահվող անձանց վերադարձ։ Ի դեպ, սա նաև միջազգային մարդասիրական իրավունքի կոպիտ խախտում է։
Ադրբեջանը պարբերաբար խախտում է նաև կրակի դադարեցման ռեժիմը՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակավայրերն ու քաղաքացիական անձանց։
Պաշտոնական հաղորդագրությունում գերատեսչությունն անդրադարձել է նաև Ադրբեջանի կողմից շրջանառվող, այսպես կոչված, «միջանցքի» գաղափարին, Ադրբեջանի բարձրագույն ղեկավարության կողմից հնչող սպառնալիքներին։
«Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Արցախի տարածքներում էթնիկ զտումները, հայկական մշակութային և կրոնական ժառանգության ոչնչացումն ու պղծումը, ինչպես նաև միջազգային մարդասիրական կազմակերպությունների՝ Արցախ մուտքի խոչընդոտումը վկայում են, որ Արցախի հայության՝ իրենց հայրենի հողում անվտանգ և արժանապատիվ ապրելու իրավունքի երաշխավորումն անհնար է Ադրբեջանի իրավասության կամ վերահսկողության ներքո», — ասված է ՀՀ ԱԳՆ հրապարակած տեքստում։
Հայաստանի արտաքին գերատեսչությունը ևս մեկ անգամ ընդգծել է, որ «ուժի կիրառման հետևանքով ձևավորված իրողությունները չեն կարող հիմք հանդիսանալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման համար»։
Տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովումը հնարավոր է միայն 2020 թ․ նոյեմբերի 9-ի և 2021 թ․ հունվարի 11-ի հայտարարությունների լիակատար իրագործման, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի լիարժեք վերականգնման պարագայում․
«Հակամարտության համապարփակ և տևական լուծումը հնարավոր է միայն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի ներքո խաղաղ բանակցությունների միջոցով»։
Հայաստանը պատրաստ է գործնական ջանքեր գործադրել հանուն կայուն և խաղաղ զարգացման, բայց գործընթացի արդյունավետության համար անհրաժեշտ է համարում նաև Ադրբեջանի կողմից կառուցողական դիրքորոշման որդեգրումը։
Ստեփանակերտից էլ նշել են, որ եռակողմ հայտարարությունը կարևոր նշանակություն ունի «Արցախի Հանրապետության հետպատերզմյան վերականգնման համար պայմանների ապահովման տեսանկյունից», ինչպես նաև վերահաստատել, որ Արցախի ժողովրդի դիրքորոշումն անփոփոխ է․
«Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում»։
Հակամարտության համապարփակ կարգավորման և տարածաշրջանում կայուն ու տևական խաղաղության հաստատման անկյունաքարը, ըստ Արցախի արտաքին գերատեսչության, Արցախի ժողովրդի կողմից իրացված ինքնորոշման անքակտելի իրավունքի ճանաչումն է և այն տարածքների դեօկուպացիան, որոնց վրա արցախահայությունն ինքնորոշվել է, ստեղծել անկախ պետականություն և զարգացրել այն։
Արցախը Հայաստանի արտաքին գերատեսչության հետ համակարծիք է նաև այն հարցում, որ Ադրբեջանի կողմից ռազմական ուժի ապօրինի կիրառման արդյունքում ստեղծված իրավիճակը չի կարող հիմք հանդիսանալ հակամարտության կարգավորման համար։
«Հայտնի է, որ միջազգային իրավունքի նորմերն արգելում են ճանաչել ուժի սպառնալիքի կամ ուժի կիրառման արդյունք հանդիսացող ցանկացած տարածքային նվաճում։ Ավելին, ուժի կիրառումը չի կարող չեղարկել միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներից մեկը՝ ժողովուրդների իրավահավասարությունն ու ինքնորոշումը, որն ամրագրված է ՄԱԿ-ի Կանոնադրության մեջ և այլ հիմնարար միջազգային փաստաթղթերում», — ասված է ԱՀ արտգործնախարարության տարածած հաղորդագրությունում։