Ի՞նչ է տեղի ունեցել ղարաբաղյան հակամարտության գոտում 2020 թ-ի նոյեմբերի 1-ի ընթացքում, իրադարձությունները՝ հակիրճ
2020 թ-ի նոյեմբերի 1-ին օրվա ընթացքում կատարված իրադարձությունները ղարաբաղյան հակամարտության գոտում՝ ըստ հայկական և ադրբեջանական կողմերի հաղորդագրությունների։
Հայկական ու ադրբեջանական բանակները սեպտեմբերի 27-ից դաժան մարտեր են վարում ղարաբաղյան հակամարտության գոտում՝ զրահատեխնիկայի, հրետանու և դրոնների կիրառմամբ։ Արդեն մի քանի հազար զինվորական և խաղաղ բնակիչ է զոհվել երկու կողմից։ Այս ընթացքում երեք անգամ՝ հոկտեմբերի 10-ին, 18-ին և 26-ին հրադադարի պայմանագիր է կնքվել, սակայն ամեն անգամ այն միանգամից խախտվել է։ Կողմերը միմյանց են մեղադրում հրադադարը չպահպանելու համար։
Մարտեր և տարածքների հրետակոծում
Տեղեկություններ Բաքվից
• Հայաստանի Բերդի, Ճամբարակի և Գորիսի շրջաններից հրետակոծվել են ադրբեջանական բանակի դիրքերն Ադրբեջանի Թովուզ, Գետաբեկ և Կուբաթլու շրջաններում։ Կիրառվել են հրթիռներ և հրետանի, հաղորդում է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը։
• Մարտերը հիմնականում ընթանում են Մարտակերտի, Աղդամի, Մարտունու և Կուբաթլուի ուղղությամբ, հաղորդում է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը։
•Տեղեկատվական պատերազմ Արցախի շուրջ
• Նոյեմբերի 1-ին ժամը 10:00-ից Հայաստանի զինված ուժերն ինտենսիվ հրետակոծության են ենթարկում Տերտեր քաղաքը, Շիխարխ ավանը, Ղափանլի, Էսքիպարա, Սախլաբադ գյուղերն, ինչպես նաև Աղջաբեդի շրջանի Յուխարը Քիամեդինլի գյուղը, հաղորդում է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը։
Տեղեկություններ Երևանից
• Ադրբեջանը չի պահպանում Ժնևի պայմանավորվածություններն ու շարունակում է հրետակոծել խաղաղ բնակավայրերը։ Այդ թվում՝ հարվածներ են հասցվել Մարտունի, Շուշի քաղաքներին և Արցախի մերձակա բնակավայրերին, կիրառվել է մարտական ավիացիա, հաղորդում է Արցախի Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։ Բազմաթիվ ավերածություններ կան, բնակիչները չեն տուժել։
• Ադրբեջանական բանակը վերսկսել է հարձակումն, այդ թվում՝ փորձ է ձեռնարկել առաջխաղացում ունենալ Ավետարանոց-Սղնախ հատվածում, սակայն հետ է շպրտվել։
Հայաստանի պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանն այդ հաղորդագրությունից հետո Facebook-ում գրել է․ «Սա շատ կարևոր լուր է, բայց ամեն ինչ հիանալի չէ […] Պատերազմ է և մեր ողջ ներուժը պետք է կենտրոնացնել, պայքարը դժվար է ու պետք է դնել առավելագույնը»։
• Արցախի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը հերքել է լուրերն այն մասին, թե ադրբեջանցի զինվորականները հարվածել են Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի ավտոշարասյանը։ Այս մասին տեղեկություններ էին հայտնվել որոշ Տելեգրամ-ալիքներում։
• Ադրբեջանը Շուշիում թիրախավորում է մշակութային և կրթական օբյեկտներ, այս անգամ հարվածի տակ են ընկել Գևհար-աղա մզկիթն ու տեխնոլոգիական համալսարանը, հաղորդում է Միասնական տեղեկատվական կենտրոնը։
Հայտարարություններ և պաշտոնական այցեր
• Նոյեմբերի 1-ի առավոտյան Բաքու է ժամանել Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն։ Հանդիպում է կայացել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։
• Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր Facebook-ում հաղորդել է, որ առաջիկայում Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմում սիրիացի վարձկանների մասնակցության նոր վկայություններ են հայտնվելու․ «Սա միջազգային հանցավոր ցանց է, և սրա բացահայտումը չի կարող անհետևանք մնալ»։
• Վարչապետի գրառումից հետո հաղորդագրություններ են տարածվել, որ Արցախի Պաշտպանության բանակը գերեվարել է Յուսեֆ Էլաաբեդ Էլհաջին անունով վարձկանի։ Արցախի նախագահի մամուլի քարտուղար Վահրամ Պողոսյանը փոխանցել է, թե ինչ է ասել գերին․
«Նրան սիրիական Իդլիբ քաղաքից մի մեծ խմբավորման հետ նախ տեղափոխել են Թուրքիա, ապա՝ Բաքու: Նրա պատմելով՝ ազերիներն ու թուրքերը շատ փող են խոստացել, բայց դեռ կոպեկ չեն վճարել»։
Արցախի Պաշտպանության բանակի հրապարակած տեսահարցաքննությունում գերեվարված սիրիացին ասում է, որ Արցախում կռվելու համար իրեն ամսական 2 000 դոլար են խոստացել և ևս 100 դոլար՝ յուրաքանչյուր գլխատված հակառակորդի համար։
• Al Jazeera հեռուստաալիքին տված հարցազրույցում, պատասխանելով այն հարցին, թե արդյոք հայկական կողմը կարող է վերադարձնել տարածքները, որոնց գրավման մասին հայտարարում է Ադրբեջանը, Հայաստանի վարչապետը պատասխանել է․
«Ադրբեջանի իշխանություններն […]ամեն օր, արդեն երկար ժամանակ սպասում են, որ […]պատերազմն ավարտվելու է իրենց վերջնական հաղթանակով։ Իրենք այդ լուրը չեն ստանալու: Եվ նրանք ավելի ու ավելի են խրվելու այնքան ժամանակ, մինչև չճանաչեն Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման լեգիտիմ իրավունքը, և մինչև կառուցողական դաշտում մենք բոլորով դիվանագիտական լուծմանը հասնելու անկեղծ ջանքեր չգործադրենք»։
• «Հրետակոծության և ռազմական գործողությունների պատճառով ավելի քան 200 դպրոց և 60 նախադպրոցական հաստատություն փակ է Ղարաբաղում, կրթության իրավունքից զրկված է 24 հազար երեխա․ անվտանգության նկատառումներով նրանք Հայաստան են տեղափոխվել», — ասել է Արցախի օմբուդսմեն Արտակ Բեգլարյանը ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում։
• Ադրբեջանցի զինվորականների հրետակոծության հետևանքով ավերվել է ընդհանուր առմամբ 61 դպրոց և 10 մանկապարտեզ, հաղորդում է Արցախի տեղեկատվական կենտրոնը՝ վկայակոչելով կրթության, գիտության և մշակույթի նախարար Լուսինե Ղահրամանյանի տվյալները։
«Միջազգային հանրությունը հանցավոր անտարբերություն է դրսևորում», — ասել է Ղահրամանյանը։