«Ատելությունը չկանխվեց Արցախում, այսօր վտանգված է Եվրոպան»․ հանրային քննարկում Երևանում
Եթե Ռուսաստանի դեմ կիրառվող պատժամիջոցների 10%-ն Ադրբեջանի պարագայում կիրառվեր, ապա պատերազմը կտևեր ոչ թե 44, այլ 4 օր։ Նման տեսակետ է հայտնել իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը մարտի 2-ին կազմակերպված «Հայատյացությունն Ադրբեջանում և էթնիկ զտման վտանգը Արցախում» խորագրով հանրային քննարկման ժամանակ։
Այն կազմակերպել էին «Գործընկերություն հանուն բաց հասարակության» նախաձեռնությունն ու «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնը։ Քննարկմանը ներկա են եղել դեսպաններ, միջազգային ու տեղական կազմակերպությունների, պետական մարմինների ներկայացուցիչներ, ինչպես նաև Հայաստանի նորընտիր ՄԻՊ-ը։
Ադրբեջանի վարած հայատյաց քաղաքականության, արցախյան և ուկրաինական պատերազմների միջազգային արձագանքների մասին։
Հայերի նկատմամբ ատելություն՝ սկսած մանկապարտեզից
Մարդու իրավունքների պաշտպան Քրիստինե Գրիգորյանն իր ելույթում ընդգծել է, որ ինչպես ԽՍՀՄ տարիներին, այնպես էլ անկախացումից հետո հայատյացությունն Ադրբեջանում պետական քաղաքականություն է։
Գրիգորյանի խոսքով՝ Ղարաբաղյան երկրորդ պատերազմը ևս ուղեկցվել է ատելության ու թշնամանքի քարոզով, իսկ պատերազմից հետո հայատյացությունը ստացել է «ամենածայրահեղ դրսևորումները»։ Դրանց ծանոթանալու համար ՄԻՊ-ն առաջարկել է ծանոթանալ Հայաստանի և Արցախի պաշտպանների զեկույցներին՝ բերելով «Ռազմավարի պուրակի» օրինակն ու մեջբերելով հատվածներ Ադրբեջանի նախագահ Ալիևի ելույթներից։
«Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան» կազմակերպության ներկայացուցիչ Դավիթ Ամիրյանը կարծիք է հայտնել, որ ատելությունը միայն Արցախում կամ Հայաստանում չէ, որ դրսևումներ է ունենում, և հավելել՝ «նույն տրամաբանական շղթայի շարունակությունն են» ուկրաինական իրադարձությունները։
«Ատելությունը չի կանխվել այնպիսի փոքրիկ աշխարհագրական տարածքում, ինչպիսին Արցախն է, և այսօր դարձել է վտանգ մի ամբողջ մայրցամաքի համար, դրա մասին է խոսում ողջ Եվրոպան», — ասել է Ամիրյանը։
Բանախոսները շեշտել են՝ Ադրբեջանում էթնիկ հայերի նկատմամբ ատելություն են սերմանում սկսած մանկապարտեզից, համակարգային է ոչ միայն ատելության, այլև հայկական մշակութային արժեքների դեմ ուղղված քարոզը։
Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանի գնահատմամբ՝ այդ արժեքների վնասումն ու վերացումը «նպատակադրված, թիրախավորված գործընթաց է, հայկական էթնիկ ներկայությունը ջնջելու փորձ»։
«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ նախագահ Արաքս Մելքոնյանի դիտարկմամբ՝ մշակութային արժեքների ոչնչացումները խոսում են Ադրբեջանի՝ Արցախից հայկական հետքը վերացնելու մտադրության մասին։
«Ոչնչացումներից անդին, Ադրբեջանը հիմա որդեգրել է քաղաքականություն՝ կասկածի տակ առնելու և ձևախեղելու հայկական մշակութային ինքնությունը», — նշել է փորձագետն ու հավելել, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի փաստահավաք առաքելության այցն Արցախի օկուպացված տարածքներ այս պահին շատ կարևոր է։
Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանն ասում է՝ պատերազմից հետո Ադրբեջանը քայլեր է ձեռնարկում նաև Արցախն ու ՀՀ սահմանամերձ շրջանները հայաթափելու ուղղությամբ․
«Սրանով Ադրբեջանը հստակ ահաբեկչական գործողություններ է ծավալում այդ շրջանի բնակիչների նկատմամբ, օրինակ՝ առևանգելով խոշոր եղջերավոր անասուններ, զրկելով նրանց ապրուստի միջոցներից, անընդհատ ստեղծելով իրավիճակ, որպեսզի մարդիկ հնարավոր չհամարեն իրենց երեխաների համար խաղաղ գոյակցությունը այդ պայմաններում»։
Արցախ-Ուկրաինա․ միջազգային հանրության արձագանքը
Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանի գնահատմամբ՝ Ադրբեջանի հետագա վարքագիծը «միջազգային իրավունքին համապատասխանեցնելու» կարիք կա, ինչի համար կարևոր է միջազգային հանրության ոչ թե ցանկացած, այլ պատշաճ արձագանքը Բաքվի կողմից իրականացվող իրավունքի խախտումներին․
«Քաղաքականությունը, որ վարվում է Ադրբեջանի կողմից, էականորեն խախտում է միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքները և նորմերը, և դա առնվազն պետք է միշտ մնա ուշադրության կենտրոնում, միջազգային հանրության կողմից քննարկվի»։
Լրագրողները հետաքրքրվել են՝ ինչո՞ւ Ուկրաինայի պարագայում տեսնում ենք Միջազգային Քրեական դատարանի մեխանիզմի կիրառությունը, իսկ Արցախի պարագայում՝ ոչ, արդյո՞ք խնդիրը միայն Հայաստանի և Ադրբեջանի՝ Հռոմի կանոնադրությունը չվավերացնելն է։
Հարցին ի պատասխան Կիրակոսյանը նշել է, որ արցախյան և ուկրաինական կոնտեքստների միջև մեծ տարբերություն կա․
«Ուկրաինան Հռոմի կանոնադրության 11-րդ հոդվածով ճանաչել էր Միջազգային Քրեական դատարանի իրավազորությունը, և այդ փաստի ուժով է, որ քննություն իրականացնելու նախաձեռնությամբ հանդես է եկել դատախազը, եթե չեմ սխալվում»։
Նրա փոխանցմամբ՝ Հայաստանն ու Ադրբեջանը ոչ միայն չեն վավերացրել կանոնադրությունը, այլև չեն ճանաչել դատարանի իրավազորությունը, ինչի հնարավորությունը «միշտ կա»։
Իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանի խոսքով՝ նույնիսկ կանոնադրությունը վավերացրած չլինելու պարագայում կան իրավական հնարավորություններ․
«Պետք է ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը որոշում կայացնի, ինչը բարդ քաղաքական գործընթաց է», — ընդգծել է իրավապաշտպանը։
Սահակյանը հիշեցրել է, որ առ այսօր չունենք Ադրբեջանի և Թուրքիայի ագրեսիայի գնահատական, իսկ Ուկրաինայի պարագայում կան ոչ միայն գնահատականներ, այլև «լրջագույն տնտեսական սանկցիաներ»։
«Վստահ եմ՝ եթե այս սանկցիաների 10%-ը կիրառվեր Ադրբեջանի դեմ, ապա պատերազմը կտևեր ոչ թե 44, այլ 4 օր և այլ հետևանքներով»։
Միջազգային հարաբերությունների և անվտանգության մասնագետ Սոսի Թաթիկյանը կիսում է իրավապաշտպանի տեսակետը՝ նշելով, որ «բևեռայնորեն տարբեր» են արձագանքները Արցախի և Ուկրաինայի պարագայում․
«Եթե մեր դեպքում եղան անորոշ, արհեստական հավասարության նշան դնող հայտարարություններ՝ երկու կողմին էլ կոչ անելով դադարեցնել բռնությունն ու ուժի կիրառումը, ապա հիմա միանշանակ դատապարտվում է Ռուսաստանը, իսկ Ուկրաինան ստացավ մեծ աջակցություն միջազգային հանրությունից տարբեր ձևերով»։
Փորձագետի դիտարկմամբ՝ հայ դիվանագետների համար դժվար կլինի դիրքորոշում հայտնել Ուկրաինայում տեղի ունեցող պատերազմի մասին՝ հաշվի առնելով Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերությունները։ Ասում է՝ պետք է հայկական կողմի դիրքորոշումը կառավարել զգուշորեն և չեզոքության հիմքի վրա, միաժամանակ նշում՝ կա մի ուղերձ, որը պետք է հասնի միջազգային հանրությանը։
«Պետք է այդ ուղերձը հասցնենք միջազգային հանրությանը, որ Արցախյան պատերազմը չդատապարտելը ստեղծեց շատ անբարենպաստ նախադեպ այլ տարածաշրջաններում ռազմական ճանապարհով հակամարտություններ լուծելու համար՝ ոտնահարելով ՄԱԿ-ի կանոնադրությունը», — ընդգծել է Սոսի Թաթիկյանը։