Հայաստանում ավելի քան 650 նախկին ուսուցիչներ կկարողանան վերադառնալ դպրոց
Աջակցություն ուսուցիչներին
Հայաստանի կառավարությունը բարձրագույն կրթություն չունեցող մանկավարժների համար պետական աջակցության ծրագիր կիրականացնի՝ օգնելով նրանց ստանալ բուհական կրթություն կամ անցնել կամավոր ատեստավորմանը նախապատրաստող վերապատրաստում։ Այդ երկու պայմաններից որևէ մեկին բավարարելու դեպքում մանկավարժները հնարավորություն կունենան նորից դպրոց վերադառնալ։
2024 թ․-ին Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը նախատեսում է փոխհատուցել կամավոր ատեստավորմանը մասնակցել ցանկացող 500 ուսուցիչների վերապատրաստման ծախսերը և բակալավրի ծրագրով բարձրագույն կրթություն ստանալ ցանկացող 159 ուսուցիչների ուսման վարձը։
Այս տարի վերապատրաստումների համար պետությունը կհատկացնի 12 մլն դրամ։ 2024 թ․-ին և հետագա տարիներին բակալավրի ծրագրով բարձրագույն կրթություն ստացողների ուսման վարձերը փոխհատուցելու նպատակով ծախսվելու է՝ առկա ուսուցման դեպքում (4 տարի տևողությամբ)՝ 307 մլն դրամ, հեռակա ուսուցման պարագայում (5 տարի տևողությամբ)՝ 351.6 մլն դրամ:
Բուհ պետք է դիմեն եռամսյա ժամկետում, ընդունվելու պարագայում նրանց առաջին կիսամյակի վարձը կփոխհատուցվի։
«Երկրորդ կիսամյակից սկսած՝ գործելու է ՄՈԳ-ի [միջին որակական գնահատական] նվազագույն շեմ, այսինքն՝ ուշադրություն է դարձվելու առաջադիմությանը»,- մանրամասնել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։
Ուսուցիչներն ունեին շուրջ 12 տարի
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ դեռևս 2011 թվականին՝ «Հանրակրթության մասին» օրենքում կատարված փոփոխություններով էր սահմանվել, որ ուսուցչի նվազագույն կրթական աստիճանը պետք է լինի բարձրագույնը։
«Այդ փոփոխությունների անցումային դրույթներով սահմանվեց, որ դպրոցներում աշխատող այն ուսուցիչները, որոնք չեն համապատասխանում օրենքի պահանջներին, իրենց մասնագիտական գործունեությունը կարող են շարունակել մինչև 2018 թվականի օգոստոսի 20-ը։ Այնուհետև այս ժամկետը ևս մեկ անգամ երկարաձգվեց մինչև 2023 թվականի օգոստոսի 20-ը»,- հիշեցրել է նա և հավելել, որ օրենքի պահանջի իրագործման համար ուսուցիչներն ունեին շուրջ 12 տարի։
2021 թ․-ին «Հանրակրթության մասին» օրենքում կատարված փոփոխությունների համաձայն՝ «ուսումնական հաստատության ուսուցիչ կարող է լինել այն անձը, որը ստացել է մանկավարժական համապատասխան որակավորում (բակալավրի, մագիստրոսի, դիպլոմավորված մասնագետի կրթական աստիճանով) կամ ունի բարձրագույն կրթություն և վերջին տասը տարվա ընթացքում մանկավարժական (կամ ուսուցչական) գործունեության առնվազն 5 տարվա աշխատանքային ստաժ»։
2023-ին առանց բարձրագույն կրթության դասավանդում էր ավելի քան 1300 ուսուցիչ
Այս խնդրի կարգավորման համար դեռևս 2021 թ․-ից փորձնական, իսկ այնուհետև որպես հիմնական միջոցառում գերատեսչությունը որոշել է ներդնել կամավոր ատեստավորման մեխանիզմ։ Նախորդ տարի փոփոխություններ են իրականացվել «Հանրակրթության մասին» օրենքում»։
Ըստ այդմ՝ բարձրագույն կրթություն չունեցող ուսուցիչներին հնարավորություն է տրվել մասնակցել կամավոր ատեստավորմանը և շեմը հաղթահարելու դեպքում շարունակել իրենց աշխատանքը։
«Նախորդ տարի կամավոր ատեստավորմանը բարձրագույն կրթություն չունեցող 894 ուսուցիչ է դիմել, որից 354-ն ատեստավորվել է՝ շարունակելով գործունեությունը և ստանալով բարձրացված վարձատրություն»,- հայտնել է նախարար Անդրեասյանը։
Նրա փոխացմամբ՝ օրենքի սահմանված պահանջին չհամապատասխանելու հիմքով ուսուցչական գործունեությունը դադարեցրել են մի քանի հարյուր ուսուցիչներ։
Տարեկան գրանցվում է 600-700 թափուր տեղ
Այսօր էլ, ինչպես նախկինում, կա ուսուցչի աշխատանքը վերսկսելու երկու եղանակ։ Մեկը բարձրագույն կրթություն ստանալն է, մյուսը՝ կամավոր ատեստավորում անցնելը։
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի խոսքով՝ մանկավարժները պատրաստ են օգտվել դրանցից։ Պարզապես ունեն աջակցության կարիք, այն է՝ բարձրագույն կրթության նպատակով ուսման վճարի կամ կամավոր ատեստավորման նախապատրաստելու նպատակով կազմակերպվող վերապատրաստման վճարի փոխհատուցում։
«Նախնական վերլուծությունները ցույց են տվել, որ ավելի քան 150 հոգի ցանկություն է հայտնել բարձրագույն կրթություն ստանալու, իսկ շուրջ 500-ը՝ մասնակցելու վերապատրաստումներին»,- նշել է նա։
Անդրեասյանի դիտարկմամբ՝ ծրագրի իրականացման արդյունքում երկարամյա փորձ ունեցող, ոլորտին նվիրված, համակարգ վերադառնալ ցանկացող, սակայն օրենքի պահանջներին չհամապատասխանող ուսուցիչները հնարավորություն կունենան բարելավել իրենց կրթությունը, իսկ պետությունը կխրախուսի նրանց մասնագիտական զարգացումը և կհամալրի առկա թափուր տեղերը։
Որոշման նախագծից տեղեկանում ենք, որ այսօր տարեկան գրանցվում է ուսուցիչների 600-700 թափուր տեղ, որոնք չեն համալրվում կամ համալրվում են զգալի դժվարությամբ։ Ընդ որում, խոսքն ինչպես գյուղական, այնպես էլ քաղաքային դպրոցների մասին է։
Հետևեք մեզ — Facebook | Youtube | Telegram
Աջակցություն ուսուցիչներին