Աշխատատեղերի նոր ռեկորդ Հայաստանում. ինչի՞ արդյունքում
Աշխատատեղերի նոր ռեկորդ Հայաստանում
«Հայաստանում գրանցված աշխատատեղերի ռեկորդ ունենք: Հոկտեմբեր ամսվա տվյալներով՝ հանրապետությունում գոյություն ունի 691 հազար գրանցված և վճարվող աշխատատեղ»,- այսօր խորհրդարանում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նրա փոխանցմամբ՝ 2018 թվականի մայիսի համեմատ աշխատատեղերի թիվն ավելացել է 143 հազարով: Մի կողմից Փաշինյանը սրանք բնորոշում է որպես նոր ստեղծված աշխատատեղեր, մյուս կողմից նկատում՝ հայտնի չէ՝ քանիսն են նոր և քանիսն են ստվերից դուրս եկել:
Տնտեսագետ Նարեկ Կարապետյանի դիտարկմամբ՝ զբաղվածների թվի դրական պատկերը ստեղծում են երեք գործոններ՝ տնտեսության վերականգնումը, ՌԴ-ից կազմակերպությունների և անձանց ռելոկացիան, ստվերից դուրս գալու գործընթացի ինտենսիվացումը:
Հայաստանյան աշխատատեղերի, ընկերությունների արտադրողականության մասին, ինչպես նաև փորձագիտական կարծիք
«Ինչ-որ տեղ նաև համեստություն ենք անում»
ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում Փաշինյանը նման հայտարարություն է արել՝ նշելով, որ կառավարությունը շատ դեպքերում խուսափում է ձևակերպումներից, բայց եթե ստեղծված իրավիճակի մասին խոսեին աշխարհի այլ երկրներ, այն կներկայացնեին հետևյալ կերպ. «4 տարի 4 ամսվա ընթացքում կառավարությունը ստեղծել է 143 հազար նոր աշխատատեղ».
«Մենք անընդհատ ասում ենք, որ մեթոդաբանությունը հայտնի չէ, չգիտենք, թե ինչքան է աշխատատեղ ստեղծվել, ինչքան է ստվերից դուրս եկել, բայց եթե նույնիսկ ստվերից դուրս է եկել, այդ աշխատատեղը գոյություն չի ունեցել»:
Վարչապետի գնահատմամբ՝ աշխատատեղերի թվի ավելացման վրա էական ազդեցություն են ունեցել՝
- հնարավորությունների ստեղծումը,
- ստվերի դեմ պայքարը,
- եկամտային հարկի բարեփոխումների քաղաքականությունը:
«Պիտի ասեմ նաև, որ այն բացառիկ փոփոխությունները, որոնք տեղի են ունեցել կառավարություն-տնտեսություն հարաբերություններում, նույնպես անկյունաքարային նշանակություն ունեն»,— շեշտել է Փաշինյանը:
Աշխատավարձային ֆոնդն աճել է, միջին աշխատավարձը՝ բարձրացել
Կառավարության նախորդ նիստի ժամանակ վարչապետը հայտնել էր, որ 2018 թ.-ի համեմատ աշխատավարձային ֆոնդն աճել է 73%-ով: Նա ներկայացրել էր նաև վերջին տարվա ցուցանիշները:
«2022 թ.-ի սեպտեմբերին բոլոր աշխատողներին վճարված բոլոր աշխատավարձերը միասին վերցված 2021 թ.-ի սեպտեմբերի նկատմամբ ավել են 33 մլրդ 430 մլն դրամով կամ 23.5%-ով: Սա, կարծում եմ, մի տարվա համար շատ կարևոր ցուցանիշ է»,- ասել էր Փաշինյանը:
Կառավարության ղեկավարի խոսքով՝ վերջին տարվա ընթացքում մեկ մարդուն վճարված միջին աշխատավարձն ավելացել է 35 հազար 769 դրամով կամ 16.4%-ով, 2018 թ.-ի համեմատ՝ 80 հազար 77 դրամով կամ 46.1%-ով:
«Թվերը շատ կարևոր են և շատ տպավորիչ են, և հույս ունեմ, որ մենք այս տեմպով կշարունակենք»,- հայտարարել է Փաշինյանը:
«Պետք է խոսել նաև արտադրողականության մասին»
Հայաստանի Էկոնոմիկայի նախարարն ասում է՝ շատ է խոսվում գործազրկության և թափուր աշխատատեղերի համալրման մասին, այնինչ կարիք կա խոսել նաև ընկերությունների արտադրողականությունը բարձրացնելու մասին։ Վահան Քերոբյանի գնահատմամբ՝ զարգացած երկրների ցուցանիշին հասնելու համար Հայաստանը երկար ճանապարհ ունի անցնելու:
«2021թ.–ին ՀՀ յուրաքանչյուր աշխատող քաղաքացի 1 ժամում ՀՆԱ–ում ընդամենը 7 դոլարի ներդրում է ունեցել։ Դա մոտավորապես 7-8 անգամ ավելի քիչ է, քան OECD (Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպություն) երկրների միջին ցուցանիշը։ Կան երկրներ, որոնք 100 դոլարից ավելի արտադրողականություն ունեն»,- ասել է նա։
Նախարարի խոսքով՝ ընկերությունների արտադրողականության աճն իր հերթին անուղղակիորեն կբերի աշխատատեղերի աճի, քանի որ մրցակցության և թողարկման ծավալների ավելացման ֆոնին այդ ընկերություններն ավելի շատ աշխատակիցների կարիք կունենան:
Լրագրողների հետ զրույցում Քերոբյանն անդրադարձել է աշխատատեղերի նոր ռեկորդին՝ ասելով, որ նման բարձր ցուցանիշ երբևէ չի եղել: Պատճառն, ըստ նրա, նոր ընկերությունների հիմնումն է, հաստիքների ավելացումը: Ասում է՝ անկում է գրանցվել միայն մանրածախ առևտրի ոլորտում, իսկ աճ կա գրեթե բոլոր ոլորտներում՝ արդյունաբերության տարբեր ճյուղեր, ֆինանսական ոլորտ և, իհարկե, բարձր տեխնոլոգիաներ:
«Ամենախոշոր աճը բարձր տեխնոլոգիաների ոլորտում է: Տարեսկզբի 16 հազար աշխատողի փոխարեն հիմա ունենք 24.5 հազար»,- նշել է Էկոնոմիկայի նախարարն ու հավելել, որ խոսքն ինչպես օտարերկրացիների, այնպես էլ տեղացիների մասին է:
Փորձագիտական կարծիք
Տնտեսագետ, «Ամբերդ» հետազոտական կենտրոնի փորձագետ Նարեկ Կարապետյանի գնահատմամբ՝ զբաղվածների թվի դրական պատկերը ստեղծում են երեք գործոններ՝
- տնտեսության վերականգնումը, լավ հիմքերի վրա աճի միտումների ձևավորումը,
- ՌԴ-ից կազմակերպությունների և անձանց ռելոկացիան դեպի Հայաստան (Ուկրաինայում պատերազմի հետևանքով),
- ստվերից դուրս գալու գործընթացի ինտենսիվացումը:
JAMnews–ի հետ զրույցում տնտեսագետը հիշեցրել է, որ կառավարության հարկաբյուջետային քաղաքականության համաձայն՝ սահմանվել է եկամտային հարկի համահարթ դրույքաչափ, որը «մոտենում և հավասարվում է շահութահարկի դրույքաչափին»․
«Այս պայմաններում կազմակերպությունները աշխատավարձերը թերհայտարարագրելու, աշխատողներին թաքցնելու մեծ խթաններ չեն ունենում, որովհետև հաշվեկշռի լրացուցիչ խնայողությունը կգրանցվի որպես շահույթ, և որևէ տարբերություն չի լինի հարկման ռեժիմի առումով»:
Կարապետյանի խոսքով՝ ամենատպավորիչ ցուցանիշները բարձր տեխնոլոգիաների ոլորտում են: Ասում է՝ վիճակագրության համաձայն՝ տարեսկզբից մոտ 4000-ով ավելացել է 2 մլն և ավելի վարձատրություն ստացողների թիվը: Տնտեսագետի դիտակմամբ՝ նման վարձատրություն բարձր տեխնոլոգիաների ոլորտից բացի ստանում են նաև այլ ոլորտների թոփ մենեջմենթի պաշտոններում, բայց դրանք չէին կարող այդքան ընդլայնվել:
«Տարեսկզբից ՀՀ տնտեսություն տեղափոխված ոչ ռեզիդենտ աշխատողների աշխատավարձը միջինում 1 մլն դրամ է: Խոսքը մոտ 10 հազար մարդու մասին է: Սա բարձր հարկային եկամուտներ է ապահովում, կայուն եկամուտներ ու ծառայությունների սպառում ենթադրող վարձատրություն է»,- ընդգծել է փորձագետը:
Նարեկ Կարապետյանի գնահատմամբ՝ արտադրողականության աճի ազդեցությունը կարճաժամկետ կտրվածքով բացասական է լինելու: Կարծում է՝ Էկոնոմիկայի նախարար Քերոբյանը թեմային անդրադառնալիս նկատի է ունեցել երկարաժամկետ միտումները.
«Երբ տնտեսության արտադրողականությունը բարձրանում է, առավել մրցունակ ենք դառնում համաշխարհային և տարածաշրջանային շուկաներում, կարողանում ենք մեր արտադրանքի նկատմամբ ավելի շատ պահանջարկ ապահովել, շուկաներ ապահովել, մեծացնել ծավալները և մուլտիպլիկատիվ էֆֆեկտով՝ նոր ծավալների ավելացման հաշվին մեծացնել զբաղվածների թիվը»:
Դժվարանում է մատնանշել քաղաքականություն, որի արդյունքում ոչ ռեզիդենտ աշխատակիցներին հնարավոր կլինի պահել Հայաստանում: Ասում է՝ հարցը տարածաշրջանի երկրների մրցակցության դաշտում է:
«Բիզնես միջավայրն ու կենսապայմանները Հայաստանում նպաստավոր են, բայց եթե ՌԴ քաղաքացիներն այլ երկիր նախընտրեն, տեղափոխվելու որոշում ընդունեն, նշանակում է՝ առավել բարենպաստ պայմաններ են գտել: Հազիվ թե որևէ միջոցառում կարողանա փոխել իրավիճակը»,- եզրափակել է նա:
Աշխատատեղերի նոր ռեկորդ Հայաստանում