«Անփութությո՞ւն, թե՞ դիտավորություն». պայթյուն Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնում
Պայթյուն Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնում
Վերջին լուրերի համաձայն՝ Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնում հրդեհը դեռևս մեկուսացված չէ։ Այն բռնկվել է օգոստոսի 14-ին, հզոր պայթյունից հետո։ Դրա հետևանքով առնվազն յոթ մարդ զոհվել է, 60-ից ավելի քաղաքացիներ տարբեր աստիճանի վնասվածքներով տեղափոխվել են բժշկական կենտրոններ։ Մոտ երկու տասնյակ մարդ դեռ անհետ կորած է համարվում։
Ենթադրվում է, որ հրդեհի բռնկումը կենտրոնի՝ հրավառության համար նախատեսված ապրանքների պահեստից է սկսվել։ «Սուրմալու» կենտրոնում հակահրդեհային կանոնների խախտումներ էին արձանագրվել դեռևս 1.5 տարի առաջ։ Դրանք, սակայն, չեն վերացվել։ Պատասխանատուները սահմանափակվել են արձանագրություն կազմելով և տուգանքի որոշում կայացնելով։
Հայ հասարակությունը քննարկում է՝ տեղի ունեցածն անփութությա՞ն արդյունք է, թե՞ դիտավորության։ Որոշները կատարվածը որակում են «դիվերսիա» կամ «ահաբեկչություն»։ «Հանրության շրջանում անհարկի խուճապային տրամադրության ստեղծումը բացառելու» համար երկրի Ազգային անվտանգության ծառայությունը քաղաքացիներին և ԶԼՄ-ներին հորդորել է զերծ մնալ Հայաստանի տարածքում ահաբեկչական գործողությունների սպառնալիքների վերաբերյալ չճշտված տեղեկություններ և մեկնաբանություններ հրապարակելուց։ ԱԻՆ-ը ահաբեկչության վարկածը բացառում է։
Ի՞նչ է կատարվել առևտրի կենտրոնում, ի՞նչ են մտածում Հայաստանի բնակիչները դեպքի մասին
Օգոստոսի 15-ին, վաղ առավոտյան դեպքի վայրում էր Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նրան ուղեկցում և բացատրություններ տալիս էին Երևանի քաղաքապետը, արտակարգ իրավիճակների նախարարը, ԱԻՆ փրկարար ծառայության տնօրենը։
Պաշտոնական Երևանին ցակակցել են Վրաստանի և Ռուսաստանի արտաքին գերատեսչությունները, Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը, Հայաստանում Չինաստանի դեսպանությունը, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։
Լուսանկարները՝ Ֆոտոլուր գործակալության
Հրդեհը մարել չի հաջողվում, կա փլուզման վտանգ
«Սուրմալու» առևտրի կենտրոնի պահեստների եռահարկ շենքը մինչ այս պահը այրվում է։ Խոսքը 8-9 հազար քառակուսի մետրի մասին է։ Երկրորդ օրն է՝ ԱԻՆ-ն աշխատում է ուժեղացված ռեժիմով։ Աշխատանքներում ներգրավված են եղել մոտ երկու հարյուր փրկարարներ։ 150 կամավորներ միացել են որոնողական աշխատանքներին։
Թեև շենքը մասնակի փլուզվել է, բայց փլուզման վտանգ դեռ կա։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել էր արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանը։
«Պատճառների մասին դեռ վաղ է խոսել, պետք է կատարվի պատշաճ քննություն»,- հայտարարել էր նա։
Դեպքի առթիվ Քննչական կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ` երկու հոդվածի հատկանիշներով․
- հրդեհային անվտանգության կանոնները կամ պահանջները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ կամ այլ ծանր հետևանք և
- դյուրավառ կամ այրիչ նյութերի պահպանման, հաշվառման, փոխադրման, առաքման կամ օգտագործման կանոնները կամ պահանջները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ կամ այլ ծանր հետևանք:
Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանի փոխանցմամբ՝ քննության առարկա են դառնալու բոլոր հնարավոր վարկածները։
Արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկացմամբ՝ պայթյունի վտանգ այլևս չկա, կա մնացած նյութերի բռնկման հավանականություն։
«Քանի որ տեղանքը մատչելի չէ, հրդեհին մոտենալու տարբերակներ չկան, այրվող նյութերն էլ բավականին շատ են, այդ պատճառով հրդեհը դեռ չի հաջողվում մարել։ Դրա համար դեռ հրդեհի մեկուսացում չկա, աշխատում են 6 ուղղություններով»,- «Ազատության» հետ զրույցում ասել է ԱԻՆ ներկայացուցիչ, փոխգնդապետ Գարի Արմաղանյանը։
Անհետ կորած քաղաքացիներ կան, այդ թվում՝ Իրանից
Արտակարգ իրավիճակների նախարարությունը հրապարակել է պայթյունի հետևանքով զոհված 6 քաղաքացիների անունները։ Օգոստոսի 15-ի՝ ժամը 14:00-ի դրությամբ՝ անհետ կորածների թիվը 18-ն է։ Այս թիվը ստացվել է «911» թեժ գծին ստացված զանգերի արդյունքում։ Թե իրականում քանի՞ մարդ կարող է լինել փլատակների տակ՝ որևէ մեկն ասել չի կարող։
Մինչ այս պահը շարունակվում են ինչպես հրդեհաշիջման, այնպես էլ որոնողափրկարարական աշխատանքները։ Նախարարության տեղեկություններով՝ անհետ կորածների շարքում է նաև Իրանի մեկ քաղաքացի։
Տուժածների մեջ նաև հղի կին և երեխա կա
Պայթյունից տուժած 61 քաղաքացիներ էին տեղափոխվել բժշկական կենտրոններ։ Առողջապահության նախարարության փոխանցմամբ՝ 13-ն են շարունակում ստացիոնար բուժումը, նրանց առողջական վիճակը բժիշկները գնահատում են միջին ծանրության։
Նախարարության խոսնակ Հռիփսիմե Խաչատրյանը հայտնել է, որ ստացիոնար բուժում ստացողների շարքում կա մեկ անչափահաս և մեկ հղի, նրանց կյանքին վտանգ չի սպառնում։
Երեկ գերատեսչությունը տեղեկություն էր հաղորդել նաև բուժկենտրոն տեղափոխված տասը անչափահասների մասին։ Նրանք ստացել էին առաջին բուժօգնություն և դուրս գրվել։
Առևտրի կենտրոնում վերստուգում չէր արվել
Քաղաքաշինության, հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչական մարմինը «Սուրմալու» առևտրի կենտրոնում ստուգումներ էր իրականացրել 1.5 տարի առաջ։ Արձանագրել էր հակահրդեհային անվտանգության կանոնների շուրջ քսան խախտում։ Դրանք վերացնելու կարգադրագիր էր տրվել, նշանակվել էր վարչական տույժ։ Տեսչական մարմնից հայտնում են․ դրանից հետո կենտրոնում վերստուգում չեն իրականացվել՝ ելնելով ծանրաբեռնվածությունից։
Նախորդ տարվա ապրիլին «Սուրմալու» առևտրի կենտրոնի կենտրոնական մասնաշենքում (մոտ 2000 քմ) նույն բարդության հրդեհ էր բռնկվել։ Այդ ժամանակ այրվել էին խաղալիքների և տնտեսական ապրանքների տաղավարները՝ գույքով:
Կեղծ ահազանգեր՝ հրդեհի մարմանը զուգահեռ
Մինչ փրկարարները փորձում էին մարել առևտրի կենտրոնում բռնկված հրդեհը՝ արտակարգ իրավիճակների նախարարությունը օգոստոսի 14-ին ահազանգեր էր ստանում Հայաստանի մայրաքաղաքի տարբեր հատվածներում՝ մետրոյի կայարաններում, զինվորական և քաղաքացիական կարևորագույն օբյեկտներում, առևտրի կենտրոններում, կենդանաբանական այգում, Բաղրամյան 19 հասցեում (Ազգային ժողովի շենք), Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում պայթուցիկ սարքերի տեղադրման մասին։ Ինժեներասակրավորական խմբեր էին ուղարկվում դեպքի վայրեր։
Դադարեցվել էր Երևանի մետրոյի աշխատանքը, քաղաքացիներն էլ տարհանվել էին։ Ժամեր անց ԱԻՆ-ը հանդես եկավ հաղորդագրությամբ՝ տեղեկացնելով, որ Մետրոպոլիտենի բնականոն աշխատանքը վերականգնվել է, այնտեղ և նշված մյուս հատվածներում պայթուցիկ սարքավորումներ չեն հայտնաբերվել։
Մեկնաբանություններ սոցցանցերում
«Սուրմալու առևտրի կենտրոնում տեղի ունեցածը պաշտոնապես ներկայացվում է որպես պայթյուն։ Բայց, արդյո՞ք․․․ Իսկ գուցե այն պայթեցո՞ւմ է՝ դիվերսիա։ Հիմնավոր կասկածը պայթեցման մասին կմնա, քանի որ չեմ վստահում Հայաստանի իրավապահներին»։
«Բոլոր պետական և այլ տարածքներում՝ մետրո, առևտրի կենտրոններ, մոլեր և այլն տեղադրեք ստուգիչ ռենտգեն սարքեր, կանգնեցրեք հսկիչների՝ շներով։ Մարդիկ ապահով կզգան, աշխատատեղ կլինի, ու դա հաստատ էնքան թանկ հաճույք չի, որ չկարողանաք։ Անգամ ամենաաղքատ երկիրը կարող է իրեն թույլ տալ նման շքեղություն»։
«Եթե պարզվի, որ դա դիվերսիոն գործողություն է, ուրեմն մենք մտնում ենք մեր պետության և ազգի համար ավելի ծանր ժամանակներ, երբ ամեն մի մարդաշատ վայրում, ամեն հիմնարկում ցանկացած ժամի կարող է նույն աղետը կրկնվել։ Իսկ եթե հաստատվի, որ այդ աղետը հրդեհի հետևանք է, ապա դա էլ մեզ չպետք է սփոփի, քանի որ այդ դեպքում էլ չի ապահովվել քաղաքացիական պաշտպանության գործառույթներից բխող անվտանգության կանոնների պահպանումը»։
«Կարծում եմ, պնդում եմ, պահանջում եմ, որ հրավառություն թույլատրվի միայն ու բացառապես պետական տոների ժամանակ ու միմիայն պետական վերահսկողության ներքո: Բացի նման դեպքերի համար պիրոտեխնիկայի ներկրման, մնացյալ բոլոր դեպքերը պետք է հավասարեցնել զենք-զինամթերքի ապօրինի ներկրմանը և նշանակել համապատասխան պատիժ»:
Պայթյուն Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնում