Անորեքսիա․ կատարյալ մարմին՝ հոգեկան առողջության գնով։ Երկու կնոջ պատմություն
Հայաստանում վերջին տարիներին ավելացել են մարդիկ, որոնք հոգեբաններին կամ հոգեթերապևտներին են դիմում «սննդային վարքի խանգարումներով»՝ ինչպես դա անվանում են մասնագետները: Անորեքսիան և բուլիմիան ամենատարածված խանգարումներից են: Սրանք հոգեկան առողջության լուրջ խնդիրներ են, որոնք, հաճախ, հնարավոր չէ լուծել առանց մասնագետների օգնության։
Անորեքսիան այն խանգարումն է, երբ ընդհանրապես հրաժարվում են սննդից կամ ընդունում շատ քիչ քանակությամբ՝ ավել քաշ հավաքելու վախից ելնելով։
Բուլիմիան այն խանգարումն է, երբ ընդունում են մեծ քանակությամբ սնունդ և այնուհետև փորձում ազատվել դրանից՝ օրինակ, փսխում առաջացնելով կամ լուծողականներ ընդունելով։
Խնդրին առնչված երկու կնոջ պատմություն և մասնագիտական բացատրություն։
- Կանայք ավելի շատ ներկայացված կլինեն Հայաստանի ՏԻՄ-երում․ ի՞նչ կփոխի դա
- Բիզնեսի նոր ձև Հայաստանում, որն օգնում է մարդկանց խնդիրները լուծել
- Հայաստան․ երեք կնոջ պատմություն, որոնք փրկում են իրենց բիզնեսը կորոնաավիրուսից
Հաջողության պատմություն
«Որքան ինձ հիշում եմ՝ ավելորդ քաշի խնդիր եմ ունեցել: Եթե փոքր ժամանակ դա ինձ առանձնապես չէր խանգարում, ապա տարիների հետ դա ոչ միայն առողջական խնդիրների պատճառ էր դառնում, այլև ինքնագնահատականի անկման, դեպրեսիաների:
27 տարեկանում որոշեցի լրջորեն զբաղվել դրանով: Մեկ տարվա ընթացքում նիհարեցի 40 կգ: Պատկերացնել անգամ չեք կարող, թե ինչ զգացողություն ես ունենում, երբ հասկանում ես, որ հաղթել ես այդ ճակատամարտում, ինքդ քո սովորությունների, ինքդ քո մարմնի, մարդկանց մեղադրական հայացքների դեմ մղվող պայքարում», — պատմում է Անին, որի համար վերջին 10 տարիները վերածվել են ավելորդ քաշի և կատարելության ձգտման դեմ ամենօրյա պայքարի:
Ասում է՝ նիհարելու համար չի դիմել որևէ սննդաբանի, փորձել է տարբեր տեսակի սննդակարգեր, այդ թվում՝ չափազանց բարդ և վտանգավոր․
«Նիհարելու ընթացքում ամենավտանգավոր ծուղակն այն է, որ սկզբում մտածում ես՝ 10-15 կգ նիհարեմ, և բավական է: Հետո հասկանում ես, որ երբեք բավական չի լինելու, և դա վերածվում է կպչուն մտքերի, կենսակերպի, անընդհատ տագնապների՝ որ մեկ ավել կտոր շոկոլադը քեզ վերադարձնելու է բոլոր կորցրած կիլոգրամները:
Հասա նրան, որ սկսեցի կշռվել օրական 2 անգամ, և եթե կշեռքի թվերը 100-200 գրամ ավելանում էին, ինձ թվում էր՝ ես ամեն ինչ սխալ եմ անում: Հասկացա, որ իմ երջանկությունը անմիջականորեն կախված է կշեռքի վրայի թվերից: Իսկ ես այդպես ապրել չէի ուզում այլևս»:
Արդեն շուրջ 5 տարի է, ինչ նա պարբերաբար այցելում է հոգեբանի: Խոստովանում է՝ այսօր էլ լինում են բարդ օրեր, երբ ընկճախտը ստիպում է ուտել ավելին, քան իրականում ցանկանում է, երբ օրերով վախենում է մոտ գնալ կշեռքին, բայց հիմնական բարդություններն այլևս հաղթահարված են.
«Երբ ինձ հարցնում են՝ ինչպե՞ս ես նիհարել, ասում եմ՝ կարդալով: Ես շատ էի կարդում մասնագիտական գրականություն և հասկանում էի, որ դա արդեն հոգեկան առողջության լուրջ խնդիր է: Բայց միևնույն ժամանակ ես հասկանում էի, որ իմ ողջ կյանքը պտտվում է կատարյալ լինելու ցանկության շուրջ:
Չգիտեմ՝ ինչ կլիներ ինձ հետ, եթե ժամանակին չգտնեի լավ հոգեբանի, որը կօգներ հաղթահարել այդ մոլուցքը: Այսօր ևս լինում են բարդ օրեր, բայց մենք հասել ենք նրան, որ ես կշռվում եմ շաբաթը մեկ անգամ, 1-2 կգ-ի տատանումները այլևս չեն դառնում պարտության ցուցանիշ, իսկ սովը՝ մշտական ուղեկից:
Հիմա զբաղվում եմ սպորտով, փորձում եմ առողջ ապրելակերպով ապրել, ոչ թե ժամանակ առ ժամանակ խիստ դիետաներ պահել: Բայց ամենամեծ ձեռքբերումս այն է, որ հասկացել եմ՝ չեմ ուզում կատարյալ լինել, ուզում եմ լինել առողջ, երջանիկ և ունակ՝ ընդունելու փոփոխություններ»:
Մասնագիտական մոտեցում
Բժիշկները բացատրում են․ սննդային վարքի խանգարումները հոգեկան առողջության խնդիրներ են, որոնք արտահայտվում են սննդի ընդունման սովորությունների անոմալ փոփոխություններով և անմիջականորեն ազդում մարդու հոգեկան կամ ֆիզիկական առողջության վրա:
Տագնապային խանգարումները, դեպրեսիան և հոգեմետ դեղամիջոցների օգտագործումը հաճախ են հանդիպում այս խնդիրներով անձանց շրջանում:
Սնման վարքի խանգարումների հստակ պատճառները դեռևս պարզ չեն, սակայն դրանց զարգացման մեջ դեր ունեն ինչպես կենսաբանական, այնպես էլ միջավայրային գործոնները, այդ թվում՝ հասարակության կողմից նիհարության իդեալականացումը:
Մասնագետների խոսքով, նման խնդիրներ հատկապես շատ են հանդիպում այն անձանց մոտ, որոնք ենթարկվել են սեռական բռնության:
Մասնագետները պնդում են՝ չնայած սննդային վարքի խանգարումը վտանգավոր հիվանդություն է, այն բուժելի և վերահսկելի է:
«Կատարելությունը միֆ է»
Հոգեբան, հոգեթերապևտ Տաթև Խաչատրյանը գրեթե ամեն օր շփվում է սննդային վարքի տարբեր խանգարումներ ունեցող անձանց հետ: Ամենից հաճախ անորեքսիա և բուլիմիա դիտվում է երեխաների և դեռահասների շրջանում, այն տարիքում, երբ սեփական մարմնի վերաբերյալ պատկերացումներն առավել հստակ են դառնում:
«Սննդային վարքի խանգարումները հիմնականում սկսվում են իդեալականության, կատարելության գաղափարից, երբ մարդն իր համար ստեղծում է մարմնի մի կատարելատիպ, որին ուզում է հասնել: Ամեն անգամ, երբ կշեռքին կանգնելիս կամ հայելու մեջ նայելիս մարդը տեսնում է իր պատկերացրած իդեալական վիճակից շեղում, նրա մոտ տագնապ է առաջանում:
Տագնապի հաճախակի կրկնությունը կամ տևական լինելը հանգեցնում է դեպրեսիայի, ինչն էլ, իր հերթին, բերում է որոշակի սոմատիկ, ֆիզիկական խնդիրների: Անորեքիսիայի դեպքում՝ սննդից հրաժարվելը, օրինակ, բերում է վերարտադրողական բնույթի խնդիրների, ինչպես նաև հագեցվածության, սննդի ընդունման և քաղցի զգացման կենտրոնի ընկճվածության», — բացատրում է հոգեբանը:
Ու եթե առաջ այս խանգարումներն ավելի շատ դիտվում էին կանանց մոտ, Տաթև Խաչատրյանն ասում է՝ այսօր դիմելիության միտումը ձգտում է հավասարության, տղամարդիկ ևս հաճախ գեղեցկության կարծրատիպերի զոհ են դառնում․
«Այնպես չէ, որ սա նոր խնդիր է մեր երկրում: Պարզապես այսօր ավելի շատ է խոսվում այս մասին: Մարդիկ ավելի շատ են մտածում հոգեկան առողջության մասին: Բայց ասել, որ հոգեբանի կամ համապատասխան մասնագետի դիմում են սննդային վարքի խանգարումներ ունեցող բոլոր մարդիկ, սխալ կլինի։
Մեզ դիմում են սովորաբար այն ժամանակ, երբ «դանակը ոսկորին է հասել»: Այսօր ավելի հաճախ հոգեբանների և հոգեբուժների մոտ իրենց պացիենտներին ուղղորդում են կոմպետենտ սննդաբանները, երբ հասկանում են, որ խնդիրն այլևս անկառավարելի է դարձել»:
Հոգեբանի խոսքով՝ այս խնդիրների լուծման, ժամանակին մասնագետի դիմելու հարցում շատ կարևոր է պացիենտի շրջապատի, ընտանիքի մասնակցությունը: Հատկապես անորեքսիայի և բուլիմիայի դեպքում մարդիկ շատ հաճախ թաքցնում են խնդիրը՝ անգամ հարազատներից.
«Այս խանգարումների պատճառներից է դիսմորֆոֆոբիան, այսինքն՝ վախը արտաքին տեսքից, դրանում անընդհատ թերություններ փնտրելը: Եթե նկատում եք, որ ձեր շրջապատում ինչ-որ մեկը հատկապես շատ է նայում հայելու մեջ կամ անընդհատ բողոքում է իր տեսքից, երբ դա հասնում է զառանցանքի աստիճանի, չի քնում, նյարդային փսխումներ է ունենում, լուծողական է խմում կամ կտրականապես հրաժարվում է սննդից, անմիջապես պետք է դիմել մասնագետի»:
Հոգեբանը պնդում է՝ պետք է հիշել, որ կատարելությունը հարաբերական հասկացություն է, յուրաքանչյուր մարդ յուրահատուկ և իդեալական է իր արտաքինով:
Պատմություն պարտության մասին
«Մեր տանը երբեք սնունդ չի պատրաստվել: Ես չեմ հիշում մորս գազօջախի դիմաց կանգնած՝ որևէ բան պատրաստելիս: Տանը սնվում էինք միայն այն դեպքում, եթե հայրս էր ինչ-որ բան պատրաստում, մնացած օրերին դրսում՝ սրճարաններում կամ արագ սննդի կետերում: Մեր տանը միայն երկու բան երբեք չէր վերջանում՝ մարտկոցներ՝ կշեռքի համար և ծխախոտ: Մորս համար դրանք ամենակարևորն էին», — հիշում է Նարինեն, որը 5 տարի առաջ է կորցրել մորը:
40-ամյա կինն ասում է՝ մայրը միշտ շատ համակրելի և բարեկազմ է եղել, և չի հասկանում՝ ինչպես և երբ գեղեցիկ լինելու միտքը նրա համար կործանիչ դարձավ: Տարիների ընթացքում մայրը ոչ միայն անընդհատ նիհարում էր, այլև անհասկանալի վարք էր դրսևորում՝ ընդհանրապես հրաժարվել էր սննդից, չէր քնում, ամենօրյա վեճերն ու սկանդալները, ի վերջո, բերեցին ապահարզանի։
«Ես գնացի հորս հետ ապրելու, ոչ թե որովհետև ինքս էի այդպես ցանկանում, այլ՝ մորս պահանջով: Իհարկե, շաբաթվա մեջ այցելում էի նրան: Ընդհանրապես չէր ուտում, միայն սուրճ և ծխախոտ:
Մի անգամ, երբ փորձեցի ստիպել նրան ինչ-որ բան ուտել, հերթական սկանդալն արեց: Հարևաններն արդեն հոգնել էին այդ ամենից, զանգահարեցին շտապօգնություն: Մորս ստացիոնար բուժում նշանակվեց հոգեբուժարանում, բայց 24 օր անց նա վերադարձավ, և ամեն ինչ կրկնվեց», — պատմում է Նարինեն:
Մայրը մահացավ 54 տարեկանում: Բժիշկների խոսքով՝ ներքին օրգաններն արդեն գրեթե չեն գործել։ «Երբ մայրս մահացավ, ընդամենը 34 կգ էր կշռում: Ես ինձ անընդհատ մեղադրում էի, որ բավարար չափով չեմ հետևել նրան, կարող էի ստիպել ուտել, կարող էի բժշկի տանել, բայց այդ ժամանակ մենք գրեթե ոչինչ չգիտեինք սննդային վարքի խանգարումների մասին: Գուցե, եթե բժշկի դիմեինք 10-15 տարի առաջ, մայրս դեռ ողջ լիներ», — ասում է Նարինեն ու ավելացնում՝ իր տանը հիմա միշտ պատրաստի ուտելիք կա իր երկու երեխաների համար, իսկ կշեռք չունի և չի էլ ունենա: