Գլխավոր դատախազի տեղակալը՝ Հայաստանի օմբուդսմեն
Անահիտ Մանասյանը՝ Հայաստանի ՄԻՊ
Հայաստանի խորհրդարանը 69 կողմ, 0 դեմ ձայների հարաբերակցությամբ Մարդու իրավունքների պաշտպան ընտրեց Անահիտ Մանասյանին։ Քվեարկությունը տեղի էր ունեցել նախօրեին, արդյունքները, սակայն, չէին հրապարակվել․ սահմանային լարված իրավիճակի պատճառով նիստը հետաձգվել էր։
Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը վստահ է՝ նա կարղ է իր «հարուստ աշխատանքային փորձն ու բարձր որակավորումը ծառայեցնել Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանությանը»։ Իսկ ընդդիմությունը խնդրահարույց է համարում Մանասյանի պաշտոնավարումը, քանի որ վերջին 5 ամիսներին նա զբաղեցրել է գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնը։ Ինքը՝ թեկնածուն, սակայն, պատգամավորների հետ հարցուպատասխանի ժամանակ պնդել է՝ դատախազությունում աշխատանքը մարդու իրավունքների պաշտպանությանը դեմ չէ։ Նա վստահեցրել է, որ դատախազության համակարգի առաջնային գործառույթը ևս մարդու իրավունքների պաշտպանությունն է։
Իրավապաշտպան Արթուր Սաքունցը չի շտապում գնահատականներ հնչեցնել այն մասին, թե ինչպիսի օմբուդսմեն կլինի Մանասյանը։ Զբաղեցրած նախկին պաշտոնը խնդիր չի համարում։ Ասում է՝ որպես կադր դատախազությունում չի ձևավորվել, «ավելի շատ տեսաբան է, սահմանադրական իրավունքի մասնագետ»։
ՄԻՊ ընտրված Անահիտ Մանասյանը մինչ գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնը զբաղեցնելը աշխատել է Սահմանադրական դատարանում որպես խորհրդական։ Նույն կառույցում, ինչպես նաև արդարադատության նախարարությունում տարբեր պաշտոններ է զբաղեցրել։ Իրավաբանական գիտությունների թեկնածու է, դոցենտ, զբաղվում է դասախոսական գործունեությամբ։
ՄԻՊ ընտրության բոլոր մանրամասները՝ թեկնածուի ելույթը, պատգամավորների հարցերը, նաև տեղեկություններ ընդդիմության թեկնածուի վերաբերյալ
«ՄԻՊ-ը ընդդիմադիր կամ իշխանական քաղաքական գործիչ չէ»
Իր ելույթում հայտարարել է Անահիտ Մանասյանն ու հավելել, որ իր գործունեությունը կառուցելու է դա նկատի ունենալով։ Վստահեցրել է՝ անելու է առավելագույնը պաշտպանի ինստիտուտը «քաղաքականացվածությունից լիակատար զերծ պահելու նպատակով»․
«Պատրաստ եմ և ձգտելու եմ դառնալ կամուրջ հանրային հանդուրժողականության և համերաշխության հասնելու ճանապարհին՝ անմասն պահելով պաշտպանի ինստիտուտը որևէ տեսակի քաղաքական շահարկումներից»։
Ըստ նրա՝ հենց հանդուրժողականության և արժանապատվության գաղափարներն են ընկած մարդու իրավունքների պաշտպանության կոնցեպտի հիմքում․
«Պաշտպանի պաշտոնում իմ հիմնական գործիքը, բնականաբար, չեմ համարում բացառապես քննադատական հայտարարություններ անելը, թեև դա ևս շատ կարևոր գործիք է»։
Մանասյանի խոսքով՝ ինքն օգտվելու է միջազգային պրակտիկայում լայն տարածում ունեցող՝ հանրության և պետական մարմինների ու պաշտոնատար անձանց միջև հաշտարարության, ինչպես նաև կրթության միջոցով մարդու իրավունքների պաշտպանության բնագավառը կատարելագործելու գործիքներից։
Նկատել է՝ առաջնահերթ նպատակ պետք է լինի ոչ թե «մեղավորներ և պատասխանատուներ փնտրելը», այլ խնդիրներին ազնվորեն նայելն ու փոխադարձ հարգանքի և համագործակցության մթնոլորտում դրանք համատեղ ուժերով լուծելը։ Ասում է՝ ցանկացած այլ ճանապարհ կարող է տանել ինքնաոչնչացման։
Որպես իր գործունեության առաջնահերթ ուղղություններ մատնանշել է՝
- Արցախի խնդրի արդյունքում առաջացած տարատեսակ խնդիրները, հումանիտար հարցերը,
- հանրային հանդուրժողականության և համերաշխության մթնոլորտի ձևավորումը,
- խոսքի ազատության իրավունքի ու դրա սահմանների հարգումը,
- ընդհանուր, ոչ միայն քաղաքական բևեռացումը,
- դատական իշխանության անկախության երաշխավորումը։
Նոր ՄԻՊ գնահատմամբ՝ երկրում լայն տարածում ունեն տարբեր հիմքերով անձանց թիրախավորումը, ատելության խոսքը, բռնության քարոզը, որոնց դեմ մեծ աշխատանք է պետք տանել։
Ի՞նչ հարցեր են ուղղել պատգամավորները
Ելույթից հետո պատգամավորները հարցեր են հնչեցրել։ Ինչպես իշխանական, այնպես էլ ընդդիմադիր պատգամավորների հետ առնչվող առանձին դեպքերի Մանասյանը չանդրադարձավ։ Նշեց միայն, որ կարծիք արտահայտելու համար պետք է տիրապետի տվյալ գործերի բոլոր հանգամանքներին։
Հրաժարվեց նաև գնահատականներ տալ ՄԻՊ պաշտոնում պաշտոնավարած անձանց գործունեության վերաբերյալ։ Արձանագրեց՝ կա «կայացած ինստիտուտ», որի հիմքերը դրվել են բոլորի կողմից։
Քննարկման ժամանակ խոսվեց նաև այն մասին, որ «Անահիտ Մանասյանը գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի ընկերուհին է»։ Պատգամավորի հարցադրմանն ի պատասխան՝ ՄԻՊ թեկնածուն նշել է, որ կաշկանդված չէ այդ հանգամանքով, ունի նաև այլ պաշտոնյա ընկերներ։ Նրա խոսքով՝ պատրաստ է գնահատականներ հնչեցնել նաև նրանց ղեկավարած կառույցների գործունեության վերաբերյալ։
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ նախորդ ՄԻՊ-ը պաշտոնավարեց ընդամենը մեկ տարի՝ պատգամավորները հետաքրքրվել են՝ «որքանո՞վ է պատրաստակամ մինչև վերջ պաշտոնավարել»։
«Ինձ համար սա պաշտոն չէ, առաքելություն է, ստանձնում եմ շատ մեծ պատասխանատվությամբ, հանձնառու եմ փորձել, ձգտել ամեն ինչ անել այդ առաքելությունը մինչև վերջ հասցնելու և այս ոլորտը պատշաճ մակարդակի կատարելագործելու նպատակով»,- պատասխանել է նա։
Հայաստանի նախկին ՄԻՊ Քրիստինե Գրիգորյանը հրաժարականի դիմում ներկայացրեց 2023 թվականի հունվարի 23-ին «այլ աշխատանքի անցնելու» պատճառաբանությամբ։ Թեև այդ դիմումից ամիսներ են անցել, սակայն մինչ այս պահը չի հաղորդվել՝ ի՞նչ նոր պաշտոնի է նա անցել։
Իշխող թիմը որևէ պարզաբանում չներկայացրեց նաև այսօրվա նիստի ընթացքում։ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը նշեց, որ «հանրությունն այդ մասին պատշաճ կերպով կտեղեկացվի պատեհ պահի»։
Ընդդիմության թեկնածուն՝ առանց ընդդիմության աջակցության
Մարդու իրավունքների պաշտպանի թեկնածուի առաջադրման հարցը Ազգային ժողովի մարդու իրավունքների հանձնաժողովի արտահերթ նիստում քննարկվեց մեկ շաբաթ առաջ՝ ապրիլի 4-ին։ Իշխող թիմն առաջադրել էր գլխավոր դատախազի տեղակալ Անահիտ Մանասյանի, իսկ ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները՝ նախկին դեսպան Էդգար Ղազարյանի թեկնածությունը։
Էդգար Ղազարյանը 1990-ականներից քաղաքական տարբեր պաշտոններ է զբաղեցրել, եղել է Վայոց Ձորի մարզպետ, Լեհաստանում ՀՀ դեսպան, Սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավար։ Վերջին տարիներին հանդես է գալիս որպես գործող իշխանության քննադատ, պարբերաբար նախաձեռնում է ցույցեր։
Ղազարյանի ելույթին ներկա էր միայն մեկ ընդդիմադիր պատգամավոր՝ մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը։
Այդ քննարկումը վերաճեց վիճաբանության։ Նախ ընդդիմության թեկնածուն իշխանությանն անվանել էր «հանցավոր ռեժիմ», այնուհետև «ադրբեջանա-թուրքական» որակել 2018 թ․-ին տեղի ունեցած «Թավշյա հեղափոխությունը»։
Իշխող խմբակցության քարտուղարը հունից դուրս էր եկել և սպառնացել կտրել բոլոր նրանց ականջներն ու լեզուն, ովքեր կհամարձակվեն «մեր ժողովրդին անվանել ադրբեջանա-թուրքական ինչ-որ խումբ»։ Մեկնաբանելով իր ձևակերպումը՝ Ղազարյանն ասել էր, թե նկատի ունի ոչ թե հայ ժողովրդի վարքագիծը, այլ «շահառուներին, որոնք շահել են այդ իրադարձությունների արդյունքում»: Փոխադարձ վիրավորանքներ էին հնչել։ Ի վերջո իշխանականները լքել էին դահլիճը և վերադարձել միայն Ղազարյանի ելույթից հետո։
Նիստի երկրորդ հատվածում միջադեպեր չէին գրանցվել։ Ընդդիմադիրները չէին եկել իշխող թիմի թեկնածուին հարցեր տալու։ Հանձնաժողովը, որի 7 անդամներից 4-ը իշխող թիմի ներկայացուցիչներ են, կողմ էր քվեարկել Անահիտ Մանասյանի թեկնածությանը։
Հետևեք մեզ — Facebook | Youtube | Telegram
Անահիտ Մանասյանը՝ Հայաստանի ՄԻՊ