Ռուսաստանի սոցցանցերում գրում են այն մասին, թե որքան ցնցված են անսովոր տեսանյութով, որը հրապարակել է Ռուսաստանի քննչական կոմիտեն։ Կադրերում համազգեստով և տորթը ձեռքին կինը շնորհավորում է ռուսաստանցիներին, որոնք արդեն 14 տարեկան են։ Սակայն շնորհավորանքը նվազագույնը տարօրինակ է․ «14 տարեկանդ լրացե՞լ է։ Այսօրվանից հենց դու ես պատասխան տալու սպանության համար»։
«Իհարկե, ձեր ծնողները նախկինի պես պատասխանատվություն են կրում ձեզ համար, սակայն այս տարիքից դուք անձնական պատասխանատվություն եք կրում քրեական օրենսգրքի որոշակի հոդվածներով», — հավելում է սպան։
Այնուհետև, ըստ ամենայնի, դեռահասների համար պատրաստված տեսանյութում պարզաբանվում է, որ 14 տարեկանից նրանց կարելի է պատասխանատվության ենթարկել սպանության, բռնաբարության, կողոպուտի, շորթման, ահաբեկչության և պատանդ վերցնելու համար։
«Այժմ, երբ արդեն մեծացել եք, պետք է իմանաք, որ պատժվելու եք սեռական բռնության համար», — ասում է մյուս սպան։
Բացի այդ, կադրի անկյունում փոքր սմայլիկը տեղեկացնում է քրեական օրենսգրքի հստակ հոդվածի մասին, որը վերաբերում է հիշատակված յուրաքանչյուր հանցանքին։
Տեսանյութի վերջում քննչական կոմիտեն 14-ամյա դեռահասներին իրազեկում է, որ նրանց կյանքն իրենց պատասխանատվությունն է, և բարի տարեդարձ մաղթում նրանց։
Ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի թիմը Սամարայում հույս է հայտնել, որ լավ է՝ գոնե երեխաներին որպես ծննդյան նվեր «անվճար էքսկուրսիայի չեն տանելու բանտեր»։
Այնուամենայնիվ, տեսանյութը դրական արձագանքներ էլ է առաջացրել։ Մոսկվայի բնակչության սոցիալական պաշտպանության դեպարտամենտի ներկայացուցիչ Նատալյա Ցիմբալենկոն, որը մասնակցել է տեսանյութի ստեղծմանը, գովել է «գործընկերներին» «անսովոր մոտեցման համար, որը մարդկանց թույլ կտա ավելի շատ բան իմանալ քրեական պատասխանատվության մասին և սովորեցնել իրենց երեխաներին»։
Տեսանյութը քննչական կոմիտեի կայքում ուղիղ մեկ օր է մնացել։ Այնուհետև անհետացել է այնտեղից։