ԱՄՆ-ն զորքեր է ուղարկում Եվրոպա՝ Ուկրաինայի շուրջ ճգնաժամի ֆոնին
ԱՄՆ-ն զորքեր է ուղարկում Եվրոպա
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հավանություն է տվել Լեհաստանում, Գերմանիայում և Ռումինիայում 3 հազար ամերիկացի զինծառայողների տեղակայմանը, այս մասին հայտարարել է Պենտագոնը։ Այս որոշումը կայացվել է Ուկրաինայի սահմանի երկայնքով ռուսական զորքերի կենտրոնացման ֆոնին Արևելյան Եվրոպայում ՆԱՏՕ-ի անդամ երկրներին սատարելու նպատակով։ Այս մասին հաղորդում է CNN-ը։
Արևմտյան երկրների առաջնորդները և Ուկրաինայի իշխանությունները հայտարարում են, որ Ռուսաստանն Ուկրաինայի սահմանների մոտ տեղակայել է ավելի քան 100-հազարանոց զորք, և մոտ ժամանակներս հնարավոր է Ռուսաստանի ներխուժում Ուկրաինա։
Ռուսաստանը հերքում է Ուկրաինա ներխուժելու մտադրությունը, սակայն ԱՄՆ-ից և ՆԱՏՕ-ի անդամներից պահանջում է «անվտանգության պաշտոնական երաշխիքներ», որ Ուկրաինան ու Վրաստանը երբեք չեն անդամակցի ՆԱՏՕ-ին։
Վաշինգտոնն ու Բրյուսելը հրաժարվել են կատարել Ռուսաստանի պահանջները, սակայն առաջարկել են շարունակել երկխոսությունը։
Բանակցությունների և գրավոր ուղերձների փոխանակման արդյունքում Ռուսաստանը, մի կողմից, ԱՄՆ-ն ու ՆԱՏՕ-ն, մյուս կողմից, մինչ օրս փոխհամաձայնության չեն եկել։
Պենտագոնի մամուլի քարտուղար Ջոն Քիրբին հայտարարել է, որ 2 հազար զինվորական է ԱՄՆ-ից ուղարկվելու Լեհաստան և Գերմանիա, ևս 1 000 զինծառայող, որոնք ներկա պահին տեղակայված են Գերմանիայում, տեղափոխվելու են Ռումինիա։
Այս վերատեղակայումը ժամանակավոր միջոց է, նշել է Քիրբին և ընդգծել․ «Այդ ուժերը չեն պատրաստվում կռվել Ուկրաինայում»։
- «Վրաստանը փորձում են ներքաշել ՆԱՏՕ-ի մեջ՝ ի հեճուկս բնչության կամքի»․ Ռուսաստանի արտգործնախարար
- «Աշխարհն էլ չի սիրում ժողովրդավարությունը և ձգտում է բռնապետության»։ Ռուսաստանցի նոբելյան մրցանակակրի ելույթը
Քիրբին նաև հավաստիացրել է, որ զորքերի այդ լրացուցիչ տեղակայումը չի նշանակում, որ ԱՄՆ-ն համարում է, թե Պուտինը որոշել է ներխուժել Ուկրաինա կամ որևէ այլ երկիր, բայց «եթե նա ներխուժի Ուկրաինա, դա ակնհայտորեն հետևանքներ է ունենալու»։
«Մենք ուզում ենք համոզվել, որ նա գիտի, որ ՆԱՏՕ-ի դեմ ցանկացած գործողություն դիմադրության է արժանանալու, դա գործի կդնի հինգերորդ հոդվածը, և մենք հակված կլինենք պաշտպանելու մեր դաշնակիցներին», — ասել է Քիրբին։
Բացի այդ, ԱՄՆ-ի ևս 8 500 զինծառայող բերվել է ռազմական բարձր պատրաստականության, եթե ՆԱՏՕ-ի Արձագանքման ուժերի կարիքը լինի։
ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի պատասխանը Ռուսաստանին
Փետրվարի 2-ին իսպանական El Pais թերթը հրապարակել է երկու գաղտնի փաստաթուղթ, որոնք, ինչպես պնդում է պարբերականը, պարունակում են ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի պատասխանների ամբողջական տեքստերը Եվրոպայում անվտանգություն երաշխավորելու Ռուսաստանի պահանջին։
Արևմուտքը մերժում է ՆԱՏՕ-ի չընդլայնման գաղափարը, սակայն պատրաստ է զերծ մնալ Արևելյան Եվրոպայում միջուկային զենքի տեղակայումից։
Իսկ փաստաթղթերից, որոնք մեջբերում է ռուսական «Սպեկտր» անկախ պարբերականը, հետևում է, որ Վաշինգտոնը պատրաստ է Մոսկվայի հետ խոսել Ուկրաինայում հրթիռային համակարգերի տեղակայման վերաբերյալ փոխադարձ սահմանափակումների մասին։
ԱՄՆ-ն հնարավոր է համարում համաձայնագրի կնքումը Ռուսաստանի հետ անվտանգության հարցերի վերաբերյալ, որոնք փոխադարձ հետաքրքրություն են ներկայացնում։ Մասնավորապես, ԱՄՆ-ն պատրաստ է Ռուսաստանի հետ խոսել միջին և փոքր հեռահարության հրթիռների վերահսկողության մասին, ասված է հրապարակված փաստաթղթերում։
Միաժամանակ, Վաշինգտոնը Մոսկվային կոչ է անում դուրս բերել զորքերը Ուկրաինայի, Վրաստանի և Մոլդովայի տարածքներից։
Հյուսիսատլանտյան դաշինքի պատասխանում ասված է․ ՆԱՏՕ-ն դեմ է առճակատմանը, սակայն փոխզիջման չի գնա իր համար սկզբունքային հարցերում, մասնավորապես, չի զիջի «բաց դռների» քաղաքականության հարցում, ինչը չի բացառում ապագայում Ուկրաինայի և Վրաստանի անդամակցությունը դաշինքին։ Նույնպիսի դիրքորոշում ունեն ամերիկացիները։