Հայաստանի ՊՆ-ն առաջիկայում ամերիկացի խորհրդատու կունենա
Ամերիկացի խորհրդատու Հայաստանի ՊՆ-ում
Շուտով Հայաստանի Պաշտպանության նախարարությունում կսկսի աշխատել ամերիկյան բանակի ներկայացուցիչ։ Օրեր առաջ նման հայտարարությամբ էր հանդես եկել ժողովրդավարության ու մարդու իրավունքների հարցերով ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ազրա Զեյան։ Փոխպետքարտուղարը նաև ասել էր, որ «Հայաստանի անդամակցությունը ՀԱՊԿ-ին խոչընդոտ չէ Վաշինգտոնի հետ ավելի խորը պաշտպանական համագործակցության համար»։
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան փոխանցմամբ՝ խորհրդատուն մտադիր է աշխատանքը սկսել առաջիկա ամիսներին։ Պաշտոնական Երևանը դեռևս չի հայտնել՝ ի՞նչ հիմունքներով է ՊՆ-ին աջակցելու ամերիկացի խորհրդատուն, ո՞ր հարցերում է նախարարությունն ապավինելու նրա օգնությանը։
Խորհրդարանի պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի փոխանցմամբ՝ խորհրդատվությունն անհրաժեշտ է ՀՀ Զինված ուժերի ընթացիկ բարեփոխումների և առկա խնդիրների լուծման համար։ Այն լինելու է բազմաբնույթ՝ կառավարման հմտություններից մինչև նոր զինատեսակներ։ Պատգամավորի խոսքով՝ կա նաև խոսակցություն Ֆրանսիայից խորհրդատու ներգրավելու մասին։
«Թե պայմանավորվածություններն ինչով են ավարտվել՝ ես հիմա չեմ կարող ասել։ Սա խոսում է այն մասին, որ խորհրդատվություններն ըստ անհրաժեշտության կարող են լինել և Ֆրանսիայից, և ԱՄՆ-ից, և գուցե Միացյալ Թագավորությունից՝ նայած, թե մենք համագործակցության ինչ մակարդակ ենք ձևավորել և այն ինչպիսի հեռանկար է բացում մեր Զինված ուժերում այս պահին իրականացվող բարեփոխումների համար»,- շեշտել է Քոչարյանը։
«Խորհրդատուն աջակցելու է Հայաստանի պաշտպանական հաստատությունների ամրապնդմանը»
Լրագրողների հարցումներին այսպես է արձագանքել Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը․
«Խորհրդատվական աջակցության միջոցով Միացյալ Նահանգները մտադիր է աջակցել Հայաստանին՝ անվտանգության ոլորտի կառավարման բարելավման հարցում, որն էլ, իր հերթին, կնպաստի հայ-ամերիկյան հարաբերությունների ամրապնդմանը»։
Նշել են, որ ամերիկացի խորհրդատուն ՀՀ է գալու Պետքարտուղարության Գլոբալ պաշտպանական բարեփոխումների ծրագրի շրջանակներում․
«Ծրագիրն աշխարհով մեկ աջակցում է գործընկեր պետություններին առավել դիմակայուն, արդյունավետ ու հաշվետու անվտանգային հաստատությունների ձևավորման հարցում՝ ապահովելով ռազմավարական մակարդակի խորհրդատվական աջակցություն»։
Դեսպանատան փոխանցմամբ՝ խորհրդատուն ֆինանսավորվելու է ոչ թե ԱՄՆ բանակի կամ Պաշտպանության դեպարտամենտի, այլ Պետքարտուղարության կողմից։
Հայտնի չէ՝ խորհրդատուն մշտապես լինելո՞ւ է ՊՆ-ում, թե՞ այլ կերպ է իրականացնելու իր աշխատանքը։ ԱՄՆ դեսպանատունը հաղորդել է միայն, որ նա «կանոնավոր աշխատանքային շփումներ» է ունենալու Պաշտպանության նախարարության հետ։
Մեկնաբանություն
ԱԺ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը կարևորում է խորհրդատուների ինստիտուտի գոյությունը։ Հիշեցնում է՝ ժամանակին խորհրդատուներ էին գալիս նաև ՌԴ հովանու ներքո գործող ՀԱՊԿ ռազմական դաշինքից։ Այս պահին, սակայն, Հայաստանը սառեցրել է իր մասնակցությունը, շարունակական խորհրդատվություններ նույնպես չկան։
Պատգամավորի խոսքով՝ Երևանն իրականացնում է դիվերսիֆիկացման քաղաքականություն, որի շրջանակներում էլ պետք է դիտարկել ընթացող գործընթացները՝ ինչպես հայ-ամերիկյան զորավարժությունների անցկացումը, այնպես էլ Նահանգներից խորհրդատուի ժամանումը Երևան․
«Ես չգիտեմ՝ ով է լինելու։ Բայց գիտեմ, թե խորհրդատուների ինստիտուտում ովքեր կան այս պահին ներգրավված և որքան կարևոր է, որ այդ խորհրդատվությունները լինեն թիրախային և շատ օգտակար բարեփոխումների ծավալին և ուղղություններին, որոնք այսօր իրականացնում է ՀՀ կառավարությունը»։
«Ազատութուն» ռադիոկայանի եթերում Քոչարյանը չի հստակեցրել՝ ինչպիսի խորհրդատվության կարիք ունի Հայաստանը, որի համար դիմել է ԱՄՆ-ին։ Նշել է միայն, որ այն լինելու է բազմաբնույթ։
Հաստատել է՝ խոսքը ռազմական փորձագետի մասին։ Ըստ նրա՝ ամերիկացի խորհրդատուն ՊՆ-ում կարող է ունենալ ինչպես «մշտական ներկայություն, այնպես էլ մասնակի ներկայացվածություն»։
Լրագրողը հետաքրքրվել է՝ նախարարի՞ն, թե՞ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետին է խորհրդատվություն տրամադրելու։ Ի պատասխան՝ Քոչարյանը միայն ասել է, որ նա տրամադրելու է խորհրդատվություն տարբեր հարցերի վերաբերյալ, այդ թվում՝ նոր զինատեսակների։
«Չե՞ք տեսնում, թե փորձագիտական հանրույթն ինչպիսի լրջությամբ է այսօր ուսումնասիրում ռուս-ուկրաինական պատերազմը, եզրակացություններ տալիս։ Նաև պատերազմի ուսումնասիրման ինստիտուտներ են ստեղծվել, որոնք դիտարկում են այս կամ այն զինատեսակը, դրա կառավարումը, որն է էֆեկտիվ, որը՝ ոչ»,- պարզաբանել է նա։
Ներկա պահին հայտնի չէ՝ երբ է մեկնարկելու ամերիկացի խորհրդատուի աշխատանքը Հայաստանում։ Իշխանական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի խոսքով՝ գուցե աշնանը։
Հետևեք մեզ — Facebook | Youtube | Telegram
Ամերիկացի խորհրդատու Հայաստանի ՊՆ-ում