Ականները՝ վրաց-ադրբեջանական սահմանին
Թբիլիսիից մեկ ժամ հեռավորության վրա՝ Ադրբեջանի հետ սահմանին, խոշոր գյուղից մի քանի հարյուր մետր այն կողմ, ականապատ դաշտ է: Այնտեղ արդեն 25 տարի է՝ ականներ կան, որոնք մնացել են ղարաբաղյան պատերազմի ակտիվ շրջանից: Վրաստանի իշխանությունները չեն շտապում ականներից մաքրել սեփական տարածքը, քանի որ հարևան Ադրբեջանը դեմ է:
Այս տարիների ընթացքում այստեղ 18 միջադեպ է եղել. 7 մարդ է զոհվել, մի քանիսը վիրավորվել են: Մինչև հիմա ականները վտանգ են ներկայացնում Կիրաչ-Մուգանլո, Կաչագան և Թեքալի գյուղերի ավելի քան 4 հազար բնակչի համար: Այստեղ ապրում են ականների պայթյունի հետևանքով խեղված մարդիկ:
Տեղացիները մշտապես վախենում են իրենց երեխաների և անասունների համար:
_______________________________
Մառնեուլիի շրջանի Կիրաչ-Մուգանլո գյուղը գտնվում է Թբիլիսիից 60կմ հեռավորության վրա: Այստեղ մոտ 1200 մարդ է ապրում, հիմնականում՝ էթնիկ ադրբեջանցիներ:
Ադրբեջանի հետ սահմանն անցնում է գյուղից բառացիորեն մի քանի մետրի վրա. դրա երկայնքով երկաթյա ցանց է քաշած: Իսկ ցանցի երկայնքով՝ 100մ լայնությամբ և 7կմ երկարությամբ տարածքում ավելի քան հազար հակատանկային և հակահետևակային ականներ են տեղադրված:
Ականապատ տարածքը սահմանակից է գյուղական արոտավայրերին: Այն ցանկապատված չէ, այստեղ որևէ զգուշացնող նշան չկա: Այնպես որ, ցանկացած մարդ, ով, օրինակ, այստեղ հյուր գա և որոշի զբոսնել, կարող է հեշտությամբ պայթել ականի վրա:
65-ամյա Մամիշ Մուսաևի տունը գտնվում է գյուղի ամենածայրին, այն մեծ է և խնամված, ասֆալտապատ բակով: Մամիշը շատ կովեր, հնդկահավ և հավ ունի, ընտանիքն ակնհայտ չքավոր չէ: Հող էլ շատ ունի, սակայն այն մշակելը դժվար է, այստեղ ոռոգման ջուր չկա: Ջուրն աղբյուրից են կրում, որը 600մ հեռավորության վրա է գտնվում:
«Ականներն էլ ավելի մոտ են՝ 500 մետր են հեռու», — ժպիտով ասում է Մամիշի կինը, որը բակում զբոսնում է ծածկոցով փաթաթված ծոռան հետ:
Մուսաևները դեպքեր են հիշում, երբ իրենց համագյուղացիները պայթել են ականների վրա և մահացել:
«Բոլորն ամեն ինչից տեղյակ են: Ոստիկանությունը գիտի, տեղի ադմինիստրացիան գիտի, սակայն ի՞նչ կարող են անել նրանք: Այդ ամենը վերևներում պետք է լուծեն», — հանգիստ ասում է Մամիշը:
Չնայած նրան, որ գյուղի խնդրի մասին «բոլորը գիտեն», համացանցում վրացերեն լեզվով որոնումը գրեթե տեղեկատվություն չի տրամադրում այն մասին, որ սահմանին Վրաստանի 7կմ տարածք ականապատ է: 2013թ-ին լրատվական կայքերը գրել էին 25-ամյա Սարխան Մուսաևի պատմության մասին, որը պայթել էր ականի վրա, և գրել էին, որ «դեպքի վայրում կրիմինալիստներ են աշխատում»: Սակայն որևէ բացատրություն չկար այն մասին, թե ինչպես էր ականը հայտնվել խաղաղ գյուղում, խաղաղ ժամանակ:
Ո՞վ է ականապատել սահմանը
Կիրաչ-Մուգանլո գյուղի մոտ ականները հայտնվել են 1991թ-ին: Այդ տարածքն ականապատել է Ադրբեջանը. մեզ հետ զրույցում դա չի հերքում Ադրբեջանի պաշտպանության նախկին փոխնախարար Իսա Սադիղովը:
Դա Լեռնային Ղարաբաղի պատերազմի՝ հետխորհրդային ամենաարյունալի հակամարտության թեժ ժամանակն էր: Ադրբեջանն այն ժամանակ որոշեց ականապատել Կարմիր կամրջին մոտ գտնվող սահմանը, քանի որ ընդամենը 5-6 կիլոմետրի վրա հայ-վրացական սահմանն է անցնում, վախենալով, որ Վրաստանի տարածքով կարող են հայկական ջոկատներ կամ առանձին խախտողներ անցնել:
Դա մի ժամանակ էր, երբ Վրաստանում քաղաքացիական պատերազմ էր, Թբիլիսիում տանկեր էին երթևեկում, յուրաքանչյուր երկրորդ տանը զենք կար, իսկ զինամթերքը պայթում էր, ինչպես հրավառություն:
«1991թ-ին, երբ Վրաստանի իշխանությունները չէին վերահսկում ոչ միայն սահմաններն, այլ նաև մայրաքաղաքի կենտրոնն, այդպիսի պաշտպանական միջոցներն Ադրբեջանի կողմից, հնարավոր է, նույնիսկ արդարացված էին», — ասում է անվտանգության հարցերով վրացի փորձագետ Զուրաբ Ագլաձեն:
Խեղված մարդիկ
Կաչագան գյուղում ում էլ հարցնեք, բոլորը կարող են ցույց տալ Սարխան Մուսաևի տունը:
Մտնում ենք բակ և կանչում նրան: Դռներից զգուշությամբ դուրս է նայում կնճռոտ ճակատով և սև, գզգզված մազերով մի տղամարդ: Նա աչքերն այնպես է կկոցում, կարծես վաղուց արևի լույս չի տեսել:
Ուղիղ հինգ տարի առաջ՝ 2013թ-ի ապրիլի 5-ին, Սարխանը հյուր էր գնացել հարևան Կիրաչ-Մուգանլո գյուղ: Երեկոյան ընկերները դուրս էին եկել կորած կովին փնտրելու: 25-ամյա Սարխանը ոտքը դրել էր հակահետևակային ականի վրա և առանց ձախ ոտքի մնացել:
«Երբեմն ցավեր եմ ունենում, սակայն ոչ այնքան ուժեղ, տանելի են: Բժիշկները չէին կարծում, թե կենդանի կմնամ, շատ արյուն էի կորցրել», — ասում է Սարխանը:
Պետությունը ոտքից զրկված Սարխանին 100 լարի (մոտ 40 դոլար) նպաստ է տալիս: Ոչ մի ուրիշ օգնություն նրա ընտանիքը չի ստանում:
Կիրաչ-Մուգանլոյի բնակիչ Սարխան Մամեդովը երկու երկրների միջև տարօրինակ պայմանավորվածությունից էլի է տուժել. նա 12 տարեկան էր, դաշտում խաղալիս ինչ-որ երկաթի կտոր է գտել և սկսել է խաղալ դրանով՝ փորձելով պարզել, թե ինչ կառուցվածք ունի: Երկաթի կտորն ականի բռնկիչ է եղել, որը պայթել է: Այսօր Սարխանը 29 տարեկան է, նա չի կարողանում աջ ձեռքը նորմալ օգտագործել:
«Բարեկամական» տանկերի այցերը
«Այն, որ Ադրբեջանն ականապատել է մեր տարածքը, ես պատահաբար եմ իմացել, — պատմում է Վրաստանի պաշտպանության նախարարության նախկին բարձրաստիճան պաշտոնյան, — մի անգամ առավոտյան ինձ զանգահարեցին և ասացին, որ Վրաստան ադրբեջանական տանկ է մտել: Հետո պարզվեց, որ այդպես հաճախ է լինում»:
JAMnews-ի աղբյուրը բացատրում է, որ ժամանակ առ ժամանակ ադրբեջանցի զինվորականները սահմանն անցնում էին՝ ստուգելու, թե արդյոք ականները տեղում են։ Չնայած նրան, որ դա Վրաստանի տարածքն է, իրականում այնտեղ իրավիճակը տնօրինում է Ադրբեջանը: Նախկին պաշտոնյան ասում է, որ հենց Ադրբեջանը չի ցանկանում ականազերծել այդ տարածքը:
«Երբ ես հարցրի, թե ինչու նրանք չեն ականապատում իրենց հատվածն, ինձ պատասխանեցին, որ, խաղաղ գործընթացի շրջանակում ստանձնած պարտավորությունների համաձայն, նրանք իրավունք չունեն նման բան անելու: Իսկ մեր կողմից մենք աչք ենք փակում»:
Վրաստանի սահմանն ադրբեջանական զինվորական տեխնիկայի կողմից հատելու փաստը հաստատում են նաև HALO TRUST ականազերծման բրիտանական կազմակերպության աշխատակիցները:
2015թ-ի հուլիսի 6-ին HALO TRUST-ը Կարմիր կամրջի շրջակայքում տեխնիկական հետազոտման աշխատանքների թույլտվություն է ստացել Վրաստանի հումանիտար ականազերծման համակարգող մարմնից՝ «Դելտա» գիտատեխնիկական կենտրոնից, որը ենթարկվում է Վրաստանի պաշտպանության նախարարությանը: Այդ թույլտվությունը ենթադրում էր ականադաշտի մակերեսի և տեղադրված ականների տիպերի որոշում: Սակայն, չնայած թույլտվությանը, կազմակերպությունը ստիպված է եղել հրաժարվել աշխատանքների անցկացումից:
Վրաստանում HALO TRUST ծրագրի մենեջեր Իրակլի Չիտանավան պատմում է.
«Թույլտվություն ստանալուց անմիջապես հետո մենք սկսեցինք նախապատրաստական աշխատանքները և օգոստոսին հենց մոտեցանք ականադաշտին՝ սահմանից մոտ 50 մ հեռավորության վրա էինք, տեսանք, որ ադրբեջանական կողմը ծանր տեխնիկա, զինվորներ է դուրս բերել: Նրանք պահանջեցին, որպեսզի մենք լքենք տարածքը: Մեզ հետ այն ժամանակ արտգործնախարարության և սահմանապահ ոստիկանության ներկայացուցիչներ կային: Սակայն մենք ստիպված էինք նահանջել»:
Նրա խոսքով՝ Կիրաչ-Մուգանլոյի շրջանում ականներ գտնվել են ոչ միայն հենց սահմանային հատվածում. 2016թ-ին տեղացիներն ական են գտել սահմանից 800մ հեռավորության վրա և հաղորդել HALO TRUST-ին, կազմակերպությունը դիմել է սահմանապահ ոստիկանությանը, և ականը վնասազերծվել է: Սակայն այդ վայրի հետազոտման և մաքրման թույլտվություն կազմակերպությունը չի ստացել:
Վրաստանի պաշտպանության նախարարությունը HALO TRUST-ին հասցեագրված պաշտոնական նամակում նշել է, որ սահմանային աշխատանքները պետք է դադարեցվեն մինչև վերջնական որոշման ընդունումը: Պաշտոնապես գերատեսչությունը պատճառներ չի նշում: Սակայն իշխանության ներկայացուցիչները կազմակերպության աշխատակիցների հետ անձնական զրույցների ընթացքում ասում են, որ այդ հարցը Թբիլիսին սկզբից մտադիր է քննարկել Բաքվի հետ:
Պատմություններն այն մասին, որ ադրբեջանցի սահմանապահները ժամանակ առ ժամանակ անցնում են սահմանը, մենք լսել ենք նաև Կիրաչ-Մուգանլոյի բնակիչներից:
«Միայն ես չեմ նրանց տեսել, գյուղում հարցրեք՝ ում ուզում եք, — ասում է Մամիշ Մուսաևը: — Երբեմն նրանք մեր անասուններն են տանում: Մեկ անգամ ինձնից 35 ոչխար էին գողացել: Ես բողոքել էի վրացի սահմանապահներին, ոստիկանությանը, սակայն ոչ ոք դրանք չվերադարձրեց ինձ»:
Ճնշում Վրաստանի հանդե՞պ
JAMnews-ը փորձել է պարզել այդ իրավիճակի մանրամասներն Ադրբեջանում: Իսա Սադիղովն Ադրբեջանի պաշտպանության փոխնախարարն է եղել 1992թ-ին: Նա ասում է, որ ականապատված տարածքների քարտեզը պահվում է Ադրբեջանի պետանվտանգության նախարարությունում:
«Առանց Ադրբեջանի համաձայնության այդ տարածքները Վրաստանը չի կարող ականազերծել: Հենց ադրբեջանական կողմը պետք է դրան մասնակցություն ունենա», — ասում է Սադիղովը:
Սակայն HALO TRUST-ում ասում են, որ կազմակերպությունը պատրաստ է սկսել աշխատանքներն այն պահին, երբ լինի վրացական կողմի համաձայնությունը, քանի որ նրանք արդեն ինքնուրույն են քարտեզ կազմել:
«Ընդհանուր առմամբ ականապատված է 2.2մլն քառակուսի մետր տարածք: Այն մաքրելու համար անհրաժեշտ է 2-3 տարի և 3 մլն դոլար: Վրացական կառավարության համաձայնության դեպքում մենք կդիմենք տարբեր դոնորների և կաշխատենք անհրաժեշտ ֆինանսավորում ստանալ Ճապոնիայի, ԱՄՆ կամ Վրաստանի այլ բարեկամ երկրների կառավարություններից», — ասում է Չիտանավան:
Իսա Սադիղովը կարծում է, որ Ադրբեջանը ճնշում է գործադրում Վրաստանի վրա:
«Այդ սահմանային շերտը սակարկման առարկա է Ադրբեջանի և Վրաստանի միջև: Պետք չէ մոռանալ, որ երկու երկրների միջև սահմանագծումն ավարտված չէ, և նրանց միջև վիճելի տարածքներ կան: Հնարավոր է, որ Ադրբեջանն օգտագործում է այդ փաստը Վրաստանի վրա ճնշում գործադրելու համար», — ասել է նա JAMnews-ին:
[Օրինակ, Վրաստանի և Ադրբեջանի միջև վեճի առարկա է Դավիթ Գարեջիի վանքին հարող տարածքի մի մասը — JAMnews]:
«Ինչ էլ լինի, բնակավայրերին սահմանակից տարածքներում ականների առկայությունն անմարդկային որոշում է», — կարծում է Սադիղովը:
Ռազմական փորձագետ Զուրաբ Ագլաձեն վստահ է, որ ականադաշտի գոյությունը քաղաքական հարց է:
«Ադրբեջանը Վրաստանի գործընկերն է ու բարեկամական երկիր: Հավանաբար, Վրաստանը նրա հետ հաշվի է նստում ինչ-որ բանի դիմաց, և չի շտապում ականազերծել տարածքը: Սակայն այստեղ այլ կողմ էլ կա: Եթե այդ տարածքը ոչ մի կերպ նշված չէ, և ականները վտանգավոր են մարդկանց համար, դա նշանակում է անփութություն պետության կողմից, որը պարտավոր է պաշտպանել իր քաղաքացիներին», — ասում է Ագլաձեն:
Ռազմավարական գործընկեր
Վրաստանում 2017թ-ի վերջին CRRC կազմակերպության կողմից անցկացված հարցման համաձայն՝ հարցվածների մեծ մասն Ադրբեջանը (Ուկրաինայի հետ միասին) անվանել են Վրաստանի երկրորդ ամենաբարեկամական երկիր ԱՄՆ-ից հետո:
Ադրբեջանն այսօր Վրաստանի կարևորագույն հարևանն ու գործընկերն է: Այդ երկրի հետ Վրաստանին կապում են բազմաթիվ էներգետիկ և տրանսպորտային նախագծեր: Ադրբեջանական էներգառեսուրսների շնորհիվ Վրաստանը Ռուսաստանից էներգետիկ անկախություն է ձեռք բերել: Ադրբեջանը Վրաստանի ամենախոշոր առևտրային գործընկերներից է:
Վրաստանում ադրբեջանցիներն ամենամեծաքանակ ազգային փոքրամասնությունն են. ադրբեջանցիների թիվը երկրում հասնում է 223 հազարի, կամ երկրի բնակչության 6 տոկոսի (2014թ-ի մարդահամարի տվյալներով): Մեծ մասը բնակվում է Վրաստանի հարավ-արևելքում գտնվող Քվեմո Քարթլի շրջանում:
Սակայն վերջին տարվա ընթացքում՝ Թբիլիսիից ադրբեջանցի ընդդիմադիր լրագրող Աֆղան Մուխտարլիին առևանգելուց հետո, Վրաստանում շատերը երկու երկրների այդ սերտ համագործակցությանն ուրիշ տեսանկյունից նայեցին:
Վրացի քաղաքական գործիչներն ու փորձագետներն ավելի ու ավելի հաճախ են նշում, որ հարևանի հետ Թբիլիսիի հարաբերությունները պետք է ավելի իրավահավասար լինեն և հիմնված լինեն սկզբունքային դիրքորոշման վրա:
_____________________________
Այս 27 տարվա ընթացքում Կիրաչ-Մուգանլոյի բնակիչները սովորել են գոյատևել ականների հարևանությամբ:
Անձրևը, ձյունն ու քամին մերկացրել են հողում թաղված ականների մի մասը: Դրանք գտնում են հովիվները, որոնք ամեն օր անցնում են ականադաշտի կողքով:
Ձմռանը, հատկապես, եթե ձյուն չկա, հեշտ է. ականները լավ երևում են: Ամռանն ավելի դժվար է. ամեն ինչ պատվում է կանաչ խոստով, մարդիկ ստիպված են զգույշ քայլել:
«Երբ հովիվներն ական են գտնում, նրանք այն քարերով են շրջապատում՝ տեղը նշելու համար», — պատմում է տեղի բնակիչ Շամշիր Մամեդովը:
«Ո՞ւմ բողոքենք»: Դժվար է այսպես ապրելը: Եթե երեխան ուշ է տուն վերադառնում, ծնողներն, առաջին հերթին, վախենում են, որ նա կարող էր ականադաշտ գնալ: Իսկ քանի՞ անգամ են անասուններ պայթել: Մեծացնում ես նրանց, քրտնաջան աշխատում, և հանկարծ՝ այդպիսի վնաս», — բողոքում է Շամշիրը։