«Ալիևը գրողի ծոցն է ուղարկում Միշելի հորդորները»․ կարծիք Երևանից
Ալիևի ելույթի մասին կարծիք Երևանից
Հայաստանում ակտիվորեն քննարկում են Ալիևի վերջին հայտարարությունները։ Նախօրեին Ադրբեջանի նախագահն այցելել էր Լաչին։ Այստեղ ելույթ էր ունեցել՝ խաղաղության պայմանագրի պայմաններ թելադրելով Հայաստանին և հերթական սպառնալիքները հնչեցնելով ԼՂ-ում ապրող հայ բնակչության հասցեին։
Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյան ասում է՝ Ալիևը հերթական անգամ ագրեսիվ, վերջնագրային տոնով է խոսում Արցախի ժողովրդի իրավունքների և անվտանգության մասին։ Ասում է՝ կարիք կա, որ Վաշինգտոնն ու Բրյուսելը արձագանքեն Ադրբեջանի նախագահի հայտարարություններին, մատնանշեն՝ ինչ առաջընթացի մասին էին խոսում բանակցություններից հետո և ինչի մասին է խոսում Ալիևը հիմա։
Ի՞նչ է հայտարարել Ալիևը, արձագանքներ Երևանից և Ստեփանակերտից, ինչպես նաև փորձագիտական կարծիք
Ալիևի հայտարարությունները՝ հակիրճ
- «Ասում եմ՝ քանի դեռ ուշ չէ։ Քանի դեռ Հայաստանը, թեև ոչ դե ֆակտո, բայց իրավական անկախություն ունի, քանի դեռ Հայաստանի սահմաններ հասկացությունը որոշակի իմաստով ընդունված է։ Նրանք պետք է ընդունեն մեր պայմանները։ Չե՞ն ուզում սահմանազատում, պետք էլ չէ: Ի՞նչ տեղի կունենա այդ դեպքում։ Սահմանը կանցնի այնտեղով, որտեղով մենք կասենք։ Նրանք գիտեն, որ մենք կարող ենք դա անել։ Ոչ ոք նրանց չի օգնի, ոչ Եվրոպայից ժամանած ֆրանսիացի թոշակառու ոստիկանները, ոչ մեկ ուրիշը, ոչ ոք»։
- «Սահմանների սահմանազատումը պետք է տեղի ունենա մեր պայմաններով, այսինքն՝ արդար պայմաններով։ Խաղաղության պայմանագիրը պետք է հիմնված լինի միջազգային նորմերի վրա, պետք է բացվի Նախիջևան տանող ճանապարհը, հայկական բանակի ներկայացուցիչները, որոնք դեռևս Ղարաբաղում են, պետք է դուրս բերվեն։ Սրանք են մեր պայմանները»։
- «Այս պայմանների մասին հայտարարում եմ այստեղ՝ Լաչին քաղաքում, որպեսզի բոլորը տեսնեն, որ այսօր մենք այստեղ ենք և հավերժ այստեղ ենք լինելու։ Թող իմանան նաև, որ այստեղից տեսանելի են Հայաստանի գյուղերը։ Մենք էլ ենք տեսնում այդ գյուղերը, այսինքն՝ թող չմոռանան նաև դրա մասին»։
- «Ղարաբաղում ապրող հայ փոքրամասնության ներկայացուցիչներին երրորդ անգամ հրավեր չենք ուղարկելու։ Կամ նրանք իրենք են խոնարհաբար գալու, կամ իրադարձությունները կզարգանան այլ ուղղությամբ»։
- «Նրանք [ԼՂ-ի իշխանությունները] կարող են համաներում ստանալ միայն այն դեպքում, եթե կամովին լքեն բոլոր ֆիկտիվ պաշտոնները և դիմեն Ադրբեջանի քաղաքացիություն ստանալու համար։ Նույնիսկ այդ դեպքում՝ դեռ կտեսնենք»։
- «Ձեր գիրքը փակված է. «Միացում» գիրքը փակված է, անջատողականությունն՝ ավարտված։ Անկախության երազանքները գնացին այնտեղ, որտեղ կարգավիճակը։ Իսկ մենք Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ժամանակ կարգավիճակն ուղարկել էինք այնտեղ, որտեղ պետք է։ Ուստի, մնացել է միայն մեկ ճանապարհ՝ ենթարկվել Ադրբեջանի օրենքներին, դառնալ Ադրբեջանի լոյալ, նորմալ քաղաքացիներ, աղբարկղը նետել կեղծ «պետական ատրիբուտները» և լուծարել «խորհրդարանը»։
- «Մենք բոլոր հնարավորություններն ունենք այդ տարածաշրջանում [ԼՂ-ում] ցանկացած գործողություն իրականացնելու»։
- «Հայաստանի ղեկավարության կողմից օրեր առաջ արված հայտարարությունն իրականում կրկնությունն է իմ՝ մի քանի տարի առաջ ասված խոսքերի. «Ղարաբաղը Ադրբեջան է»։ Իսկ հիմա, երբ Հայաստանը արդեն ճանաչել է մեր տարածքային ամբողջականությունը, խաղաղության պայմանագրի համար փաստացի լուրջ խոչընդոտներ չեն մնացել»։
«Հրաժարում բրյուսելյան պայմանավորվածությունների՞ց»
Անդրադառնալով Ադրբեջանի նախագահի հայտարարություններին՝ խորհրդարանում նման հարց է բարձրացրել Հայաստանի վարչապետը։ Այս կերպ նա, ըստ էության, մեկնաբանել է Ալիևի այն հայտարարությունը, թե «հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատումը պետք է տեղի ունենա Ադրբեջանի պայմաններով»։
Փաշինյանը շեշտել է, որ Ալիևի հայտարարություններն «առնվազն հասկանալի չեն»․
«Եվ Ադրբեջանը, և միջազգային գործընկերները պետք է առնվազն պարզաբանեն, թե արդյոք դա նշանակո՞ւմ է հրաժարում Բրյուսելում ձեռք բերված պայմանավորվածություններից: Այս հարցի պատասխանը պետք է իսկապես մեր գործընկերներից ստանանք, որպեսզի մեր հետագա գործողությունները պլանավորենք»։
Վարչապետը ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին հորդորել է «լրացուցիչ ճշգրտումներ» անել։
Նման պահանջներով Ալիևը «ճանաչում է այդ ինստիտուտների լեգիտիմությունը»
Արցախի նախագահի մամուլի քարտուղարն ապօրինի է որակել «պետական ատրիբուտների լուծարման» մասին Ալիևի հայտարարությունը։
Լուսինե Ավանեսյանն ընդգծել է, որ Արցախի նախագահն ու խորհրդարանը «կրում են Արցախի ժողովրդի առաջնային մանդատը», ընտրվել են ժողովրդավարական սկզբունքներով և Արցախի Սահմանադրության հիման վրա․
«Իսկ Ադրբեջանի նախագահը քաջ գիտակցում է, որ Արցախի սուբյեկտայնության գլխավոր աղբյուրը հենց այդ պետական ինստիտուտներն են, և, փաստորեն, այդպիսի պահանջներով նա ճանաչում է այդ ինստիտուտների լեգիտիմությունն ու կարևորությունը»։
Նախագահի խոսնակը նկատել է՝ առաջին անգամը չէ, որ Ալիևը սպառնալիքի լեզվով է խոսում Արցախի ժողովրդի հետ, բացի այդ՝ դիմում «ագրեսիվության դրսևորումների»՝ տեղական մարտական գործողությունների, շրջափակման, էներգետիկ և այլ ճնշումների ձևով:
«Հարավային Կովկասում տևական խաղաղություն ապահովելուն միտված միջազգային ակտիվ ջանքերին զուգահեռ՝ Արցախի ժողովրդին ու պետականությանն ուղղված Ադրբեջանի նախագահի հերթական սպառնալիքները նպատակ ունեն հարվածի տակ դնելու այդ ջանքերի արդյունավետության հեռանկարը»,- ընդգծել է Ավանեսյանը։
Փորձագիտական կարծիք
Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանն ակնկալում է անձամբ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հասցեական արձագանքը։ Հիշեցնում է՝ բրյուսելյան հանդիպումից հետո Միշելն Ադրբեջանի նախագահին հորդորել էր դրական օրակարգ ձևավորել Արցախի [նախկին ԼՂԻՄ եզրույթն էր գործածել] ժողովրդի իրավունքների և անվտանգության հարցերի շուրջ։
«Կոպիտ չհնչի, բայց Ալիևը փաստացի գրողի ծոցն է ուղարկում Միշելի այդ հորդորները։ Միշելն իր արձագանքով պետք է ցույց տա՝ գործնականում Ալիևի ո՞ր վարքագիծն է խրախուսում։ Դատապարտո՞ւմ է Ալիևի այդ տոնայնությունը, որով նա խոսում է Արցախի ժողովրդի իրավունքների և անվտանգության մասին»,- նկատել է նա։
Չի բացառում, որ Բաքուն փորձում է լարվածության մեխանիզմների և ուժային գործիքների միջոցով լուծել տարբեր քաղաքական հարցեր։ Բադալյանի խոսքով՝ նման ռիսկերը չեզոքացնելու համար հայկական կողմը պետք է «շեշտադրի այն բոլոր միջնորդների պատասխանատվությունը, որոնք խոսում են Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների խաղաղ կարգավորման հանձնառության մասին»։ Նրա դիտարկմամբ՝ նման հանձնառության «առաջին ցուցիչը» պետք է լինի ուժի և ուժի կիրառման սպառնալիքի բացառումը․
«Վաշինգտոնը, Բրյուսելը, Մոսկվան՝ որպես առանցքային ուղղություններ։ Կա Փարիզը, խոսվում է Բեռլինի նեգրավման մասին։ Առաջին հարցը, որին այս բոլոր դերակատարները պետք է պատասխանեն հետևյալն է՝ ինչո՞վ և որքանո՞վ են պատրաստ Ադրբեջանին զրկել ուժի և ուժի սպառնալիքի գործիքը կիրառելու հնարավորությունից»։
Բադալյանի խոսքով՝ Ալիևին զսպելուն միտված հստակ գործողություններ տեսանելի չեն ոչ Մոսկվայից, ոչ Բրյուսելից և ոչ էլ Վաշինգտոնից։ Նրա գնահատմամբ՝ Ալիևը համոզված է՝ «մարսվելու ենթակա քայլեր» է ձեռնարկում, իսկ փաստերը վկայում են այն մասին, որ դրանք իսկապես մարսվում են։
«Սա զարմանալի չէ․ բոլորն էլ շահեր ունեն Ալիևի հետ։ Որևէ մեկը հատուկ՝ Հայաստանի կամ Արցախի դեմ միտումնավոր դիրքորոշում կամ քաղաքականություն չի վարում, վարում են քաղաքականություն, որը ենթադրում է շահեր Ադրբեջանի հետ»,- ասել է փորձագետն ու հավելել, որ այդ շահերը ներառում են ոչ միայն նավթն ու գազը, այլև Կենտրոնական Ասիայի և Կասպիցի ավազանի խնդիրները։
Անդրադառնալով Ադրբեջանի նախագահի այն հայտարարությանը, թե երրորդ անգամ Ղարաբաղի հայերին բանակցելու առաջարկ չեն անելու, նկատում է՝ Բաքու-Ստեփանակերտ միջազգային մեխանիզմի մասին խոսում է Երևանը, միջազգային հանրությունը բարձրացնում է միայն իրավունքների և անվտանգության հարցեր։ Չի կարծում, որ եթե միջնորդները նման մեխանիզմի ընկալում ունենային, «Ադրբեջանը դրա հետ հաշվի չէր նստի»։
Քաղաքական մեկնաբանի խոսքով՝ Ալիևն անում է առավելագույնը, որպեսզի առկա միջազգային իրավիճակն օգտագործի Արցախի հարցից հնարավորինս ազատվելու համար։
Մյուս կողմից նկատում է՝ վերջին երկու տասնամյակում Ադրբեջանն իր ռազմավարությունից չի շեղվել։
«Բարձրաձայնվում են ինչ-որ մոտեցումներ, փորձ է արվում դրանք ամրագրել միջազգային լոյալության դաշտում։ Երբ դրանք որոշակիորեն ամրագրվում են, Ադրբեջանը ձեռնարկում է խոսքով ձևավորված իրականությունը գործով առաջ տանելու քայլեր»։
Ըստ նրա՝ Արցախի պետական ինստիտուտների լուծարման մասին հայտարարությունները նույնպես նորություն չեն, բազմիցս են հնչել։
Անդրադառնալով Ալիևի հնչեցրած սպառնալիքներին և խաղաղության համաձայնագրի պայմաններին՝ Բադալյանը նկատում է՝ նման պայմաններում բանակցություններում էական առաջընթաց ակնկալել չենք կարող։ Ասում է՝ այդ մասին են վկայում ինչպես կողմերի իրարամերժ դիրքորոշումները, այնպես էլ գործընթացում ներգրավված խոշոր խաղացողների միջև փոխհամաձայնության հնարավորությունը։ Վերջինն, ըստ նրա, գրեթե բացառված է։
«Ադրբեջանն այս միջավայրում ստանում է իր՝ ուժային դիրքի վրա կառուցված քաղաքականությունը թեկուզ քայլ առ քայլ, դանդաղ առաջ տանելու հնարավորություն։ Խոշոր խաղացողների իրարամերժ շահերի առկայությունը ռեգիոնում ստեղծում է պարարտ հող Ադրբեջանի քաղաքականության համար»,- ասում է նա։
Փորձագետի դիտարկմամբ՝ Հայաստանը բարդ խնդիր ունի լուծելու, այն է՝ գտնել հակազդման մեխանզիմներ։ Նրա խոսքով՝ դա ենթադրում է աշխատանք և երկկողմ օրակարգերի զարգացում առանցքային խաղացողների հետ, ինչն իր հերթին կազդի հայ-ադրբեջանական տիրույթում առկա ռիսկերի կառավարելիության վրա։
Հետևեք մեզ — Facebook | Youtube | Telegram
Ալիևի ելույթի մասին կարծիք Երևանից