«Բալի խորոված»` կառամատույցում
Ադրբեջանցի բռնի տեղահանվածները
Խորհրդային տարիներին Ադրբեջանի Զանգելանի շրջանի Մինջիվան երկաթուղային ավանն աշխույժ տրանսպորտային հանգույց էր, որտեղով գնացքները մեկնում էին Բաքվից Երևան և Նորաշեն, Մոսկվայից Թեհրան։ Այս ավանում Վաֆա Ֆարաջևան անցկացրել է իր մանկությունն ու պատանեկությունը։ Ավելի ուշ՝ 1993 թ-ին, ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ, նրա ընտանիքը ստիպված է եղել լքել ավանը, որն անցել է Հայաստանի վերահսկողության տակ։ Այժմ՝ 29 տարի անց, Վաֆան հույս ունի վերադառնալ Մինջիվան, սակայն թե երբ նրան ու նրա հարազատներին կհաջողվի դա անել, ոչ ոք չգիտի։
«Ընդհանրապես, մինչև վեց տարեկանն ապրել եմ տատիս մոտ Մինգեչաուրում [քաղաք Ադրբեջանի կենտրոնական մասում], իսկ երբ դպրոց գնալու ժամանակն էր, տեղափոխվել եմ ծնողներիս մոտ Մինջիվան և միանգամից սիրել այս վայրը։ Շատ համերաշխ ավան ունեինք։ Այստեղ բոլորը հեռավոր ազգականներ էին։ Բավական էր ասել՝ ում աղջին ես կամ թոռը, և ի պատասխան բացականչում էին․ «Ախր մենք ազգականներ ենք»։
Հիշում եմ՝ մանկությանս տարիներին հաճախ ընկերներով երկաթուղային կայարան էինք գնում գնացքների գալու ժամերին։ Որովհետև կառամատույցում շիվերի վրա շարած բալ ու կեռաս էին վաճառում։ Եվ թեև այդ մրգերը լիքն էին մեր տատիկ-պապիկների այգիներում, պաշտում էինք հենց կայարանի այդ «բալի խորովածը»։
Մեր դասարանն էլ էր լավը, դասարանցիներով մինչ օրս շփվում ենք։ Բոլորս ինչ-որ հրաշքով հաջողացրել ենք բարձրագույն կրթություն ստանալ, թեև դպրոցն ավարտում էինք արդեն 90-ականների սկզբին՝ ղարաբաղյան առաջին պատերազմի սկսվելուց հետո։ Եվ թեև պատերազմը դեռ չէր հասել մեր ավանին, պարբերաբար գնդակոծության ձայներ էին լսվում, և այդ ժամանակ ծնողները ձգտում էին մեզ՝ երեխաներիս, անվտանգ վայր ուղարկել՝ ազգականների մոտ մյուս շրջաններ։ Այնպես որ, հաճախ էինք դասերից բացակայում։
Վերջին տարիներին Մինջիվանում մեր ընտանիքն ապրում էր երեքսենյականոց նոր բնակարանում, որը ծնողներս ստացել էին Երկաթուղային վարչությունից, որովհետև դասավանդում էին երկաթուղային դպրոցում։ Նրանք մի քանի տարի հերթ էին կանգնել, ինչպես այն ժամանակ ընդունված էր, և 1988 թ-ին, վերջապես, ստացել էին բնակարանը։ Վերանորոգել էին այն, ամեն ինչ՝ տեղը տեղին։ Դեկտեմբերին տեղափոխվեցինք այնտեղ, բնակարանամուտ նշեցինք, որին ներկա էին ծնողներիս գործընկերները։ Սակայն տոնի ամենաթեժ պահին հեռախոսը զանգեց, մարս լսափողը վերցրեց, և նրա դեմքը փոխվեց։
Հետո նա բոլորին հայտարարեց, որ պետք է անհապաղ կայարան մեկնել, դիմավորել Հայաստանից եկած փախստականներին։ Դա հոգնած, տանջված մարդկանց ամբոխ էր, որոնք ամբողջ ճանապարհն անցկացրել էին ապրանքներ տեղափոխող վագոններում։ Մեծերը նրանց հաց տվեցին ուտելու, թույլ տվեցին շունչ քաշել, հետո նստեցրին ուրիշ գնացքներ, որոնք Բաքու էին ուղևորվում։ Մի քանի ընտանիքներ մնացին և որոշ ժամանակ դեռ ապրում էին մեր ավանի տարրական դպրոցի շենքում։
Իսկ հինգ տարի անց արդեն մենք էինք փախչում՝ թողնելով մեր բնակարանն ու այն ամենն, ինչ այնտեղ կար։ Ավելի ճիշտ՝ ոչ բոլորս․ ես այն ժամանակ դպրոցն ավարտել էի և ընդունելության քննություններից հետո մեկնել տատիս մոտ Մինգեչաուր։ Եվ արդեն այնտեղ հեռուստացույցով լսեցի, որ Զանգելանն օկուպացված է, խաղաղ բնակիչներն Արազ գետով Իրան էին տարհանվել, և նրանցից ոմանք խեղդվել էին ջրում։ Այն ժամանակ ինձ մոտ նյարդային նոպա եղավ՝ հիշողության մասնակի կորստով։ Շատ էինք վախեցել մերոնց համար։ Բայց, բարեբախտաբար, մորս, եղբորս ու քրոջս հետ ամեն ինչ կարգին էր։
Այդպես մեր ընտանիքի համար սկսվեց բռնի տեղահանվածների կյանքը, որի 22 տարին ապրել ենք Բաքվի մասնագիտացված ուսումնարաններից մեկի նկուղում։ Պաշտոնյաները գալիս էին, նայում, խոստովանում, որ այդ պայմաններում չի կարելի ապրել ու գնում։ Միայն 2018 թ-ին մեզ, ի վերջո, բնակարան տվեցին, որտեղ էլ հիմա ապրում ենք ես, մայրս, եղբայրս՝ կնոջ և երկու երեխաների հետ։
2021 թ-ի հունվարին ադրբեջանական հեռուստաալիքներից մեկի նկարահանող խմբի հետ առաջին անգամ այցելեցի Մինջիվան։ Եվ հեկեկում էի՝ տեսնելով մեր տան փլատակները։ Ինձ թույլ չտվեցին անգամ մոտենալ դրան, որովհետև տարածքը կարող էր ականապատված լինել։
Պատերազմի ավարտից որոշ ժամանակ անց մեր ընտանիքին կանչեցին տեղի գործադիր իշխանություն և ասացին, որ պետք է մանրամասն նկարագրել այն ամբողջ գույքը, որ թողել ենք Մինջիվանում՝ բնակարանից մինչև սառնարան և գորգեր։ Մենք էլ ցանկ կազմեցինք, և մեզ խոստացան, որ այդ ամենը կփոխհատուցվի։ Այդ օրվանից ոչ մի լուր չկա։ Պարզ չէ նույնիսկ, թե ինչ փոխհատուցման մասին է խոսքը՝ դրամակա՞ն, թե՞ այլ։ Երբ ես փորձում եմ ինչ-որ բան պարզել, ի պատասխան լսում եմ միայն, որ «ամեն ինչ լավ է լինելու, սպասեք»։
Բռնի տեղահանվածների շրջանում անցկացված հարցման ժամանակ մեր ընտանիքը նշել է, որ մտադիր է վերադառնալ Մինջիվան։ Բայց միայն այնտեղ։ Մենք չենք ուզում ապրել Ղարաբաղի ուրիշ ոչ մի քաղաքում կամ գյուղում, չենք ուզում ապրել միանման տներով «խելացի գյուղերում», որոնցից մեկն արդեն կառուցվել է Զանգելանում։
Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքումն անհրաժեշտ է և անխուսափելի։ Ի վերջո, մենք տարածաշրջանային հարևաններ ենք, և միմյանցից չենք փախչի։ Բացի այդ, մի՞թե պատմության մեջ քիչ են օրինակները, որ իրար նկատմամբ թշնամանք ունեցող երկրներն այժմ խաղաղ են ապրում։ Վերցնենք, օրինակ, Անգլիան ու Ֆրանսիան։ Մենք էլ Հայաստանի հետ վաղ թե ուշ կսովորենք խաղաղության և համաձայնության մեջ ապրել։ Ավելի ճիշտ՝ արդեն ոչ թե մենք, այլ հետագա սերունդները։
Ադրբեջանցի բռնի տեղահանվածները