Ադրբեջանում թանկացել է գազն ու էլեկտրականությունը
Ադրբեջանի սակագնային խորհրդի որոշմամբ՝ հուլիսի 1-ից թանկանում է բնական գազն ու էլեկտրականությունը։ Ճիշտ է, իշխանությունը շտապել է սփոփել քաղաքացիներին և հայտարարել է, որ էլեկտրաէներգիայի թանկացումը բնակչության հետ որևէ կապ չունի։ Չնայած դրան՝ ընդունված որոշումները կտրուկ քննադատել են սոցցանցերի օգտատերերը։
- «Դա մեղքի օրինականացում է»․ Վրաց եկեղեցու պատրիարքարանը բողոքում է Pride երթի անցկացման դեմ
- «Քաղցկեղը դատավճիռ չէ։ Ես այն հաղթահարել եմ և ապրում եմ իմ սովորական կյանքով»։ Տեսապատմություն Երևանից
- Ադրբեջանում արցախյան երկրորդ պատերազմի վետերանները բողոքում են խտրականությունից
Մի քանի րոպեի տարբերությամբ հունիսի 30-ին հրապարակվել են Ադրբեջանի կառավարությանը կից Սակագնային խորհրդի երկու որոշումները։ Դրանցից առաջինը վերաբերում էր բնական գազի սակագնին։
Գազը թանկացել է գրեթե կրկնակի
Մինչ այս օրն Ադրբեջանում բնակչության կողմից օգտագործվող բնական գազի երկու սակագին կար։ Տարեկան մինչև 2200 խորանարդ մետր գազն արժեր 0,1 մանաթ [մոտ $0,06] մեկ խորանարդ մետրի դիմաց, իսկ այս սահմանաչափից ավելին՝ 0,2 մանաթ [մոտ $0,12]։
Այսուհետ քվոտավորումն այլ կերպ է լինելու։ Այսպիսով՝ 0,1 մանաթ սակագինը [մոտ $0,06] գործում է միայն մինչև տարեկան 1200 խորանարդ մետրի դեպքում։ Այլ կերպ ասած, նվազագույն գնով գազի սահմանաչափը կրճատվել է գրեթե կիսով չափ։ Այս լիմիտը մինչև 2500 խորանարդ մետր գերազանցելու դեպքում կապույտ վառելիքի գինը հավասար կլինի 0,2 մանաթի [մոտ $0,12], իսկ դրանից բարձր՝ 0,25 մանաթի [մոտ $0,15]։
Հետաքրքիր է, որ գազի գնի բարձրացումն «Ազերգազ» արտադրական միավորումը բացատրել է բնապահպանական պահանջներով։ «Ազերգազի» գլխավոր տնօրեն Ռուսլան Ալիևի խոսքով՝ գազի նոր սակագները նպաստելու են Ադրբեջանում ջեռուցման ցանցերի հետագա զարգացմանը։ «Կենտրոնական ջեռուցումը կիրառվում է աշխարհի շատ երկրներում։ Այն տարբերվում է ջեռուցման անհատական համակարգից ոչ միայն գազի խնայողությամբ, այլև շատ առավելություններ ունի բնապահպանական տեսանկյունից»,- նշել է նա։
Էլեկտրականության հարցը
Ադրբեջանում էլեկտրաէներգիայի գինը 2021 թ-ի հուլիսի 1-ից հաշվարկվելու է օրվա ժամերով։
Այսպես, դատա-կենտրոնների համար (բնակչությունը չէ) էլեկտրաէներգիայի մեկ կիլովատ/ժամի արժեքը 08:00-22:00-ն կազմելու է 7,3 գյափիկ, 22:00-08:00-ը՝ 3,5 գյափիկ։
Սակագնային խորհուրդը նշել է, որ այս սակագները վերաբերում են դատա-կենտրոններին, որոնք էլեկտրաէներգիա են սպառում 110 կՎ լարման էլեկտրահաղորդակցման գծերի միջոցով և օրվա ողջ ընթացքում կայուն ծանրաբեռնվածություն են կրում։ Դրանք արտադրական նպատակներով սպառում են ոչ պակաս, քան 5 մլն կՎտ/ժ էլեկտրաէներգիա։
«Այս սակագինը չի կիրառվում «բնակչություն» կատեգորիայի բաժանորդների նկատմամբ, ինչպես նաև այն բաժանորդների, որոնք այս խմբին չեն պատկանում և զբաղվում են գործունեությամբ, որը տարբերվում է որոշման մեջ նշվածից»,- հավելել է կառույցը։
Մեկնաբանություններ
Սակագնային խորհրդի նշված որոշումները բուռն քննադատություն են առաջացրել սոցցանցերի ադրբեջանական տիրույթում։ Ահա մի քանի բնորոշ մեկնաբանություն։
«Գազի գների բարձրացումը կբերի անտառահատման։ Սահմանաչափը պետք է սահմանել գազի ծավալի հաշվարկով, որը բավարար է գյուղի մեկ տան համար։ Եթե այդպես չլինի, անտառահատումները ոչնչով հնարավոր չի լինի կանխել»։
«Սարսափելի է, որ մենք չենք կարող մեր ձայնը բարձրացնել անգամ այն ժամանակ, երբ մեր աչքի առաջ բնակչության աղքատ շերտերն էլ ավելի են կարիքի մեջ հայտնվում»։
«Հետաքրքիր է, որ գազի թանկացումը փաստարկում են Ուկրաինայում և Թուրքիայում գազի բարձր գներով։ Երբ շահեկան չէ, երբեք չեն հիշում, որ մենք ոչ թե ներկրում ենք գազը, այլ՝ արտահանում»։