Ադրբեջանն ու Հայաստանը երկրորդ անգամ գերիներին փոխանակեցին ականապատ տարածքների քարտեզներով
Հայաստան են վերադարձվել ևս 15 հայ գերիներ
Ռուսական կողմի միջնորդությամբ Հայաստանն Ադրբեջանին է փոխանցել ադրբեջանական բանակի վերահսկողության տակ անցած երկու շրջանների ականապատ դաշտերի քարտեզները։ Դրա դիմաց ադրբեջանական կողմը հուլիսի 3-ին փոխանցել է Բաքվում պահվող Հայաստանի քաղաքացիներին։
Հայաստանում այդ անձանց ռազմագերի են համարում, Արբեջանում՝ դիվերսանտներ։
- Հայաստան է վերադարձել Ադրբեջանում պահվող 15 ռազմագերի՝ ականապատ դաշտերի քարտեզների դիմաց
- Արցախը տրամադրվում է ռուս խաղաղապահների երկարաժամկետ ներկայությանը
- Արցախյան երկրորդ պատերազմի վետերաններն Ադրբեջանում բողոքում են խտրականությունից
Ադրբեջանի ԱԳՆ հաղորդագրությունը
«2021 թ-ի հուլիսի 3-ին Ռուսաստանի Դաշնության նախաձեռնությամբ Հայաստանն Ադրբեջանին է փոխանցել Ֆիզուլիի և Զանգելանի շրջանների օկուպացիայի ժամանակ տեղադրված մոտ 92 000 հակատանկային և հակահետևակային ականների քարտեզները։
Շնորհակալություն ենք հայտնում Ադրբեջանի Հանրապետոթյան տարածքում ժամանակավորապես տեղակայված ռուսական խաղաղապահ կոնտինգենտի հրամանատար Ռուստամ Մուրադովին ականապատման քարտեզների ստացման հումանիտար նախաձեռնության իրականացման գործում միջնորդական դերի համար։
Ականապատ դաշտերի քարտեզների ստացումը մեր տասնյակ հազարավոր քաղաքացիների, այդ թվում՝ սակրավորների կյանքեր կփրկի և կարագացնի ազատագրված տարածքներում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի նախաձեռնած շինարարական և վերականգնողական նախագծերի իրականացումը, ինչպես նաև բռնի տեղահանվածների վերադարձի գործընթացը։
Որպես մարդասիրական քայլ՝ ադրբեջանական կողմը Հայաստանին է փոխանցել հայկական ծագման 15 անձի, որոնց դատարանը դատապարտել է ազատազրկման, և որոնց պատժի ժամկետը լրացել է»,- ասված է Ադրբեջանի արտգործնախարարության մամուլի ծառայության հաղորդագրությունում։
Ո՞ր գերիների ազատազրկման ժամկետն է լրացել
2021 թ-ի հուլիսի 2-ին Բաքվի ծանր հանցագործությունների դատարանում կայացել է Հայաստանի քաղաքացիների դեմ քրեական գործի քննման հերթական նիստը։ Նրանք մեղադրվում են Ադրբեջանի տարածքում «դիվերսիաների իրականացման, ահաբեկչական ակտերի և այլ հանցագործությունների» համար։
Ադրբեջանի քրեական օրենսգրքի մի քանի հոդվածներով մեղադրվում էին հետևյալ անձինք՝ Գեղամ Սերոբյանը, Հրաչ Ավագյանը, Արմեն Պողոսյանը, Գոռ Գասպարյանը, Կամո Սեֆիլյանը, Վոլոդյա Հակոբյանը, Գևորգ Ասատրյանը, Սիսակ Ենգոյանը, Ալբերտ Պետրոսյանը, Ռոմիկ Սեդրակյանը, Արամ Մինասյանը, Մկրտիչ Մինասյանը, Էդգար Մահտեսյանը, Յուրի Կարապետյանը, ընդհանուր՝ 14 մարդ։
Դատախազը պահանջել էր Հրաչ Ավագյանին և Գեղամ Սերոբյանին 5 տարվա ազատազրկման, մնացածներին՝ 2 տարվա ազատազրկման դատապարտել Ադրբեջանի ՔՕ 318 հոդվածով (սահմանի ապօրինի հատում)։
Հրաչ Ավագյանն ու Գեղամ Սերոբյանն արդյունքում դատապարտվել էին 4 տարվա, մյուս 12 գերիները՝ 6-ամսյա ազատազրկման։
Բոլոր դատապարտվածները ձերբակալվել են 2020 թ-ի դեկտեմբերին, և դատավճռի հրապարակման պահին նրանց ազատազրկման ժամկետը՝ վեց ամիսն արդեն լրացել էր։
Տեղեկություններ Երևանից
Երևանում հաստատել են, որ 15 ռազմագերիներ են Ադրբեջանից հայրենիք վերադարձվել խաղաղապահ կոնտինգենտի հրամանատար Ռուստամ Մուրադովի ուղեկցությամբ։ Հաղորդվում է նաև, որ գերիները վերադարձվել են՝ շնորհիվ հենց նրա ջանքերի։
Վերադարձածներից 12-ը զինծառայողներ են, որոնք գերեվարվել են Խծաբերդում 2020 թ-ի նոյեմբերի վերջին՝ Արցախյան երկրորդ պատերազմի ավարտից և հրադադարի մասին եռակողմ հայտարարության ստորագրումից հետո։ Այդ պատճառով էլ հայկական կողմը նրանց գերեվարումը «միջազգային հումանիտար իրավունքի կոպիտ խախտում» է համարում։
Հուլիսի 2-ին 12 ռազմագերիներ Բաքվի դատարանի կողմից դատապարտվել էին 6-ամսյա ազատազրկման «Ադրբեջանի պետական սահմանի խախտման համար»։
Նրանց հայրենիք վերադարձնելու համար հայկական կողմն Ադրբեջանին է փոխանցել Վարանդայի (Ֆիզուլի) և Կովսականի (Զանգելան) ականապատ տարածքների քարտեզները, որոնք անցել են Ադրբեջանի ԶՈւ վերահսկողության տակ Արցախյան երկրորդ պատերազմի հետևանքով։
Հայ ռազմագերիներին բերող ինքնաթիռի «Էրեբունի» օդանավակայանում վայրէջք կատարելուց հետո ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատար Ռուստամ Մուրադովը հայտարարել է, որ ռուսական կողմը շարունակելու է «զինված հակամարտության դադարեցման մասին եռակողմ հայտարարության դրույթների կատարման ապահովման աշխատանքը»։
Ավելի վաղ՝ հունիսի 12-ին, հայրենիք էր վերադարձել ևս 15 հայ ռազմագերի․ այն ժամանակ՝ Աղդամի շրջանի ականապատ տարածքների քարտեզների դիմաց։
Հայաստանի իշխանությունը բազմիցս հայտարարություններ է արել, որոնք դատապարտում են Բաքվում Արցախյան երկրորդ պատերազմից հետո դեռևս պահվող հայ ռազմագերիների նկատմամբ դատական գործընթացները։
Հայաստանի ԱԳՆ հունիսի 4-ի հայտարարությունում ասվում է, որ, «չնայած միջազգային հանրության բազմաթիվ կոչերին, Ադրբեջանը շարունակում է թաքցնել գերիների իրական թիվը՝ հերքելով տասնյակ հայ զինծառայողների և քաղաքացիական անձանց գերեվարման հանգամանքը։ Ավելին, Ադրբեջանը հերքում է նույնիսկ այն անձանց գերեվարումը, որոնց՝ Ադրբեջանում գերության մեջ գտնվելու վերաբերյալ առկա են հստակ ապացույցներ թե՛ տեսանյութերի և թե՛ հայրենադարձած գերիների վկայությունների տեսքով»։
Հայաստանի իշխանության կարծիքով՝ Ադրբեջանում պահվող բոլոր հայ ռազմագերիներն ու քաղաքացիական անձինք պետք է անհապաղ ազատ արձակվեն և հայրենիք վերադարձվեն առանց որևէ նախապայմանի։