Ադրբեջանը ստորագրել է դաշնակցային հռչակագիր Ռուսաստանի հետ։ Ի՞նչ է սա նշանակում
Չորսժամյա առանձին հանդիպումից հետո Մոսկվայում նախագահներ Վլադիմիր Պուտինը և Իլհամ Ալիևը հռչակագիր են ստորագրել Ռուսաստանի և Ադրբեջանի միջև դաշնակցային համագործակցության մասին։ Ի՞նչ է գրված փաստաթղթում, և ինչպե՞ս են այն մեկնաբանում Բաքվում։
- Ադրբեջանն ու Թուրքիան պայմանավորվել են փոխադարձ ռազմական օգնության մասին
- «Ղարաբաղում անջատողական տրամադրությունները ղեկավարվում են Մոսկվայից»․ մեկնաբանություն Բաքվից
- Պուտինը ճանաչել է ԼԺՀ/ԴԺՀ-ն, ռուսական զորքերը մտել են Արևելյան Ուկրաինա
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պաշտոնական այց է կատարել Մոսկվա, որտեղ հանդիպել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին։
Կորոնավիրուսի համավարակի հետ կապված սահմանափակումների պատճառով երկու պետությունների ղեկավարները հանդիպել են կրեմլյան երկար սեղանի շուրջ, որը հայտնի է դարձել Պուտինի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հանդիպումից հետո։
Հանդիպման՝ լրագրողների համար բաց հատվածում Իլհամ Ալիևը Ռուսաստանին շնորհակալություն է հայտնել Արցախյան հակամարտության կարգավորման հարցում ակտիվ մասնակցության համար։ Ադրբեջանի նախագահը նաև խոսել է երկու երկրների միջև դաշնակցային համագործակցության հռչակագրի մասին՝ նշելով, որ փաստաթղթի վրա աշխատել են ավելի քան մեկ տարի։
Առանձին հանդիպումից հետո, որը տևել է ավելի քան չորս ժամ, երկու պետությունների առաջնորդները հռչակագիր են ստորագրել։
Հետաքրքիր է, որ հռչակագրի ստորագրումը Պուտինն ու Ալիևը նշել են շամպայնով, բայց կրկին՝ «կովիդային հեռավորության» վրա։
Ի՞նչ է ասվում հռչակագրում
Ռուսաստանի և Ադրբեջանի միջև դաշնակցային համագործակցության մասին հռչակագրի ամբողջական տեքստն օպերատիվ կերպով հրապարակվել է Ադրբեջանի արտգործնախարարության կայքում։
Այն կազմված է 43 կետերից։
Հռչակագրի ներածական մասում նշվում է, որ կողմերն ի գիտություն են ընդունում «Կողմերի շահագրգռվածությունն ԱՊՀ տարածքում ինտեգրացիոն գործընթացների զարգացման հարցում և Ռուսաստանի Դաշնության դերը համապատասխան ջանքերում»։
Փաստաթղթի առաջին կետում նշվում է, որ Ռուսաստանն ու Ադրբեջանն «իրենց հարաբերությունները կառուցում են դաշնակցային փոխգործակցության, երկու երկրների անկախության, պետական ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և պետական սահմանների անխախտելիության նկատմամբ փոխադարձ հարգանքի, ինչպես նաև միմյանց ներքին գործերին չմիջամտելու, իրավահավասարության և փոխշահավետության, վեճերի խաղաղ կարգավորման և ուժի, ուժի սպառնալիքի չկիրառման հիման վրա»։
Ընդգծվում է, որ Ռուսաստանն ու Ադրբեջանը, «զբաղեցնելով միանման կամ նման դիրքորոշումներ արդիական միջազգային խնդիրների վերաբերյալ, խորացնում են կառուցողական համագործակցությունն, այդ թվում՝ երկկողմանի հիմքերի վրա, ինչպես նաև համագործակցում են ՄԱԿ, ԵԱՀԿ, ԱՊՀ, այլ միջազգային կազմակերպությունների ֆորումների շրջանակում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերով»։
«Ռուսաստանի Դաշնությունն ու Ադրբեջանի Հանրապետությունը հարգում են անհապաղ խորհրդակցությունների անցկացման պատրաստակամությունն այնպիսի իրավիճակի առաջացման դեպքում, որն, ըստ Կողմերից մեկի, կարող է սպառնալիք ստեղծել խաղաղության համար, խախտել այն կամ կապված լինել Կողմերից մեկի անվտանգային շահերի հետ, ինչպես նաև նման իրավիճակի սպառնալիքի դեպքում՝ դրա կարգավորման նպատակով», — ասված է հռչակագրի տեքստում։
Կողմերը նաև պայմանավորվել են վճռականորեն կանխել իրենց տարածքներում «կազմակերպությունների և անձանց գործունեությունը, որն ուղղված է մյուս Կողմի պետական ինքնիշխանության, անկախության և տարածքային ամբողջականության դեմ»։
«Անվտանգության, խաղաղության և կայունության ապահովման նպատակով Ռուսաստանն ու Ադրբեջանը կարող են դիտարկել միմյանց ռազմական օգնության տրամադրման հնարավորությունը ՄԱԿ Կանոնադրության, առանձին միջազգային պայմանագրերի հիման վրա և հաշվի առնելով Կողմերից յուրաքանչյուրի առկա միջազգային-իրավական պարտավորությունները», — նշված է փաստաթղթում։
Մեկնաբանություն
Հարավային Կովկասում նոր իրողություններն անհրաժեշտ պայմաններ են ստեղծել Բաքվի և Մոսկվայի հարաբերություններում նոր դինամիկայի համար, կարծում է քաղաքական մեկնաբան Աղշին Քերիմովը։
«Վերջին ժամանակներս Հարավային Կովկասում ձևավորված իրավիճակը նոր հնարավորություններ է ստեղծում տարածաշրջանում կայուն խաղաղության և կայունության համար։
Այդ հնարավորություններն առանձնապես արդիական են Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման համատեքստում, և այս երկու երկրների միջև խաղաղության պայմանագրի ստորագրման համար կան բոլոր շանսերը։
Հետաքրքիր դետալ եմ ուզում նշել հանդիպման՝ լրագրողների համար բաց հատվածի մասին։ Պուտինը հայտարարել է, որ կան վիճելի հարցեր հետկոնֆլիկային փուլում, սակայն Ռուսաստանը շարունակելու է բոլոր ջանքերը գործադրել այդ գործընթացի խաղաղ լուծման համար։
Կարելի է ենթադրել, որ նման հայտարարությունից և Ադրբեջանի հետ հռչակագրի ստորագրումից հետո Ռուսաստանը կավելացնի ճնշումը Հայաստանի նկատմամբ, որովհետև Ռուսաստանի ու Ադրբեջանի հարաբերությունների բնույթը բոլորովին նոր մակարդակ է բարձրանում։
Ստորագրված հռչակագիրը թույլ կտա ամրապնդել տնտեսական կապերը, սակայն առավել կարևոր է այն, որ երկու երկրների միջև քաղաքական հարաբերությունները նոր զարգացում կստանան։
Կարող եմ միայն ենթադրել, որ այս պահից սկսած՝ ռուս խաղաղապահների վարքը Ղարաբաղի այն հատվածում, որտեղ նրանք ժամանակավորապես տեղակայված են Ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո, կփոխվի դեպի լավը՝ պաշտոնական Բաքվի տեսանկյունից։ Սակայն դեռևս դժվար է ասել, թե դրա դիմաց ինչ կպահանջի Մոսկվան», — նշել է Քերիմովը։