Ադրբեջանի հայցն ընդդեմ Հայաստանի. կարող է նախադեպ ստեղծել
Ադրբեջանը դիմել է Արդարադատության միջազգային դատարան՝ հայց ներկայացնելով ընդդեմ Հայաստանի: Բաքուն Երևանից փոխհատուցում է պահանջում «շրջակա միջավայրի և կենսաբազմազանության ոչնչացման» համար այն ժամանակահատվածում, երբ Ղարաբաղը գտնվում էր հայկական զինված ուժերի վերահսկողության տակ։ Սա առաջին դեպքն է, երբ որևէ երկիր միջպետական արբիտրաժ է դիմում Բեռնի կոնվենցիայի համաձայն։ The Guardian-ը գրում է, որ եթե Ադրբեջանը հաղթի, նախադեպ կստեղծվի կենսաբազմազանության և շրջակա միջավայրի ոչնչացմանը տնտեսական արժեք տալու համար:
- «Մարդիկ սովամահ են լինում քաղաքական խաղերի պատճառով»․ ՀՀ արտգործնախարար
- 64 զինծառայողի մահ՝ 1 տարում․ տվյալներ Հայաստանից և ԼՂ-ից
- «ԼՂ-ի հայերն ունեն ինքնորոշման իրավունք». Ռուբեն Վարդանյանի հարցազրույցը BBC-ին
Բրիտանական հեղինակավոր The Guardian պարբերականը հոդված է հրապարակել‘ նվիրված Արդարադատության միջազգային դատարան ընդդեմ Հայաստանի Ադրբեջանի ներկայացրած հայցին։ Դատարանը «կդիտարկի երկու երկրների միջև հակամարտության ընթացքում շրջակա միջավայրի համատարած ոչնչացման ապացույցները, ներառյալ անտառահատումները և շրջակա միջավայրի աղտոտումը, և նրան կառաջարկվի Հայաստանին պարտավորեցնել փոխհատուցում վճարել»,- ասվում է նյութում։
«Ադրբեջանը դատի է տվել Հայաստանին պատերազմի ժամանակ շրջակա միջավայրին հասցված վնասի համար» վերնագրված հոդվածում ընդգծվում է, որ «Բնության մասին Բեռնի կոնվենցիայի շրջանակում հարուցված գործը կարող է նախադեպային դառնալ պատերազմի ընթացքում կենսաբազմազանության ոչնչացման համար»։
Պարբերականին հետաքրքրել է նաև այն փաստը, որ սա առաջին դեպքն է, երբ որևէ երկիր դիմում է միջպետական արբիտրաժ՝ Բեռնի կոնվենցիայի համաձայն։
Ի՞նչ է պահանջում Ադրբեջանը
«Ադրբեջանը հայտարարում է, որ երբ տարածքները վերադարձվել են, պարզվել է, որ կենսամիջավայրերն ու տեսակները վնասներ են կրել, սպառվել են բնական ռեսուրսները, ոչնչացվել է կենսաբազմազանությունը»,- ասվում է հոդվածում։
Նշվում է, որ այս հայցը «երկու պետությունների միջև ավելի լայն դիվանագիտական հակամարտության մի մասն է»։
Բրիտանացի լրագրողների խոսքով՝ Ադրբեջանը աշխարհաքաղաքական տեսանկյունից առանցքային ռազմավարական դիրք է զբաղեցնում Եվրոպայի և Ասիայի միջև, բայց նաև հանդիսանում է կենսաբանական խաչմերուկ բույսերի և կենդանիների տեսակների համար։
«Ադրբեջանի բնապահպանության և բնական պաշարների նախարարության տվյալներով՝ օկուպացիայի ժամանակ հանքարդյունաբերությունը վնասել է անտառների մեծ մասը, որոնք կենսաբազմազանության օջախներ են, որտեղ ապրում են հազվագյուտ, անհետացող և էնդեմիկ տեսակներ, այդ թվում՝ կովկասյան ընձառյուծը, գորշ արջը, գորշ գայլը, ինչպես նաև մեծ, բծավոր և տափաստանային արծիվը:
Նախարարությունը հայտնել է, որ վնասվել են ավելի քան 7000 հեկտար (17000 ակր) տարածք զբաղեցնող պահպանվող անտառներ: Այդ արգելոցներից մի քանիսը ստեղծվել են’ պաշտպանելու հազվագյուտ և փխրուն էկոհամակարգերը, ինչպիսին է Բյասիցչայ գետի հովտում գտնվող արևելյան սոսիների անտառը:
Հաղորդվում է, որ դիտարկման տարածքում մոտ 2000 տարեկան ծառեր են հատվել: Բացի միկրոկլիմայի կարգավորման և կենսաբազմազանության պահպանման գործում կարևոր դեր խաղալուց, դրանք ունեն նաև կարևոր մշակութային նշանակություն:
Ընդգծվում է նաև, որ անցյալ տարի Ադրբեջանի համար պատրաստված’ ՄԱԿ-ի Շրջակա միջավայրի ծրագրի զեկույցում նշվում է գյուղատնտեսական արժեքավոր հողերի և ջրերի կառավարման համակարգերին հասցված լուրջ վնասի մասին: «Այնտեղ ներկայացված են ապացույցներ այն մասին, որ Չարդաղլիում ածխի արդյունահանումը և քարհանքն իրականացվել են առանց համապատասխան բնապահպանական վերահսկողության՝ մեծացնելով քիմիական աղտոտման և սողանքների վտանգը»:
Ականները շարունակում են մնալ խնդիր և սպանում են անասուններին և վայրի կենդանիներին, ինչպես նաև հրդեհների պատճառ դառնում: Ծանր մետաղները և պայթուցիկ նյութերի մնացորդները աղտոտում են հողն ու ջուրը:
Հակափաստարկներ
Սակայն The Guardian-ը նաև UNEP-ի (ՄԱԿ-ի շրջակա միջավայրի ծրագիր) հակափաստարկներն է ներկայացնում:
Այսպիսով, UNEP-ը պարզել է, որ «ճանապարհների կառուցումը, որը սկսվել է 2021 թվականի հունվարին՝ որպես Ադրբեջանի տարածքների վերականգնման ծրագրի մաս, հանգեցրել է նաև անտառածածկույթի կրճատմանը»։ Եվ զեկույցում ասվում է, որ «հնաըավոր է’ կենսաբազմազանությունն իսկապես շահել է պատերազմի ժամանակ՝ վերականգնվելով լքված բնակավայրերի շուրջ»։
«Այլ ընտրություն չունեինք»
Ադրբեջանը պնդում է, որ Հայաստանը խախտել է Բեռնի կոնվենցիայով ստանձնած իր պարտավորությունները՝ պահպանել վայրի բուսական և կենդանական աշխարհը, ապահովել կենսամիջավայրերի պահպանությունն ու վերականգնումը, ինչպես նաև պաշտպանել հատուկ տեսակները, այդ թվում՝ չվող:
«Ապօրինի օկուպացիայի ժամանակ կենսաբազմազանությունը և շրջակա միջավայրը պահպանելու փոխարեն Հայաստանը ոչնչացրեց դրանք», — մեջբերում է Ադրբեջանի փոխարտգործնախարար, Արդարադատության միջազգային դատարանում երկրի ներկայացուցիչ Էլնուր Մամեդովի խոսքերը:
Մամեդովի խոսքով՝ Ադրբեջանն ավելի քան 18 ամիս փորձում է վեճը լուծել դիվանագիտական ճանապարհով։ «Ցավոք, Հայաստանը արգելափակեց և ի վերջո անտեսեց Ադրբեջանի ջանքերը։ Ուստի մեզ այլ տարբերակ չմնաց, քան այս գործը հարուցելը՝ շրջակա միջավայրին անպատասխանատու կերպով վնաս հասցնելու համար Հայաստանին պատասխանատվության ենթարկելու համար»։
«Մեկնաբանություն ստանալու համար Հայաստանի կառավարության հետ կապ հաստատել չհաջողվեց»,- նշվում է հրապարակման մեջ:
Փաստաբանի կարծիքը
The Guardian-ը մեջբերում է լոնդոնյան Clyde & Co ընկերության իրավաբան Զանետա Սեդիլեկովայի կարծիքը: Նրա խոսքով’ սա «օկուպանտ պետության կողմից կենսաբազմազանության հսկայական ոչնչացման դեմ պայքարի եզակի օրինակ է, ոչնչացում, որն ազդում է մարդկանց համար առողջ էկոհամակարգային ծառայությունների վրա»:
«Չնայած այն հիմնված է անօրինական օկուպացիայի փաստի վրա և, հետևաբար, դժվար է այն տեղափոխել այլ համատեքստ, այն ցույց է տալիս պետությունների կողմից կենսաբազմազանությամբ հարուստ, հավասարակշռված և առողջ էկոհամակարգերի անփոխարինելի արժեքի ճանաչման աճը», — ասել է նա:
Պարբերականը հայտնում է, որ պատերազմական իրավիճակում աճում է շրջակա միջավայրի ոչնչացման հետ կապված անհանգստությունն ու դրա բարդ հետևանքների մասին իրազեկվածությունը: Դեկտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան համաձայնեցրեց զինված հակամարտությունների և օկուպացիայի ժամանակ շրջակա միջավայրի պաշտպանության 27 իրավական սկզբունքները, այդ թվում’ կորպորատիվ վարքագծի և բնական ռեսուրսների օգտագործման հետ կապված:
Երկու երկրներն այժմ ունեն երեք ամիս, որպեսզի նշանակեն արբիտրներ, որոնք կքննարկեն վնասի ապացույցները և կորոշեն՝ արդյոք Հայաստանը պետք է փոխհատուցում վճարի և որքան։ Որպես Բեռնի կոնվենցիան ստորագրած երկիր՝ Հայաստանը իրավական առումով պարտավոր է հետևել այդ որոշմանը։
«Եթե Ադրբեջանը հաջողի իր գործում, սա կլինի առաջին դեպքը, երբ արբիտրաժային դատարանը փոխհատուցում կսահմանի շրջակա միջավայրի ոչնչացման համար և, ամենայն հավանականությամբ, կգնահատի կենսաբազմազանության կորստի և էկոհամակարգային ծառայությունների կորստի տնտեսական արժեքը կոնկրետ տարածքում և կոնկրետ երկրի համար»,- հավելել է Սեդիլեկովան։
Գետի խնդիրը Հայաստանում
«Բացի փոխհատուցման պահանջից, Ադրբեջանն ուզում է, որ դատարանը Հայաստանին հորդորի դադարեցնել ընթացիկ գործունեությունը, որը, ըստ նրա, շարունակում է վնաս հասցնել շրջակա միջավայրին։ 2021 թվականին Ադրբեջանի կողմից իրականացված Օխչուչայ գետի վերլուծությունը ցույց է տվել, որ ջրում և ստորին նստվածքներում ծանր մետաղների, այդ թվում՝ կադմիումի, կապարի, նիկելի, երկաթի, մոլիբդենի և ցինկի չափազանց բարձր կոնցենտրացիաներ են եղել։ Ադրբեջանը հայտարարում է, որ ձկների և երկկենցաղների մի քանի պահպանվող տեսակներ վտանգի տակ են և պնդում, որ խնդիրը պայմանավորված է Հայաստանի վերին հոսանքում պղնձի և մոլիբդենային հանքավայրերի արտահոսքով, ինչպես նաև կենցաղային կոյուղաջրերով:
UNEP զեկույցում նշվում է, որ Օխչուչայ գետի աղտոտվածությունը վաղուց մտահոգություն է առաջացնում Հայաստանում։ Դրանում ասվում է, որ Հայաստանի բնապահպանական և քաղաքացիական հասարակության կազմակերպությունները պարբերաբար «անհանգստություն են հայտնել ծանր մետաղներով և այլ նյութերով գետի աղտոտման մասին, իսկ հայ գիտնականների ուսումնասիրությունները բացահայտել են պայմանների վատթարացումը»,- իր հրապարակման մեջ նշում է The Guardian-ը: