Ադրբեջանական բանտերում պահվող չորս էթնիկ հայեր հունվարի 14-ին տեղափոխվել են Հայաստան։
Այս բոլորովին անսպասելի հայտարարությունը հաստատել են թե՛ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, թե՛ Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությունը։
Հայաստան են տեղափոխվել Դավիթ Դավթյանը, Գևորգ Սուջյանը, Վիգեն Էուլջեքջյանը և Վագիֆ Խաչատրյանը։
Լուսանկարում՝ ձախից Վագիֆ Խաչատրյանն է, վերևի աջ անկյունում Վիգեն Էուլջեքջյանն է, ներքևի էջ անկյունոմ Դավիթ Դավթյանն ու Գևորգ Սուջյանը
«Գործընթացն իրականացվել է որպես Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև հաստատված խաղաղության գործնական արդյունք», — ասվում է Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության հաղորդագրության մեջ։
Նիկոլ Փաշինյանը գրել է. «Գևորգ Սուջյանը, Դավիթ Դավթյանը, Վիգեն Էուլջեքջյանը նախնական զննությամբ առողջական խնդիրներ չունեն։ Վագիֆ Խաչատրյանի [2023 թվականի հուլիսին նա Ղարաբաղից գալիս էր Երևան՝ սրտի վիրահատության, երբ ձերբակալվեց Ադրբեջանի իրավապահների կողմից] առողջական վիճակը նախնական գնահատվում է բավարար։ Նրանք տեղափոխվում են Երևան»։
Վարչապետի խոսքով՝ նրանց հայկական կողմին են հանձնել Հակարի կամրջի վրա։
Ադրբեջանի APA պետական լրատվական գործակալությունը հետևյալ կերպ է մեկնաբանել իրադարձությունը .
«Համաձայն Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված երկկողմ համաձայնագրի և մարդասիրության սկզբունքներով առաջնորդվելով՝ չորս անձինք՝ Վագիֆ Չերքեզի Խաչատրյանը, Գևորգ Ռուբենի Սուջյանը, Դավիթ Տիգրանի Դավթյանը և Վիգեն Աբրահամի Էուլջեքջյանը, որոնք մեղավոր են ճանաչվել Ադրբեջանի քրեական օրենսգրքի տարբեր հոդվածներով և իրենց պատիժը կրում էին մեր երկրում, տեղափոխվել են Հայաստան։
Այս գործընթացը նաև Ադրբեջանի և Հայաստանի միջև հաստատված խաղաղության գործնական արդյունք է։
Փոխանցված անձանց իրավունքները լիովին հարգվել են Ադրբեջանում նրանց կալանքի ընթացքում, և նրանց առողջությունն ու կալանքի պայմանները համապատասխանում էին միջազգային չափանիշներին։ Դատապարտյալները նաև բժշկական զննում են անցել Հայաստան մեկնելուց առաջ, և հաստատվել է, որ նրանց առողջությունը նորմալ է։
Վագիֆ Խաչատրյանը, որի առողջական վիճակը բավարար չէր, ստացել է անհրաժեշտ բժշկական օգնություն և գտնվել մշտական բժշկական հսկողության տակ»։
Ի՞նչում էր մեղադրում Ադրբեջանը ազատված հայերին
Վիգեն Էուլջեքջյանը ձերբակալվել է 2020 թվականի նոյեմբերին։ 2021 թվականին նա դատապարտվել է 20 տարվա ազատազրկման՝ ահաբեկչության և վարձկանության մեղադրանքով։
Դավիթ Դավթյանը և Գևորգ Սուջյանը ձերբակալվել են 2021 թվականին և դատապարտվել 15 տարվա ազատազրկման։ Երկուսն էլ մեղադրվել են լրտեսության, զենքի անօրինական պահման և սահմանի անօրինական հատման մեջ։
Վագիֆ Խաչատրյանը ձերբակալվել է 2023 թվականին։ Նա մեղադրվել է Ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ Խոջալուի շրջանի Մեշալի գյուղում ցեղասպանության իրականացման մեջ և դատապարտվել 15 տարվա ազատազրկման։
Թե մեղադրյալները, թե հայ իրավապաշտպանները հերքում են մեղադրանքները՝ հայտարարելով, որ դրանք շինծու են և բացարձակ անհիմն։