«Ագրեսորը պետք է դուրս գա Հայաստանի տարածքից»․ Փաշինյան
Ադրբեջանական ագրեսիա ընդդեմ Հայաստանի
Հայկական կողմն ունի 105 զոհ, Ադրբեջանն օկուպացրել է երկրի ինքնիշխան տարածքի 10 քառակուսի կիլոմետրը։ Խորհրդարանում հայտնել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նախօրեին Հայաստանի վարչապետը հայտարարել էր, որ հայկական կողմն առնվազն 49 զոհ ունի՝ նշելով, որ «այդ թիվը, ցավոք, վերջնական չէ»։
Սեպտեմբերի 13-ի գիշերվանից հայ-ադրբեջանական սահմանին ռազմական գործողությունների արդյունքում զոհեր և վիրավորներ կան ինչպես զինծառայողների, այնպես էլ քաղաքացիական անձանց շրջանում։ Ադրբեջանի Զինված ուժերը թիրախավորում են նաև խաղաղ բնակավայրերն ու քաղաքացիական ենթակառուցվածքները։ Արդյունքում հրդեհվում են բնակելի տներ, անտառային հատվածներ։
Ի՞նչ է հաղորդել Փաշինյանը, նաև վերջին հաղորդագրությունները սահմանային իրադրության մասին՝ պաշտպանության և առողջապահության նախարարություններից։
Վարչապետի խոսքով՝ Հայաստանի քաղաքական խնդիրն այն է, որ ագրեսորը դուրս գա երկրի տարածքից։ Փաշինյանը նկատի ունի նաև 2021 թվականի մայիսի 12-ին Սոթք-Խոզնավար հատվածում տեղի ունեցած ներխուժումը, որից հետո ադրբեջանական զինուժն այդպես էլ չվերադարձավ ելման դիրքեր։
Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ 2021 թվականի մայիսի 12-ի ներխուժման ժամանակ ադրբեջանական կողմն օկուպացրել էր Հայաստանի 40 քառակուսի կմ տարածք, վերջին հարձակման արդյունքում՝ ևս 10 քառակուսի կիլոմետր։
«Ստորագրելու եմ մի թուղթ, որը ․․․»
Հայաստանի վարչապետն ասել է, որ իր վրա վերցրել է պատասխանատվություն՝ գնալ ծանր որոշումների՝ հանուն խաղաղության, բայյց «ծանր չի նշանակում ՀՀ պետական շահերին հակասող որոշումներ»։ Նա տեղեկացրել է, որ «ուզում են ստորագրել մի թուղթ», ինչի արդյունքում շատ մարդիկ են իրենց քննադատելու, հայհոյելու, «դավաճան» են անվանելու, բայց «դրա արդյունքում 29 հազար 800 քառակուսի կմ տարածքով Հայաստանը կստանա տևական խաղաղություն և անվտանգություն»։
«Այն որոշումը, որ դա ապահովելու է, ես, շատ հստակ ասում եմ, ստորագրելու եմ։ Ինձ չի հետաքրքրում՝ հետո ինչ կլինի ինձ հետ, ինձ հետաքրքրում է՝ ինչ կլինի հետո Հայաստանի հետ»,- հայտարարել է Փաշինյանը։
Քանի որ վարչապետի այս խոսքերը շփոթություն առաջացրին հասարակությունում, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությաբ ֆեյբուքյան էջում հայտնվեց բացատրություն, որը վերնագրված է «Փոթորիկ մեկ բաժակ ջրում, կամ հերթական մեդիատեռորը»։ Դրա հեղինակը ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանն է։
«Վարչապետը այսօր Ազգային ժողովում իրականում ասել է, որ Հայաստանի տարածքային ամբողջականությունը և սուվերենությունը կարմիր գիծ է, և մենք ամեն բան անելու ենք պահպանելու մեր երկրի տարածքային ամբողջականությունը։ Մենք պատրաստ ենք ստորագրել մի թուղթ, որը կապահովի տևական խաղաղություն և անվտանգություն ՀՀ֊ի համար։ Հիմա ամենակարևորը։ Այս պահին նման ԹՈՒՂԹ ՉԿԱ, որևէ բան ՉԻ՛ ստորագրվելու։ Խոսքը ապագայում որևէ հիպոթետիկ լուծման մասին է, որը կարտահայտեր մեր պետական շահերը»։
Ո՞վ է Հայաստանի դաշնակիցը
«Ո՞վ է մեր դաշնակիցը, ինչո՞ւ ենք մենք մենակ»․ հասարակությունում քննարկվող այս հարցն է հնչեցրել պատգամավորներից մեկը։ Ի պատասխան վարչապետը նշել է, որ Հայաստանի դաշնակիցը Ռուսաստանն է և ՀԱՊԿ-ը։ Անդրադառնալով երեկ կայացած ՀԱՊԿ արտահերթ նիստին՝ Փաշինյանն ասել է, որ ընթացք է տրվել մի գործընթացի, որը «պիտի իր կոնկրետ լուծումներն ունենա»։
«Նիստի ընթացքում մեր գործընկերները հնչեցրել են հստակ գնահատականներ, որ Ադրբեջանի զինված ուժերը ներխուժել են Հայաստանի ինքնիշխան տարածք։ Եթե այդ ձևաչափում այդպիսի նախադասություններ հնչում են, դրանք չպիտի մնան անհետևանք։ Գործարկվել է ընթացակարգ, և մենք ամեն ինչ անելու ենք, որ այդ ընթացակարգն իր տրամաբանական արդյունքին հասնի»,- ընդգծել է նա։
Հայաստանի վարչապետի խոսքով՝ ռազմական միջամտությունը չի դիտարկվում որպես միակ հնարավոր սցենար, քանի որ կան քաղաքական, դիվանագիտական ազդեցության այլ գործիքներ և մեխանիզմներ։
Ռուսաստանից և ՄԱԿ Անվտանգության խորհրդից բացի Հայաստանի կառավարությունը նախօրեին դիմել էր նաև Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը (ՀԱՊԿ)։ Ուշ երեկոյան առցանց ձևաչափով արտահերթ նիստ էր անցկացվել։ Արդյունքում որոշվել էր ստեղծված իրավիճակը գնահատելու համար հակամարտության գոտի ուղարկել ՀԱՊԿ առաքելություն՝ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի ղեկավարությամբ: Հայաստանի արտգործնախարարը խորհրդարանի ամբիոնից հայտնեց, որ դիտորդական առաքելությունը Հայաստան կժամանի սեպտեմբերի 15-ին։
«Մեր դիմումը պատշաճ կարգով քննարկվել է ՀԱՊԿ խորհրդում, որոշվել է ուղարկել դիտորդական առաքելություն, և մենք հուսով ենք, որ առաքելությունը վաղն արդեն կժամանի»,- ասել է Արարատ Միրզոյանը։
Վարչապետի խոսքով՝ Հայաստանը կառույցին է դիմել Հավաքական անվտանգության պայմանագրի չորրորդ հոդվածի հիման վրա, որն ասում է՝ անդամ երկրներից մեկի նկատմամբ ագրեսիան համարվում է ագրեսիա մյուս երկրների նկատմամբ։
«Մենք ՀԱՊԿ-ից խնդրել ենք աջակցություն, այդ թվում՝ ռազմական՝ Հայաստանի տարածքային ամբողջականությունը վերականգնելու և Հայաստանի տարածքից ադրբեջանական զինված ուժերի դուրսբերումն ապահովելու համար»,- ասել է Փաշինյանը։
Ռազմական դրություն դեռևս չի հայտարարվել
Հայաստանի վարչապետն ընդգծել է, որ երկրի ինքնիշխանությունն ու անկախությունը քննարկման ենթակա լինել չեն կարող, դրանք «կարմիր գիծ» են։
Փաշինյանը հայտնել է, որ ռազմական դրություն մտցնելու վերաբերյալ նախագիծն իր սեղանին է, հարցն էլ՝ օրակարգում։ Նման որոշում, սակայն, դեռևս չկա։
Սահմանային իրավիճակի մասին
Հայաստանի ռազմական գերատեսչության փոխանցմամբ՝ ժամը 18:00-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին շարունակում է լարված մնալ։
«Ժամը 15:00-17:00 ընկած հատվածում Սոթքից մինչև Գորիս ամբողջ սահմանագծով թշնամին շարունակել է ինտենսիվ հրթիռահրետանային հարվածները, որոնց ընթացքում թիրախավորվել են նաև խաղաղ բնակավայրերը, լայնորեն կիրառվել են հարվածային անօդաչու թռչող սարքեր: 16:40-ից սահմաններում հրթիռահրետանային հարվածներ են հասցվել Սոթքի ուղղությամբ տեղակայված զորամասին, ինչի հետևանքով բռնկվել է հրդեհ, այս պահին այն մարվել է»,- նշել է նախարարության խոսնակ Արամ Թորոսյանը:
Հաղորդված տեղեկությունների համաձայն՝ նշված ուղղությամբ ժամը 17:00-ից «թշնամու հրթիռահրետանային հարվածների ինտենսիվությունը թուլացել է»:
Ժամեր առաջ ՊՆ-ն հաղորդել էր, որ ադրբեջանական զինուժը հարվածներ է հասցրել նաև մարտական գործողությունների գոտում հումանիտար առաքելություն իրականացնող Ռուսաստանի Դաշնության անվտանգության դաշնային ծառայության տրանսպորտային միջոցներին։
Զոհեր կան նաև խաղաղ բնակիչների շրջանում
Առողջապահության նախարարության փոխանցմամբ՝ հրետակոծության հետևանքով վիրավորում է ստացել վեց քաղաքացիական անձ։ Նրանցից չորսը շարունակում են ստացիոնար բուժումը տարբեր բժշկական կենտրոններում:
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը դիմել է միջազգային գործընկերներին նամակով՝ տեղեկացնելով, որ Բաքուն միտումնավոր թիրախավորում է քաղաքացիական ենթակառուցվածքները և գնդակոծում:
Խորհրդարանի խոսնակի տեղեկություններով՝ քաղաքացիական անձանց շրջանում կան նաև զոհեր, սակայն որևէ թիվ նա չի նշել։
«Հայկական կողմն ունի զոհեր, այդ թվում` խաղաղ բնակիչներ են զոհվել, ռազմական տեխնիկայի զգալի կորուստներ ենք կրել: Ադրբեջանական զինված ուժերը չեն դադարեցնում հարձակվելու փորձերը»,- ասված է նամակում:
Եվս մեկ հայ ռազմագերի Բաքվում
Պետական կառույցներն առայժմ չեն հրապարակում տվյալներ, թե վերջին ռազմական գործողությունների արդյունքում քանի զինծառայող է գերեվարվել։
Միջազգային իրավական հարցերի Հայաստանի ներկայացուցչի գրասենյակը հաղորդել է, որ նույնականացրել է հայկական կողմից գերեվարված մեկ անձի։
Հայաստանի կառավարությունը Ադրբեջանի դեմ գանգատ է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ խնդրելով պարտավորեցնել Բաքվին ապահովել նույնականացված ռազմագերու առողջության և կյանքի իրավունքը։
Ադրբեջանական ագրեսիա ընդդեմ Հայաստանի