Ուկրաինայի ուղին դեպի Եվրոպայի հետ առանց վիզայի ռեժիմ
Ուկրաինան սպասում է, որ Եվրոպայի Խորհուրդը հաստատի առանց վիզայի ռեժիմ տրամադրելու որոշումը: Ի՞նչ խոչընդոտներ է նա հաղթահարել այդ ճանապարհին:
Սպասում
Մեծ գնով, բայց Եվրամիության պահանջներն Ուկրաինան կատարել է: Պետության ղեկավարի խոսքով, դրանք 140 էին:
Դեկտեմբերի 15-ին Եվրախորհրդարանն այնուամենայնիվ հաստատեց Ուկրաինայի և Վրաստանի համար առանց վիզայի ռեժիմը: Դրանից առաջ, ճիշտ է, առանց վիզայի ռեժիմի հնարավոր չեղարկման մասին նորմ ընդունվեց այն դեպքում, եթե ԵՄ տարածքում մեծ թվով ուկրաինացիներ և վրացիներ հայտնվեն, որոնք կհրաժարվեն հայրենիք վերադառնալ:
«Առանց վիզային ռեժիմը Եվրամիությունց գործնական օգուտի 50%-ն է, — կարծում է քաղաքագետ Ալեքսանդր Պալին: — Առանց վիզայի ռեժիմը գործարկելուց հետո Ուկրաինան լավ բոնուս կստանա, ընդ որում, չի հավաքի այն խնդիրները, որոնք ունեն ԵՄ անդամ երկրները: Ուկրաինան կարող է ԵՄ անդամակցելու հույս ունենալ 10 տարուց ոչ շուտ: Եվրամիության համար էլ Ուկրաինայի անդամակցությունն օրակարգում չէ: Այսօր Եվրամիությունն ինքն է ուզում հասկանալ, թե ուր է շարժվում և ինչպես է զարգանալու»:
Այն բանից հետո, երբ Եվրոպան հաստատեց առանց վիզայի ռեժիմը, քիչ բան մնաց անել՝ ստանալ Եվրամիության խորհրդի պաշտոնական հաստատումը: Հստակ ժամկետ, թե երբ դա տեղի կունենա, եվրոպացի պաշտոնյաները չեն նշում:
Օրենք և կարգուկանոն
Ուկրաինան սկսել է ակտիվորեն շարժվել դեպի առանց վիզայի ապագա 2010թ-ից: Այն ժամանակ «Վիզային ազատականացման գործողությունների պլան» ընդունվեց: Դրանում հստակ նշվում էին Եվրամիության պահանջները, որոնք Ուկրաինան պետք է կատարեր: Դրանց թվում կենսաչափական տվյալներով անձնագրերն են, սահմանները հատելու նոր կանոնները, միգրացիայի հանդեպ վերահսկողությունը և այն, ինչն ամենաշատ խնդիրներն է առաջացրել իշխանությունների համար՝ կոռուպցիայի դեմ պայքարի օրենքները:
Այս բոլոր օրինագծերն ընդունվել են 2015թ-ի աշնանը, սակայն դա դեռ դրանց իրականացում չէր նշանակում, հատկապես, որ դրանք ընդունվել են ոչ այն տեսքով, որը սպասում էին տեսնել ԵՄ-ում:
Ուկրաինայում հաճախ է պատահում, որ օրենքի և դրա իրագործման միջև անդունդ է առաջանում: Վերջին երկուսուկես տարվա մեջ Եվրամիության հռետորաբանությունը մի փոքր փոխվել է, և այժմ իշխանությունից պահանջում են ոչ միայն օրենքներ ընդունել, այլ նաև որ դրանք գործեն:
Այդ պատճառով 2015թ-ի դեկտեմբերին Եվրամիությունն Ուկրաինային 5 լրացուցիչ պահանջ առաջադրեց.
• Ազգային հակակոռուպցիոն բյուրոյի և Հատուկ հակակոռուպցիոն դատախազության գործարկում մինչև 2016թ-ի առաջին եռամսյակ,
• Կոռուպցիային հակազդելու ազգային գործակալության գործարկում մինչև 2016թ-ի առաջին եռամսյակի ավարտը,
• փոփոխություններ Կաշառակերների սեփականության հատուկ առգրավման և կալանքի մասին օրենքում,
• փոփոխություններ դատախազության մասին օրենքում նորաստեղծ Հատուկ հակակոռուպցիոն դատախազության անկախության համար,
• լրացուցիչ հոդվածներ բյուջեում հակակոռուպցիոն մարմինների աշխատանքի համար:
Սակայն դա նույնպես չի երաշխավորում, որ հակակոռուպցիոն համակարգը լիովին կաշխատի, ասում է Կոռուպցիայի հակազդման կենտրոնի ղեկավար Վիտալի Շաբունինը: Նրա խոսքով, մինչև հիմա առանցքային ինստիտուցիա՝ հակակոռուպցիոն դատարան, չի ստեղծվել :
Այդ մասին բազմաթիվ անգամ խոսել են ԵՄ առաջնորդները, սակայն Ուկրաինային չեն պարտավորեցրել ստեղծել այն: Հակակոռուպցիոն բյուրոյի ողջ աշխատանքն ավարտվում է դատարանում, հենց դատարանն է վերջնական վճիռ կայացնում և առգրավում սեփականությունը, սակայն, Շաբունինի խոսքով, ներկայիս ուկրաինական դատարանները «թաղում են» հակակոռուպցիոն բյուրոյի գործերը:
Բացի այդ, նրանք խանգարում են հետաքննություններին՝ հաճախ կասկածյալներին ազատ արձակելով փոքր գրավի դիմաց: Օրինակ, մարդուն մեղադրում են 500 մլն գրիվնա գողանալու համար, իսկ դատարանը նրան ազատ է արձակում 6 մլն գրավի դիմաց: Այդպիսի դատարաններով համակարգը լիարժեք չի աշխատի, — կարծում է Վիտալի Շաբունինը:
Բացի այդ, էլեկտրոնային հայտարարագրման հետ նույնպես խնդիրներ կան: Օրինակ, Կոռուպցիայի հակազդման ազգային գործակալության ղեկավարությունը սաբոտաժի է ենթարկում օրինական ակտերի դիտարկումը, որոնց միջոցով պլանավորվում է պատասխանատվության ենթարկել նրանց, ովքեր ստել են հայտարարագրերում, հավելեց փորձագետը:
==========================
1991-1994:
1991թ-ի դեկտեմբերի 1-ին Ուկրաինայում տեղի ունեցան առաջին նախագահական ընտրություններն ու անկախության մասին հանրաքվեն: 1991թ-ի դեկտեմբերի 2-ին Եվրահանձնաժողովը ճանաչեց համաուկրաինական հանրաքվեի ժողովրդավարական բնույթը: Մեկ շաբաթ անց Եվրախորհուրդը ցանկություն հայտնեց զարգացնելու հարաբերություններն Ուկրաինայի, Բելառուսի և Ռուսաստանի հետ, որոնք
«ազատ և խաղաղ արտահայտեցին ինքնիշխանության վերաբերյալ իրենց կամքը»:
«Ուկրաինայի ներքին և արտաքին քաղաքականության հիմնական ուղղությունների մասին» Գերագույն Ռադայի 1993թ-ի հուլիսի 2-ի որոշումը հաստատում էր եվրոպական ուղղվածության առաջնահերթությունն ու Եվրամիությանն անդամակցելու մղումը:
1994թ-ի հունիսի 14-ին Ուկրաինան և ԵՄ-ը «Գործընկերության և համագործակցության մասին» բազային համաձայնագիր կնքեցին: Այն ուժի մեջ մտավ 1998թ-ին և գործում էր մինչև 2008թ-ը:
2002-2003:
2002թ-ին Ուկրաինան «հարևանի հատուկ կարգավիճակ» ստացավ, որը միգրացիոն ռեժիմի պարզեցում էր նախատեսում: 2003թ-ին նախագահ Լեոնիդ Կուչման հայտարարեց, որ Ուկրաինայի նպատակը ԵՄ հետ ասոցացման համաձայնագիր ստորագրելն է:
2007-2009:
Վիկտոր Յուշչենկոն «եվրաինտեգրացիոն գործընթացները» հայտարարեց որպես ողջ արտաքին քաղաքականության առաջնահերթություն: 2015թ-ի փետրվարին «Ուկրաինա-ԵՄ գործողությունների պլան» ստորագրվեց:
2007թ-ին Եվրահանձնաժողովն Ուկրաինայի հետ բանակցություններ սկսեց «Ուկրաինա-ԵՄ ասոցացման մասին» բազային նոր համաձայնագրի շուրջ: 2009թ-ին «Ազատ առևտրի խորը և համապարփակ գոտու» մասին բանակցություններ սկսվեցին:
2009թ-ի մայիսին Ուկրաինան Մոլդովայի, Վրաստանի, Հայաստանի, Ադրբեջանի և Բելառուսի հետ միասին ներգրավվեց «Արևելյան գործընկերություն» ծրագրում: Գլխավոր նպատակը սոցիալ-տնտեսական բարեփոխումներն էին, որոնք պետք է արագացնեին եվրաինտեգրման գործընթացը:
2010-2013:
2010թ-ի նոյեմբերին կայացած «Ուկրաինա-ԵՄ» գագաթնաժողովին ի լրումն «Գործընկերության և համագործակցության համաձայնագրի» ԵՄ ծրագրերի մասնակցության հիմնական սկզբունքների վերաբերյալ արձանագրություն ստորագրվեց: 2012թ-ի մարտի 30-ին Ուկրաինայի և Եվրամիության պատվիրակությունների ղեկավարները նախաստորագրեցին «Ասոցացման մասին համաձայնագիրը», 2012թ-ի հուլիսի 19-ին՝ «Ազատ առևտրի խորը ու համապարփակ գոտու մասին համաձայնագիրը»:
2012թ-ի դեկտեմբերի 10-ին ԵՄ արտաքին գործերի խորհուրդը հաստատեց Ուկրաինայի վերաբերյալ եզրակացությունը, որում պատրաստակամություն հայտնեց Ուկրաինայի և ԵՄ միջև Ասոցացման մասին համաձայնագիր կնքել 2013թ-ի նոյեմբերին Վիլնյուսում «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովին: Սակայն դա տեղի չունեցավ: 2013թ-ի նոյեմբերի 21-ին Նախարարների կաբինետը հայտարարեց, որ համաձայնագրի նախապատրաստումը կասեցված է:
Իսկ նոյեմբերի 29-ին Վիկտոր Յանուկովիչը հայտարարեց, որ Ուկրաինան հետաձգում է փաստաթղթի ստորագրումը մինչև հաջորդ գագաթնաժողով: Դրանից հետո ողջ Ուկրաինայում զանգվածային բողոքի ակցիաներ սկսվեցին կառավարության և երկրի ղեկավարի հրաժարականի պահանջով: Ժողովրդի շրջանում այդ բողոքի ակցիաները «Եվրամայդան» անվանումը ստացան և արդյունքում Արժանապատվության հեղափոխության բերեցին:
2014-2016:
2014թ-ի մարտի 21-ին ԵՄ ներկայացուցիչներն ու վարչապետ Արսենի Յացենյուկը համաձայնագրի քաղաքական բլոկ ստորագրեցին: Հունիսի 27-ին նախագահ Պյոտր Պորոշենկոն ստորագրեց տնտեսական հատվածը: Սեպտեմբերի 16-ին Գերագույն Ռադան վավերացրեց համաձայնագիրը: Որպեսզի համաձայնագիրն ուժի մեջ մտնի, այն պետք է վավերացնեն ԵՄ բոլոր 28 անդամ երկրները:
Ուկրաինայի հետ համաձայնագիրը դեռևս չի վավերացրել Նիդեռլանդները: