Խորհրդային տարիներին Աբխազիան ինքնավար հանրապետություն էր Վրաստանի կազմում: Խորհրդային Միության փլուզումից հետո Աբխազիան ձգտում էր դառնալ անկախ երկիր, Թբիլիսին պնդում էր, որ Աբխազիան պետք է մնա ինքնավար հանրապետություն անկախ Վրաստանում:
Պատերազմը սկսվում է 1992-ի օգոստոսի 14-ին, հակամարտության ռազմական փուլի ավարտի օրն է 1993-ի սեպտեմբերի 27-ը:
Պատերազմն ավարտվեց վրացական զինված ուժերի պարտությամբ: Ըստ տարբեր աղբյուրների, մահացել է ավելի քան 13 հազար մարդ, մոտ 300 հազար մարդ դարձել է փախստական և ներքին տեղահանված: Նրանց մեծ մասը ազգությամբ վրացի է և դեռևս չի կարող վերադառնալ:
1994 թ.-ին կողմերը ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցչի միջնորդությամբ Մոսկվայում ստորագրեցին «Հրադադար և ուժերի տարանջատում» համաձայնագիրը: Մինչ օրս այս համաձայնագրի լայնամասշտաբ խախտումներ են արձանագրվել երեք անգամ՝ 1998, 2001 և 2008 թվականներին:
Մինչև 2008 թվականը վրաց-աբխազական հակամարտության գոտում տեղակայված էին ԱՊՀ-ի Հավաքական խաղաղապահ ուժերը, որոնք ամբողջությամբ կազմավորված էին ռուսական զորքերից: Նաև հակամարտության գոտում և Աբխազիայի տարածքում գործում էր Վրաստանում ՄԱԿ-ի դիտորդական առաքելությունը:
2008-ի օգոստոսին Հարավային Օսիայի շուրջ 5-օրյա պատերազմից հետո Ռուսաստանը ճանաչեց Աբխազիան որպես անկախ երկիր: Մոսկվայի և Թբիլիսիի միջև դիվանագիտական հարաբերությունները խզվեցին:
Աբխազիան կառուցում է իր կյանքը որպես անկախ հանրապետություն։ Այս կարգավիճակը, բացի Ռուսաստանից, ճանաչել են Երրորդ աշխարհի մի շարք երկրներ: Վրաստանը Աբխազիան համարում է իր տարածաշրջանը, որը գրավված է Ռուսաստանի կողմից: Միջազգային հանրության մեծ մասը Աբխազիան համարում է Վրաստանից անջատված շրջան: