«Ծնողներն ամաչում են խոսել». մուլտֆիլմեր Վրաստանում դեռահասների սեռական դաստիարակության համար
HERA XXI անիմացիաներ
Այս հոդվածում JAMnews-ը պատմում է, թե ինչու է կարևոր անչափահասների լիարժեք սեռական կրթությունը, ինչպես նաև, թե ով և ինչպես է փորձում լրացնել այդ ոլորտում առկա վակուումը։
2022 թվականի վերջին Վրաստանում 12-ամյա աղջիկ էր ծննդաբերել։ Այդ դեպքից երկու տարի առաջ՝ 2021 թվականի սկզբին Քոբուլեթիի գյուղերից մեկում սեռական բռնության զոհ դարձած 14-ամյա աղջիկն իրեն կախել էր սեփական տան բակում։
Սրանք ամենաաղմկահարույցն են անչափահասների նկատմամբ սեռական բռնության հարյուրավոր դեպքերից: Բռնության զոհ դարձած աղջիկները հաճախ նախընտրում են լռել։ Նրանցից շատերը վախենում են, որ իրենց կպատժեն կամ կմեղադրեն կատարվածի համար։
Անչափահաս աղջիկները հաճախ ֆիզիկական կամ հոգեբանական բռնության են ենթարկվում ընտանիքում։ Իսկ Վրաստանում դեռ գրանցվում են դեպքեր, երբ աղջիկներին վաղ տարիքում ամուսնացնում են, թեև դա ոչ այնքան տարածված է։
«Վաղ/մանկական ամուսնության կործանարար պրակտիկան Վրաստանում հազվագյուտ երևույթ չէ: Վիճակագրական տվյալները ցույց են տալիս, որ Վրաստանում բնակվող 20-24 տարեկան ամուսնացած կանանց 14 տոկոսը ընտանիք է կազմել մինչև 18 տարեկան դառնալը։ Եվ սրանք վերջնական տվյալներ չեն, քանի որ վաղ/մանկական ամուսնությունները հաճախ պաշտոնապես չեն գրանցվում»,- ասված է UNFPA-ի պատրաստած՝ վաղ/մանկական ամուսնությունների ուսումնասիրության մեջ:
Եվ հենց նման բան է տեղի ունենում, վերսկսվում են քննարկումներն այն մասին, թե որքան կարևոր է համապարփակ սեռական կրթությունը։ Սակայն այդ առարկան դեռևս չի դասավանդվում վրացական դպրոցներում։
Կենսաբանության, հասարակագիտության և բնական գիտությունների ուսուցիչների մեծ մասը պարզապես բաց է թողնում սեռական օրգանների, սեռական և վերարտադրողական առողջության ու իրավունքների մասին դասագրքերի բաժինները:
«Երիտասարդների համար սեռական և վերարտադրողական առողջության խնդիրների վերաբերյալ տեղեկատվության հիմնական աղբյուրներից են Facebook-ի փակ խմբերը, Tik-Tok բլոգները և Google որոնողական համակարգը», — ասված է «Երիտասարդների շրջանում սեռական և վերարտադրողական առողջության կրթության հասանելիության մասին» ուսումնասիրության մեջ, որը պատրաստվել է 2021 թվականին HERA XXI ասոցիացիայի պատվերով։
Այնտեղ ասվում է, որ Վրաստանում ապրող 18-25 տարեկան երիտասարդները չեն լսել որևէ պաշտոնական ծառայության կամ ծրագրի մասին, որի միջոցով կարող էին ստանալ խորհրդատվություն սեռական հարաբերությունների կամ իրենց հետաքրքրող այլ հարցերի վերաբերյալ։
Միևնույն ժամանակ, ինչպես պարզվում է, երիտասարդների համար կարևոր է ստանալ ճիշտ տեղեկատվություն, քանի որ շատ դեպքերում ինտերնետում հայտնաբերած որակյալ և հավաստի տեղեկատվությունը դժվար է տարբերել կեղծից։
Հարկ է նշել, որ դեռահասները նման հարցերով ինտերնետի օգնությանն են դիմում բավականին վաղ տարիքից (10-12 տարեկան): Ուստի, հետազոտության հեղինակները կարծում են, որ կարևոր է նրանց տրամադրել հասանելի և որակյալ տեղեկատվություն։
Առաջացած վակուումը լրացնելու համար HERA XXI-ն սկսեց անիմացիոն տեսանյութեր տարածել։ Դրանք պատրաստված են վրացերեն, հայերեն և ադրբեջաներեն և մատչելի ձևով պատասխանում են այն հարցերին, որոնք մեզանից յուրաքանչյուրը պատանեկության տարիներին բազմիցս տվել է ինքն իրեն և ավելի քիչ՝ շրջապատող մարդկանց։
Project AMAZE-ի հետ համագործակցությամբ ստեղծված տեսահոլովակները շոշափում են այնպիսի թեմաներ, ինչպիսիք են սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդությունները, անվտանգ սեքսը, հղիության արհեստական ընդհատման իրավունքը, բժշկի գաղտնիությունը, տամպոնները, միջադիրները, դաշտանային բաժակները և այլն:
Դրանց նպատակն է մեծացնել երիտասարդներին հուսալի, ստուգված և տարիքին համապատասխան սեռական կրթություն տրամադրելու միջոցի հասանելիությունը:
«Վրաստանում 15-29 տարեկան երիտասարդների միայն 13,5 տոկոսը գիտի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելման մասին: Այս ցուցանիշն էլ ավելի ցածր է 15-19 տարիքային խմբում։ 2019 թվականի դրությամբ այդ տարիքում աղջիկների միայն 9,5 տոկոսը և տղաների 8,3 տոկոսն են լիովին տեղեկացված ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելման մասին։ Կանանց 26 տոկոսը խոստովանել է, որ զուգընկերոջ կողմից ենթարկվել է սեռական ոտնձգությունների: Նրանց թվում են այնպիսիք, ովքեր սեռական բռնության են ենթարկվել մանկության տարիներին»,- ասում է HERA XXI ասոցիացիայի տնօրեն Նինո Ցուլեյսկիրին:
Տեսանյութերը լայն լսարանի, այդ թվում՝ էթնիկ խմբերի և լսողության խնդիրներ ունեցող անձանց համար հասանելի դարձնելու նպատակով, դրանք թարգմանվել են նաև վրացերեն, հայերեն և ադրբեջաներեն ժեստերի լեզուներով։
Կամավորներն ասում են, որ դա շատ կարևոր է Վրաստանում ապրող ազգային փոքրամասնությունների համար։ Ավելին, նման շրջաններում վաղ ամուսնությունների և անհավասարության խնդիրներն ավելի սուր են դրսևորվում։
Սոֆին 17 տարեկան է, ապրում է Ախալցխայում (Սամցխե-Ջավախքի շրջան) և HERA XXI ասոցիացիայի կամավորներից է։
«Այս տեսանյութերում պատասխանում են հարցերի, որոնք մենք դժվարանում ենք տալ: Իսկ այստեղ ամեն ինչ բացատրվում է շատ պարզ՝ կարծես այս թեման այլևս տաբու չէ։ Բայց դա ամենևին էլ այդպես չէ, դեռահասների մոտ դեռ ամաչկոտություն է առաջացնում։ Իսկ հաճախ պատասխանները փնտրում են ոչ հավաստի աղբյուրներում ու ստանում չստուգված տեղեկատվություն»։
Արդեն երեք տարի է, ինչ Սոֆին աշխատում է որպես կամավոր։ Ասում է, որ այս տեսանյութերն իրեն բազմիցս օգնել են անհարմար թեմաների մասին խոսել հասակակիցների հետ։ Սոֆին կարծում է, որ տեսանյութերը նաև լավ միջոց են ծնողների համար, ովքեր ուզում են իրենց երեխաների հետ խոսել զգայուն թեմաների շուրջ.
«Հիշում եմ, որ հանդիպումներից մեկի ժամանակ այս տեսանյութերը ցուցադրելուց հետո ծնողները մեզ շնորհակալություն հայտնեցին։ Նրանք ասացին, որ չգիտեն, թե ինչպես խոսել իրենց երեխաների հետ և ինչպես ընտրել անհրաժեշտ բառեր»:
Կազմակերպության մեկ այլ կամավոր՝ բոլնիսեցի Մարիամն ասում է, որ այսպիսի տեսանյութերը երիտասարդներին շատ անհրաժեշտ են.
«Սա ծանոթություն է սեռական և վերարտադրողական առողջության և իրավունքների ոլորտի հետ, և սա շատ կարևոր է երիտասարդների համար: Դպրոցներում սեռական դաստիարակություն չի դասավանդվում։ Այնպես որ նման տեսանյութերը միանգամայն անհրաժեշտ են դեռահասներին»։
Մարիամն ասում է՝ այս տեսանյութերը կարևոր են նույնիսկ երկրորդ պլանում․ թեև տեխնոլոգիայի դարում բոլորին հասանելի է ինտերնետը, բայց հաճախ չգիտեն՝ որտեղ գտնել հավաստի տեղեկատվություն.
«Ծնողները դեռահասների հետ չեն խոսում, օրինակ՝ անվտանգ սեքսի մասին: Հիմնականում ընտանիքներում չեն խոսում, չկա անկեղծ շփում այս թեմաների շուրջ, քանի որ այն դեռ տաբու է, համարվում է ամոթալի»։
Մարիամն ասում է, որ դպրոցում էլ նման թեմաների շուրջ չեն խոսում.
«Մնում է միայն ինտերնետ տարածքը, որտեղ կան բազմաթիվ աղբյուրներ, բայց դրանցից շատերը չստուգված են։ Այդ իսկ պատճառով անհրաժեշտ է ստանալ գրագետ, ստույգ և ճիշտ տեղեկատվություն»։
Amaze.org-ի տվյալների համաձայն՝ հանրային առողջապահության ոլորտում 35 տարվա հետազոտությունները ցույց են տվել, որ երիտասարդները, ովքեր ստանում են հստակ, տարիքին համապատասխան, անկողմնակալ տեղեկատվություն սեռական հասունացման, հարաբերությունների և սեռական առողջության մասին, մեծ հավանականությամբ կհետաձգեն սեռական կյանք սկսելը, իսկ երբ պատրաստ լինեն, կօգտագործեն պահպանակներ և այլ հակաբեղմնավորիչներ։
Ըստ նույն զեկույցի՝ որակյալ համապարփակ կրթությունն օգնում է երիտասարդներին հաջողությամբ հաղթահարել սեռական հասունացման փուլը, տարբերակել առողջ ու անառողջ հարաբերությունները և ավելի լավ հասկանալ «համաձայնություն» և «փոխադարձ հարգանք» հասկացությունները։
Թեև սեռական դաստիարակության անհրաժեշտությունն արտացոլված է կրթական քաղաքականության մեջ և ռազմավարական փաստաթղթերում, սակայն ծրագրերը դեռ չեն իրականացվել դպրոցներում:
Վրաստանի կրթության նախարարության նախադպրոցական և հանրակրթության զարգացման վարչությունն աջակցում է մարդու սեռական դաստիարակությանը վերաբերող բոլոր առարկաներին և ծրագրերին։ Բայց, ցավոք, դրանց իրականացման ուղղությամբ ոչ մի գործողություն չի ձեռնարկում։
Երեխաների և դեռահասների համապարփակ սեռական դաստիարակությունը կենսական նշանակություն ունի նրանց բնականոն զարգացման, նրանց համար բնական և առողջ միջավայր ստեղծելու համար, որտեղ դեռահասները կարող են բաց և անկեղծ խոսել իրենց հուզող և հետաքրքրող հարցերի մասին՝ սեռական հասունացում, հարաբերություններ, սեռականություն»,- ասում է Նինո Ցուլեյսկիրին։
Ծրագրի մասին լրացուցիչ տեղեկությունների և տեսանյութերի համար այցելեք կազմակերպության YouTube ալիք;
HERA XXI-ի կրթական ռեսուրսներին ու ծրագրերին ծանոթացեք կայքում և FACEBOOK էջում։
HERA XXI անիմացիաներ