Հայաստանից Վրաստան՝ հեծանիվով
Հայաստանի երեք մարզերից՝ Լոռիից, Շիրակից ու Տավուշից հավաքված հեծանվորդների 12 հոգանոց խումբը եռօրյա հեծանվային տուրով Հայաստանի Վանաձոր քաղաքից մեկնեց Վրաստան՝ Բորժոմի: Կարևորագույնը, որ արձանագրեցին հեծանվորդները, հեծանվարշավի համար պայմանների լիակատար բացակայությունն էր Հայաստանում և ճիշտ հակառակը՝ Վրաստանում:
«Վրաստանում վատ վիճակում էր գտնվում մինչև Նինոծմինդա հատվածը: Դրանից հետո, թե՛ Բորժոմիում, թե՛ հարակից բոլոր գյուղերում շատ լավ ճանապարհներ էին՝ հարմարեցված հեծանվային տուրերի համար, նաև անտառային հեծանվային արահետներ կային: Հայաստանի հետ հնարավոր էլ չի համեմատել, որովհետև ես այստեղ ոչ մի տեղ չեմ տեսել հարմարեցված արահետ՝ հեծանվային սպորտը զարգացնելու համար»,- ասում է տուրի մասնակիցներից Սուրեն Հարությունյանը:
«Հայաստանում ճանապարհներն էնպիսին են, որ այստեղ միայն էքստրեմալ հեծանվորդները կարող են վարել: Ճանապարհ չկա, մեծ քաղաքներից դուրս լրիվ էքստրիմ պայմաններ են: Վրաստանում հեծանվորդի համար ամեն ինչն է հարմարեցված»,- հավելում է մասնակիցներից 36-ամյա Դավիթ Ոսկանյանը:
Սուրեն Հարությունյանը, ով նաև Լոռու մարզի Ձորագյուղ համայնքի ղեկավարն է, հատուկ նշեց նաև հարևան երկրում մաքրության պահպանումը. «Նույնիսկ անտառներում՝ հեծանվային արահետներին, մի քանի մետր հեռավորության վրա ամենուր աղբարկղեր էին տեղադրված: Կուզեր նույնը տեսնել նաև Հայաստանում»:
Հեծանվային տուրն իրականացվել է Վանաձորի ՀԿ կենտրոնի կողմից, նպատակը եղել է հեծանվային սպորտի և գյուղական միջսահմանային զբոսաշրջության խթանումը: Հայաստանի շուրջ 350 երիտասարդների մեկամսյա հեծանվային վարժանքներից հետո կազմակերպիչները մասնակիցներից լավագույնների ուժերը փորձարկել են մշակված Վանաձոր-Բորժոմի տուրի շրջանակներում:
Չնայած եղանակային պայմանների կտրուկ փոփոխություններին, մերկասառույցին, ուժեղ քամուն, անդադար տեղացող ձյանն ու ճանապարհին հանդիպած բազմաթիվ դժվարություններին, մասնակիցները վստահ են. փորձը հաջողված էր ու վարակիչ շատերի համար:
«Տուրի ընթացքում, երբ մենք հեծանիվ էինք վարում, ճանապարհին հարակից գյուղերից շատ մարդիկ հետաքրքրված էին, մոտենում էին ու ասում, որ կուզեին մասնակցել այսպիսի միջոցառման: Հիմա մտածում ենք, թե ինչպես հնարավորությունները մեծացնենք, որ շատերը կարողանան ներգրավվել ու մեզ միանալ»,- ասում է Դավիթը:
Սուրենն էլ՝ համայնքապետի տեսանկյունից նայելով հարցին, հավելում է, որ երկու երկրներում հեծանվային սպորտի զարգացումն ու տուրերի ակտիվացումը կարող է բարենպաստ ազդեցություն ունենալ նաև սահմանամերձ գյուղական համայնքների զարգացման վրա:
Կենտրոնը նախատեսում է հեծանվային վարժանքները վերսկսել գարնանն ու առավել մեծ թվով երիտասարդների ընդգրկել դրանցում: