Freedom House-ը ՀՀ-ին հորդորում է չեղարկել «Ծանր վիրավորանքի» մասին հոդվածը
Freedom House-ը Հայաստանի խորհրդարանին կոչ է արել չեղարկել «Ծանր վիրավորանքի» մասին հոդվածը: Խոսքը քրեական օրենսգրքի 137.1-րդ հոդվածի մասին է, ըստ որի՝ հանրային գործունեություն ծավալողներին վիրավորելը ենթակա է պատժի՝ տուգանքի կամ կալանքի:
Առաջին անգամը չէ, որ իրավապաշտպան կազմակերպությունը քննադատում է նշված հոդվածը՝ նշելով, որ այն վտանգում է ժողովրդավարության ու իրավունքի ոլորտներում Հայաստանի գրանցած ձեռքբերումները:
Իրավապաշտպան կազմակերպության հայտարարությունը, արդարադատության փոխնախարարի և Մարդու իրավունքների պաշտպանի արձագանքը։
Հայտարարությունում Freedom House-ը հիշեցրել է փետրվարի սկզբին կայացված վճիռը, որի համաձայն վարչապետ Փաշինյանին և ՀՀ նախագահի թեկնածու, ԲՏԱ նախարար Վահագն Խաչատուրյանին վիրավորելու համար Հայաստանի քաղաքացին տուգանվելու է 1000 դոլարի չափով։
«Մեծ մտահոգությամբ ենք նշում ՀՀ քաղաքացու առաջին դատվածությունը` քրեական օրենսգրքի նոր հոդվածով, որը քրեական պատասխանատվություն է նախատեսում հանրային ծառայողներին վիրավորելու համար»,- ասված է հայտարարությունում։
Փետրվարի 3-ին դատախազությունը հաղորդել էր, որ Հայաստանի վարչապետին և ԲՏԱ նախարարին հայհոյելու համար 500 հազար դրամի չափով տուգանվել է ՀՀ քաղաքացի:
Քաղաքացուն մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 137.1-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով՝ ծանր վիրավորանք, որը կատարվել է անձի հանրային գործունեությամբ պայմանավորված։ Սա առաջին դատավճիռն է ծանր վիրավորանքի քրեականացումից հետո:
Մինչև 2021թ. դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում «Ծանր վիրավորանքի» մասին հոդվածի հատկանիշներով հարուցվել է 263 քրեական գործ:
Իրավապաշտպան կազմակերպության համոզմամբ՝ սա վկայում է երկրում «ժողովրդավարական նորմերի ակնհայտ հետընթացի և խոսքի ազատության նկատմամբ սպառնալիքի մասին»:
Կազմակերպությունը ՀՀ Ազգային ժողովին կոչ է արել չեղարկել քրեական օրենսգրքի 137.1-րդ հոդվածը՝ այն բնորոշելով որպես ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված սկզբունքները, ԵԱՀԿ-ի և Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով երկրի ստանձնած պարտավորությունները ոտնահարող դրույթ։
Freedom House-ն օրենսդրական այս փոփոխությանն անդրադարձել էր դեռևս նախորդ տարվա օգոստոսին՝ նախագծի ընդունումից հետո:
Freedom House-ի «Ազատությունը ցանցում 2020» զեկույցում Հայաստանը դասվել է «ազատ» երկրների ցանկին, «Ազատությունն աշխարհում 2021» զեկույցի համաձայն՝ «մասնակի ազատ» երկրների ցանկին, իսկ «Անցումային շրջանի երկրներ 2021» զեկույցում արդեն «կիսահամախմբված ավտորիտար ռեժիմների» ցանկին։
Քրեական օրենսգրքի նոր հոդվածը կազմակերպությունը որակել էր որպես խոսքի ազատությունը ոտնահարող հակասահմանադրական օրենք, որի ընդունումը «խեղդում է խոսքի ազատությունն ու քաղաքական ընդդիմությունը»:
«Հանրային անձին ծանր վիրավորանք հասցնելը քրեականացող օրինագծի ընդունումը վկայում է, որ Հայաստանի՝ վերջին տարիներին ունեցած ձեռքբերումները ժողովրդավարության ու իրավունքի ոլորտներում վտանգված են»,- ընդգծել էր կառույցը՝ ՀՀ իշխանություններին կոչ անելով չեղարկել հոդվածը:
2021 թ.-ի հուլիսի 30-ին ՀՀ Ազգային ժողովն ընդունեց հանրային գործունեություն ծավալող անձին ծանր վիրավորանք հասցնելը քրեականացնելու վերաբերյալ օրենքի նախագիծ: Ըստ այդմ՝ անգամ հեռավար պայմաններում (օնլայն) արված վիրավորանքը (հայհոյելը կամ անձի արժանապատվությունն այլ ծայրահեղ անպարկեշտ եղանակով վիրավորելը) առաջացնում է պատիժ` տուգանքից մինչև կալանք։
Օրենսդրական փոփոխության համաձայն՝ հանրային գործունեություն է համարվում անձի կողմից լրագրողական, հրապարակախոսական գործունեության, ծառայողական պարտականությունների կատարման, հանրային ծառայության կամ հանրային պաշտոն զբաղեցնելու, հասարակական կամ քաղաքական գործունեության հետ կապված վարքագիծը:
Արձագանքներ Հայաստանից
«Մտահոգությունները լսելի են». արդարադատության փոխնախարար
Արդարադատության նախարարի տեղակալ Գրիգոր Մինասյանի դիտարկմամբ՝ ծանր վիրավորանքը քրեականացնող դրույթի կիրառումը նպատակահարմար էր, քանի որ Հայաստանում ազատ խոսքի իրավունքի չարաշահում կար: Այդ խնդրի լուծումն, ըստ փոխնախարարի, օրենսդրական փոփոխությունն էր:
«Ինչ վերաբերվում է մեր գործընկերների մտահոգություններին, դրանք բոլորը լսելի են, և ապագայում, եթե ինչ-որ փոփոխություններ նախատեսվեն, բոլորս ականատես կլինենք, սակայն պետք է հաշվի առնենք, որ կա խնդիր և այդ խնդիրը պետք է լուծվեր: Այժմ սա է լուծումը, որպեսզի նման դրսևորումներ մեր երկրում չլինեն», — արձագանքելով Freedom House-ի հայտարարությանը՝ նշել է Մինասյանը:
«Ամենաանթույլատրելի հոդվածներից է». ՄԻՊ
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի համոզմամբ՝ քաղաքացիներին վերաբերող կարևորագույն օրենքներն ընդունվում են կոպիտ խախտումներով:
«Ազատության» եթերում Թաթոյանը հայտարարել է, որ ինչպես ճգնաժամային իրավիճակներում, այնպես էլ հիմա պետությունը չարաշահում է մարդկանց իրավունքները սահմանափակելու իր հնարավորությունը՝ հիշեցնելով այսպես կոչված «Ծանր վիրավորանքի» հոդվածը:
«Սա ամենաանթույլատրելի հոդվածներից էր, որ ընդունվեց ու հիմա շատ լուրջ խնդիրներ է առաջացրել մարդկանց համար։ Իմ համոզմամբ՝ իրավապահ մարմիններին էլ է դրել խնդիրների առաջ», — նշել է պաշտպանը:
Արման Թաթոյանի գնահատմամբ՝ նախագիծը մշակվել է քաղաքական նկատառումներից ելնելով, առանց հաշվի առնելու մարդու իրավունքները:
Նա կարծում է՝ վիրավորանքն ու հայհոյանքը բացարձակ անթույլատրելի են, սակայն դրանց դադարեցումը պետք է արվի ոչ այս ճանապարհով.
«Ոչ թե, ասենք, մի քանի ամիս առաջ՝ ընտրությունների ժամանակ ամենաբարձր պիկին հասցնենք ատելությունն ու վիրավորանքը, հետո քրեական օրենսգրքով սկսենք սահմանափակել»: