«Ադրբեջանը մեծացրել է ռազմական ագրեսիան Հայաստանի նկատմամբ»․ Freedom House
Freedom House-ը՝ Հայաստանի մասին
«2022 թ․-ին Ադրբեջանը մեծացրեց ռազմական ագրեսիան Հայաստանի դեմ՝ չնայած Ռուսաստանի տված անվտանգային երաշխիքներին»,- արձանագրել է Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը։
«Ազատությունն աշխարհում-2023» տարեկան զեկույցում կառույցն անդրադարձել է նաև իրավիճակին Հայաստանում։ Կան արձանագրումներ Հայաստանի ներքին խնդիրների և արտաքին մարտահրավերների վերաբերյալ։ Փաստաթղթում արձանագրել է նաև, որ Հայաստանի ինքնիշխան տարածքների վրա Ադրբեջանի սեպտեմբերյան հարձակումը «զգալի ազդեցություն է թողել երկրի ժողովրդավարության հետագծի վրա»։ Զեկույցի համաձայն՝ այդ իրադարձություններն «արժանի են հատուկ քննության»։
2022 թ․-ի սեպտեմբերի 13-14-ին ադրբեջանական զինուժը Հայաստանի տարածք էր ներխուժել մի քանի ուղղություններով։ Պաշտոնական տվյալներով՝ Բաքվի վերահսկողության տակ է անցել 140 քառակուսի կիլոմետր տարածք։ Հայկական կողմի զոհերի թիվը 224-ն է։ Ռազմական գործողություններից հետո Բաքուն հայկական կողմին է վերադարձրել 157 զինծառայողի մարմին, հայրենադարձվել է 17 գերի:
Զեկույցի մանրամասները, փորձագիտական կարծիք
Հայաստանը՝ «մասնակի ազատ» երկիր
Հայաստանը շարունակում է դասվել «մասնակի ազատ» երկրների շարքին։ Freedom House-ի հրապարակած զեկույցի համաձայն՝ ազատության աղյուսակում երկիրը «նահանջել է մեկ հորիզոնականով»։
Հայաստանի վարկանիշը 2022 թ.-ին գնահատվել է 54՝ 100 բալանոց սանդղակով: Նախորդ տարվա զեկույցի համաձայն՝ 2021 թ․-ին Հայաստանը հավաքել էր 55 միավոր:
Շեշտվում է, որ 2018 թվականի իշխանափոխությունից հետո Հայաստանը դեռևս գտնվում է «կարևոր անցումային գործընթացում և լրջորեն տառապում է» 44-օրյա պատերազմի հետևանքներից։
ԼՂ-ը 36 միավոր է վաստակել, Ադրբեջանը՝ 9
«Ազատությունն աշխարհում» զեկույցն անդրադարձել է նաև Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակին: ԼՂ-ը կազմակերպության կողմից գնահատվել է որպես մասամբ ազատ՝ վաստակելով 36 միավոր։ Սա այն դեպքում, երբ անազատ երկիր համարվող Ադրբեջանն ընդամենը 9 միավոր է վաստակել։
Միջազգային կառույցն ընդգծել է՝ 2020 թ․-ի պատերազմի ժամանակ ԼՂ-ի խաղաղ բնակչությունը ադրբեջանական զինուժի կողմից ենթարկվել է բռնությունների և թիրախավորված վայրագությունների:
«Չարաշահումները ներառում էին կասետային զինամթերքի, սպիտակ ֆոսֆորային ռումբերի և այլ ծանր զինատեսակների կիրառմամբ հարձակումներ, որոնք չէին տարբերակում ռազմական և քաղաքացիական թիրախները, այդ թվում՝ քաղաքների և գյուղերի բնակելի թաղամասերը»,- ասված է տարեկան զեկույցում:
«ՀԱՊԿ-ը ձախողեց Հայաստանին աջակցելու հարցում»
Խոսելով բռնապետական վարչակազմերի կողմից տարածաշրջանային կառույցների օգտագործման մասին՝ Freedom House-ն անդրադարձել է նաև Ռուսաստանի կողմից վերահսկվող ՀԱՊԿ ռազմական դաշինքին։
«Ի տարբերություն ղազախական ճգնաժամի, ՀԱՊԿ-ը ձախողեց աջակցել Հայաստանին՝ դաշինքի անդամներից միակ երկրին, որը համարվում է մասամբ ազատ և շարունակական հարձակումների է ենթարկվում Ադրբեջանի կողմից»,- արձանագրել է կառույցը։
Զեկույցի հեղինակների համոզմամբ՝ տարածաշրջանային նման կառույցներում համագործակցությունը բխում է բռնապետերի նեղ անձնական շահերից և կարող է «ճաքեր տալ», երբ այդ շահերը չհամընկնեն, կամ երբ նրանք ենթարկվեն «ժողովրդավարական ճնշումների»։
«Անվտանգային մարտահրավերները խոչընդոտում են որոշ խոստումների կատարումը»
Միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հիշեցրել է՝ Փաշինյանի կառավարությունը խոստացել է կարգավորել Հայաստանում երկար տարիներ առկա խնդիրները, այդ թվում՝
- համակարգային կոռուպցիան,
- ոչ թափանցիկ քաղաքական համակարգը,
- ընտրական թերի համակարգը,
- օրենքի թույլ գերակայությունը։
Freedom House-ի փորձագետները կարծում են՝ որոշ խոստումների կատարումը խոչընդոտում են երկրի անվտանգային մարտահրավերները:
Զեկույցի հեղինակները մատնանշել են վարչապետ Փաշինյանի մեկ այլ խոստում՝ բիզնեսը քաղաքականությունից տարանջատելու մասին, և նշել, որ երկու հարուստ գործարարներ իշխող ուժի ցուցակով ստացել են պատգամավորական մանդատ։
Հայաստանի կառավարությունը դիմել է լրտեսական ծրագրի «օգնությանը»
Փաստաթղթի համաձայն՝ Հայաստանի իշխանությունները վճարել են Predator լրտեսական ծրագիրն օգտագործելու համար, որը ստեղծել է հյուսիսմակեդոնական Cytrox ընկերությունը։
«Այդ ծրագիրը մի շարք երկրներում, այդ թվում՝ Հայաստանում օգտագործվել է՝ թիրախավորելու լրագրողներին, այլախոհներին և իրավապաշտպաններին»,- ասված է զեկույցում։
Freedom House-ը հղում է անում Meta և Citizen Lab ընկերությունների ուսումնասիրություններին։ Նշում է նաև, որ Google’s Threat Analysis Group-ը նույնպես հայաստանյան թիրախավորումները կապել էր Cytrox-ի ծրագրի օգտագործման հետ։ Այդ վերլուծական խումբը պնդել էր՝ պատասխանատուն «կառավարության աջակցությամբ գործող խաղացողներն» են։
Մարտի 14-ին կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ Հայաստանի վարչապետը կտրուկ հերքել էր կառավարության կողմից լրտեսական ծրագրի գործարկման մասին տեղեկությունը՝ այն որակելով «անհեթեթ»։ Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ ժամանակին ինքն ու իր ընտանիքի անդամներն էլ են ստացել զգուշացնող հաղորդագրություններ իրենց նկատմամբ լրտեսական ծրագրերի գործարկման մասին։
Արձանագրումներ աշխարհում տիրող իրավիճակի մասին
- 2022թ․-ին մարդու իրավունքների ու ազատությունների մակարդակն աշխարհում անկում է ապրել արդեն 17-րդ տարին անընդմեջ։ Դրա վրա ազդել են պատերազմները, հեղաշրջումները, ինչպես նաև այն ղեկավարները, որոնք չարաշահում են իրենց տրված լիազորություններն ու վստահությունը։
- Մտահոգիչ է բռնապետական վարչակարգերի համագործակցությունն ու փոխազդեցությունը միջազգային կառույցներում, որտեղ նրանք փորձում են փոխել խաղի կանոններն ու խուսափել պատասխանատվությունից։
- Ժողովրդավարական երկրներին անցյալ տարի հաջողվել է պատժել կամ դատապարտել մի շարք երկրների, այդ թվում՝ Ռուսաստանի, Իրանի ու Վենեսուելայի բռնապետական կարգերը։
- Խորհրդային Միության փլուզումից երեք տասնամյակ անց ավտորիտարիզմը դեռ գերիշխում է Եվրասիայում՝ մասամբ նաև ՌԴ-ում տեղի ունեցած զարգացումների և Ուկրաինայի դեմ Կրեմլի պատերազմի պատճառով։
«Ժողովրդավարությունը վտանգի տակ է»
Փաստաթղթի հեղինակների խոսքով՝ սա ավտորիտար հարևանների հարձակումների կամ բռնապետ առաջնորդների վարած քաղաքականության պատճառով է։
Freedom House-ի ուսումնասիրությունները ցույց են տվել, որ երբ պետությունները նահանջ են արձանագրում և հայտնվում մասամբ կամ ոչ ազատ երկրների շարքում, հետո դժվարությամբ են վերականգնվում․
«Ուստի շատ կարևոր է դիվանագիտական, տեխնիկական, ֆինանսական աջակցություն տրամադրել այն պետություններին, որոնք խոստումնալից են ժողովրդավարական զարգացման առումով կամ կանգնած են ժողովրդավարական վիճակի վատթարացման առաջ»։
Զեկույցի համաձայն՝ այդ երկրների շարքում է նաև Հայաստանը, որտեղ ժողովրդավարությունը ճնշումների է ենթարկվում։
Փորձագիտական կարծիք
«Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան ՀԿ նախագահ Նինա Կարապետյանցի խոսքով՝ Հայաստանի նահանջը ավելի մեծ կգնահատվեր, եթե չլինեին «գեղեցիկ փաթեթավորված առանձին գործողություններ»։
«Օրինակ՝ կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում ստեղծվել են բազմաթիվ կառույցներ, որոնք իրենց էությամբ անցումային արդարադատության տրամաբանության մեջ են, բայց փաստացի այնտեղ գտնվում են պաշտոնյաներ, որոնց այնտեղ, մասնավորապես՝ հակակոռուպցիոն համակարգում լինելը, մեղմ ասած, վիճելի է»,- «Մեդիա կենտրոնում» կազմակերպված քննարկման ժամանակ նշել է նա։
Իրավապաշտպանի գնահատմամբ՝ կարելի է նույնիսկ ասել՝ ունենք որոշակի առաջընթաց, եթե վերցնենք միայն այդ «գեղեցիկ փաթեթավորումները»։
Ասում է՝ մոտ ժամանակներս, երբ նորաստեղծ կառույցները սկսեն աշխատել, և մարդիկ էլ նրանցից «պրոդուկտ» ակնկալեն, պարզ կլինի՝ ինչ պարունակություն ունի այդ առաջընթացը։ Ըստ նրա՝ առայժմ արդյունքներ չկան։
Կարապետյանցը դժվարանում է ասել՝ ինչպիսին կլինի Freedom House-ի հաջորդ տարեկան զեկույցը։ Կարծում է՝ դրա վրա մեծ ազդեցություն կունենա հայ հասարակությունը․
«Վրաստանում տեղի ունեցած իրադարձությունները ևս մեկ անգամ եկան ապացուցելու, որ ժողովուրդը անորոշ մասսա չէ, որոշիչ է, եթե կազմակերպված է։ Երբ հաստատ գիտի՝ ինչ է ուզում ու ունի հստակ պահանջ, որևէ մեկը չի կարող կանգնեցնել այդ ընթացքը՝ լինի ՌԴ ճորտ իշխանություն Վրաստանում, թե զենք ու ոստիկանական մեծ ուժեր ունեցող»,- ասել է նա։
Հետևեք մեզ — Facebook | Youtube | Telegram
Freedom House-ը՝ Հայաստանի մասին