«Չունեն որևէ փաստական հիմք»․ Firebird AI-ն հերքել է ՌԴ-ից հնչող մեղադրանքները
Firebird AI-ն հերքել է ՌԴ պաշտոնյայի պնդումները
«Firebird AI-ի գործունեության վերաբերյալ տարածվող պնդումները չեն համապատասխանում իրականությանը և չունեն որևէ փաստական հիմնավորում»,- հայտարարել է Հայաստանի Հրազդան քաղաքում տեղակայված Firebird AI ընկերությունը՝ արձագանքելով ՌԴ Անվտանգության խորհրդի փոխքարտուղար Ալեքսեյ Շևցովի հայտարարությանը։
Ալեքսեյ Շևցովը պնդել էր, թե արհեստական բանականության տվյալների կենտրոնը կարող է օգտագործվել հետախուզական տվյալների հավաքագրման համար։
«Նման կենտրոնները կարող են օգտագործվել արևմտյան հատուկ ծառայությունների շահերից բխող վերլուծական և հետախուզական աշխատանքներ իրականացնելու համար, այդ թվում՝ Իրանի, Ռուսաստանի, ինչպես նաև Անդրկովկասի և Կենտրոնական Ասիայի պետությունների դեմ»,- շեշտել էր պաշտոնյան։
Ուշագրավ է, որ սա ՌԴ Անվտանգության խորհրդի փոխքարտուղար Ալեքսեյ Շևցովի առաջին քննադատական հայտարարությունը չէ։ Վերջին շրջանում պաշտոնյան ակտիվորեն թիրախավորում է ՀՀ-ում իրականացվող ծրագրերը։
Մասնավորապես՝ Շևցովն անդրադարձել էր նաև հաղորդակցության ուղիների բացմանն ուղղված TRIPP («Թրամփի ուղի») ծրագրին և հայտարարել, թե, իբր, նախագծի իրականացման դեպքում Հայաստանում կարող են տեղակայվել ամերիկյան մասնավոր ռազմական ընկերություններ և հետախուզական ենթակառուցվածքներ։
2026 թ․-ի օգոստոսի 8-ին Հրազդան քաղաքում պաշտոնապես բացվել է Firebird AI ընկերության արհեստական բանականության (ԱԲ) առաջին գործարանը, որը տարածաշրջանի խոշորագույն կենտրոններից մեկն է: Գործարկվել է ավելի քան 6,000 NVIDIA Blackwell B200 / B300 գրաֆիկական պրոցեսոր (GPU)։ Առաջին փուլում ներդրվել է մոտ 500 միլիոն դոլար։ Ակնկալվում է, որ ծրագրի ավարտից հետո Հայաստանում Firebird-ի ենթակառուցվածքում կգործի ավելի քան 100․000 բարձր արտադրողականությամբ GPU:
- Անկախ Հայաստանը 35 տարեկան է. ԱԲ-ն՝ երկրի ձեռքբերումների և կորուստների մասին
- ՄԱԿ-ը հրապարակել է ԱԲ ռիսկերի և հնարավորությունների գնահատման արդյունքները
- «Հայաստանը՝ առևտրի և ներդրումների կենտրոն»․ ՀՀ-ԵՄ առաջին գագաթնաժողովը Երևանում
- Հայասատանին հինգ անգամ ավելի շատ ծրագրավորողներ են պետք՝ նախնական հաշվարկ
«Հզորություններն օգտագործվում են միայն քաղաքացիական նպատակներով»
Firebird AI ընկերությունից հիշեցրել են՝ խոսքը տեխնոլոգիական ընկերության մասին է, որը կառուցում և շահագործում է արհեստական բանականության համար նախատեսված բարձր արտադրողականությամբ հաշվարկային ենթակառուցվածքներ․
«Ընկերությանը տրամադրված ԱՄՆ արտահանման լիցենզիան սահմանափակում է այդ հաշվարկային հզորությունների օգտագործումը բացառապես քաղաքացիական նպատակներով»։
Անդրադառնալով Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխքարտուղարի պնդումներին՝ շեշտել են՝ դրանք վկայում են ԱԲ հաշվարկային ենթակառուցվածքների աշխատանքի սկզբունքների սխալ ընկալման մասին։
«Այս ծառայությունների աշխարհագրական տեղակայությունն ինքնին չի որոշում դրանց օգտագործման բնույթը կամ նպատակը»,- նշված է ընկերության տարածած հաղորդագրության մեջ։
Ի՞նչ է հայտարարել ռուսաստանցի պաշտոնյան
ՌԴ Անվտանգության խորհրդի փոխքարտուղար Ալեքսեյ Շևցովի խոսքով՝ Firebird ընկերությունը գործում է ամերիկյան օրենսդրության շրջանակում, ուստի ԱՄՆ հատուկ ծառայությունները կարող են հասանելիություն ստանալ դրա սերվերներում մշակվող բոլոր տվյալներին։
«Սա նշանակում է, որ հայկական պետական կառույցների, ընկերությունների և քաղաքացիների տվյալները հասանելի կլինեն ԱՄՆ-ին՝ առանց Հայաստանի իշխանությունների համաձայնության»։
Շևցովը հայտարարել է, թե տվյալների կենտրոնը կարող է օգտագործվել ընդդեմ Իրանի, Ռուսաստանի հետախուզական տվյալների հավաքագրման համար։
Օգտվելով առիթից՝ պաշտոնյան անդրադարձել է նաև Հայաստանի էներգետիկ հզորություններին։
Ալեքսեյ Շևցովը հիշեցրել է, որ Firebird AI-ի տվյալների կենտրոնն աշխատում է Nvidia-ի պրոցեսորներով։
«Հայտարարվում է, որ մինչև 2027 թ․-ի վերջը Firebird-ը մտադիր է Հրազդանում գտնվող համալիրի հզորությունը հասցնել 300 ՄՎտ-ի, ինչը ձմռանը Հայաստանի էներգահամակարգի գագաթնակետային բեռնվածության՝ 1,3 ԳՎտ-ի գրեթե մեկ քառորդն է կազմում։ Հաշվի առնելով հայտարարված ծրագրերը՝ կենտրոնի աշխատանքը պահպանելու համար կպահանջվեն լրացուցիչ էներգետիկ հզորություններ»,- մանրամասնել է նա և հավելել, որ պետք է նկատի ունենալ ինչպես աճող պահանջարկը, այնպես էլ տվյալների կենտրոնի հզորության ընդլայնումը։
ՌԴ պաշտոնյան շեշտել է՝ Հայաստանը դիտարկում է նոր ատոմակայանի կառուցման հարցը։ Նա կասկածի տակ է դրել միջուկային էներգետիկայի ոլորտում հարաբերությունների դիվերսիֆիկացիայի անհրաժեշտությունը։
Ընդգծել է, որ «ԱՄՆ-ն արտերկրում ոչ մի փոքր մոդուլային ռեակտոր չի կառուցել և չի կառուցում»։ Այս ֆոնին Շևցովը մատնանշել է ռուսական ատոմային ոլորտի մասնագետների հետ համագործակցության առավելությունները․
««Ռոսատոմը» ներկայում արտերկրում կառուցում է 30 էներգաբլոկ, այդ թվում՝ փոքր մոդուլային ռեակտորներ։ Ինչպես ասում են՝ ընտրությունն ակնհայտ է»,- հայտարարել է պաշտոնյան։
Հետևեք մեզ — Facebook | Youtube
Firebird AI-ն հերքել է ՌԴ պաշտոնյայի պնդումները