Դինքի սպանությունից 10 տարի անց
Դինքը սպանվել է 2007թ-ի հունվարի 19-ին «Ակոս» թերթի խմբագրության շենքի մոտ, որի գլխավոր խմբագիրն էր:
Սպանության գործով 2012թ-ին դատապարտվել է 18 մարդ, նրանցից երկուսը դատապարտվել են ցմահ, մնացածները՝ տարբեր տևողության ազատազրկման: Եվս մեկը՝ հետախուզության նախկին սպան, մինչ այսօր կասկածյալ է համարվում, սակայն կալանքի տակ չէ:
Սպանված լրագրողի ընտանիքը կարծում է, որ սպանությունը հարկ եղած կերպով չի հետաքննվել, և հանցագործությանը մասնակից են որոշ պաշտոնատար անձինք, որոնք տեղյակ են եղել Դինքին սպառնող վտանգի մասին, սակայն ոչ մի միջոց չեն ձեռնարկել:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը, 2010թ-ին քննելով Դինքի ընտանիքի բողոքը, եկել է այն եզրահանգման, որ թուրքական արդարադատությունը բավականաչափ ուշադրություն չի դարձրել սպանությանը պաշտոնատար անձանց հնարավոր մասնակցությանը:
Ի հիշատակ Դինքի անցկացված միջոցառմանը ելույթ ունեցավ նրա այրին՝ Ռաքել Դինքը, որը նշեց, որ «հավանաբար, այս սպանության մեղավորը պետությունն է իր բոլոր կառույցներով»:
Դինքի սպանության օրվա հետ կապված հայտարարություններ արեցին նաև ընդդիմադիր կուսակցությունների առաջնորդները: Ժողովրդադեմոկրատական կուսակցության առաջնորդ Սելահաթթին Դեմիրթաշը նշել է, որ «վերջին 10 տարվա ընթացքում, ցավոք, մենք չկարողացանք մեր երկիրը վերածել կյանքի և ազատության համար պիտանի վայրի»: Ժողովրդահանրապետական կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն նույնպես հայտարարեց, որ հույս ունի, թե «Թուրքիայում եղբայրություն, հավասարություն և արդարություն կհաստատվի»:
Թուրքիայում ԱՄՆ դեսպանատունը Թվիթերի միջոցով նույնպես անդրադարձել է ողբերգական տարելիցին՝ նշելով. «Մենք միշտ հիշելու ենք նրա ուղերձները, որոնք ուղղված էին խաղաղությանը, հաշտեցմանն ու մարդու իրավունքները հարգելուն»:
Հրանտ Դինքն «Ակոս» թերթի՝ Թուրքիայում առաջին հայալեզու և թրքալեզու պարբերականի հիմնադիրն ու խմբագիրն էր: Նրա գործունեության գլխավոր թեմաներից մեկը հայերի ցեղասպանության հարցն էր, որը թուրք ազգայնականների զայրույթն էր առաջացնում: