«Բնությանը վերադարձնելու պարտք ունենք»․ ՀՀ-ում մեկնարկել է COP17 առաջնորդների գագաթնաժողովը
COP17-ի առաջնորդների գագաթնաժողովը ՀՀ-ում
Հայաստանում ընթանում է «Առաջնորդները՝ հանուն բնության» խորագրով գագաթնաժողովը, որն անցկացվում է COP17 համաժողովի շրջանակներում։ Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովին (COP17) նախատեսվում է 196 երկրից 10-15 հազար ներկայացուցիչների մասնակցություն։
Մինչև հոկտեմբերի 30-ը տարբեր երկրների, միջազգային կազմակերպությունների և քաղհասարակության ներկայացուցիչներ Երևանում կգնահատեն կենսաբազմազանության պահպանության ուղղությամբ արձանագրված առաջընթացը և կքննարկեն հետագա համատեղ քայլերը։
Առաջնորդների գագաթնաժողովը բացել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա ընդգծել է՝ Հայաստանի համար մեծ պատիվ է համաժողովը հյուրընկալելը։ Հույս է հայտնել, որ «այն արդյունավետ կլինի և կնպաստի երկիր մոլորակի վրա կենսաբազմազանության պաշտպանությանը»։
Փաշինյանի խոսքով՝ Հայաստանի կենսաբազմազանությունը պաշտպանելու ճանապարհին գրանցվել են և՛ հաջողություններ, և՛ ձախողումներ։
Որպես բնության չարաշահման օրինակ է ներկայացրել անտառահատման և որսագողության դեպքերը։
«Մենք՝ ՀՀ քաղաքացիներս, կառավարությունը, պետական իշխանության և տեղական ինքնակառավարման մարմինները պարտք ունեն վերադարձնելու մեր բնությանը»,- հայտարարել է Փաշինյանը։
Ասում է՝ միջազգային հանրությունը արդեն ձևավորել է «բնության հետ ներդաշնակ ապրելու» տեսլականը և 2022 թ․-ին ընդունել Կունմին-Մոնրեալի կենսաբազմազանության գլոբալ շրջանակը՝ սահմանելով նպատակներ և հստակ թիրախներ մինչև 2030 թվականը։
«Մենք գտնվում ենք այդ թիրախներին հասնելու ճանապարհի կեսին և պետք է անկեղծորեն ընդունենք՝ հավաքական առումով դեռևս անհրաժեշտ ուղու վրա չենք գտնվում։ Այժմ մեր խնդիրը նոր խոստումների ձևակերպումը չէ։ Մեր խնդիրն արդեն իսկ ստանձնած պարտավորությունները իրական գործողության վերածելն է»,- հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։
Նիստի ընթացքում ելույթով հանդես են եկել նաև ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը, տարբեր երկրների ներկայացուցիչներ։
Հայկական կողմի փոխանցմամբ՝ COP17 համաժողովի շրջանակում նախատեսվում է ընդունել նախագահության հայտարարություն, ինչպես նաև քննարկել ավելի քան 30 փաստաթուղթ։ Այդ փաստաթղթերի ընդունման պարագայում ստանձնած պարտավորությունները պարտադիր կլինեն Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի համար։
Առաջնորդների գագաթնաժողովի կարևոր դրվագները՝ հակիրճ
- Զարգացո՞ւմ, թե՞ աղետ․ ՀՀ-ում ազդարարվել է Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման մեկնարկը
- «Առաջիկա ամիսներին կկողմնորոշվենք»․ Փաշինյանը՝ ՀՀ նոր ատոմակայանի տեխնոլոգիայի մասին
- «Նավթի հույս չկա, պետք է ապավինել պղնձին»․ փորձագետը՝ Հայաստանի օգտակար հանածոների մասին
Փաշինյան․ «Դժվար օրերին բնությունն է մեզ փրկել»
Հայաստանի վարչապետի խոսքով՝ ՀՀ-ն հատուկ պատասխանատվություն է զգում բնության նկատմամբ, որովհետև երկրի համար դժվար օրերին «բնությունն է մեզ փրկել, և մենք նրան չարաշահելու դժբախտությունն ենք ունեցել»։
Մատնանշել է, մասնավորապես՝
- զանգվածային անտառահատումները («Վաղ 1990–ականներին երկրում էներգետիկ և սոցիալ տնտեսական ճգնաժամ էր, բավարար էլեկտրական հոսանք, գազ կամ նավթամթերք կամ քարածուխ չկար, և մարդիկ իրենց բնակարանները տաքացնում էին փայտե վառարաններով»։)
- լայնորեն տարածված որսագողությունը, այդ թվում՝ Սևանա լճի ձկնային պաշարների,
- բնության ապօրինի շահագործման դեպքերը։
Փաշինյանի փոխանցմամբ՝ 2018 թ․-ին վարչապետ ընտրվելուց հետո կայացրել է ապօրինի անտառահատումները կասեցնելու որոշում։ Բացի այդ, ՀՀ կառավարությունը քայլեր է ձեռնարկել Սևանա լճի ձկնային պաշարները պաշտպանելու ուղղությամբ, այդ թվում՝ ընդունվել են լճում ձկնորսությունը կանոնակարգող որոշումներ, ներդրվել է ջրային ոստիկանություն։
«Եվ արդյունքներն ակնհայտ են։ Վերջին 10 տարիների ընթացքում Սևանա լճում սիգի ընդհանուր պաշարը (կենսազանգվածը) աճել է ավելի քան 10 անգամ՝ 2010-ականների կեսերի ճգնաժամային մի քանի հարյուր տոննայից, այսինքն, ըստ էության, անհետացման եզրին հայտնվելուց, 2026 թ․-ի հուլիսի դրությամբ հասնելով ավելի քան 4500 տոննայի»,- նկատել է նա։
Հայաստանի վարչապետն ընդգծել է՝ չնայած գրանցած հաջողություններին, դեռևս կան չարաշահումների դեպքեր։
Տեղեկացրել է՝ առկա խնդիրները կառավարելու նպատակով երկու տարի առաջ ՀՀ-ում մեկնարկել է Էկոպարեկային ծառայության հիմնադրումը։ Երկրի 10 մարզերից 4-ում այն արդեն գործում է.
«Ծառայության խնդիրն է բնության շուրջօրյա պահպանություն իրականացնել։ Մենք մտադիր ենք այս ծառայությունը զարգացնել թե՛ տեխնիկական, թե՛ բովանդակային, թե՛ աշխատակիցների պրոֆեսիոնալության և բարեվարքության իմաստով»:
«Բախվելու ենք անխուսափելի իրավիճակների»․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար
ՄԱԿ գխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը շեշտել է՝ պաշտոնավարման ընթացքում իր առաջնահերթությունն է եղել պայքարը 3 ճգնաժամերի՝ կլիմայի փոփոխության, կենսաբազմազանության կորստի, աղտոտման դեմ։
Գուտերեշը բնության շուրջ համախմբվելու և այն սնուցելու անհրաժեշտություն է տեսնում:
«Ջուրը, օդը, հողը կենսաբազմազանության նվերներն են բոլորիս, ամեն օր մարդն օգտվում է այս երեք գանձերից։ Սակայն այսօր կլիմայի փոփոխությունը, թունաքիմիկատների չկարգավորված օգտագործումը, ծանր մետաղները, աղտոտումը, կենսաբազմազանության կորուստը, կլիմայական քաոսը սպառնում են այդ արժեքներին»,- նկատել է նա և եզրակացրել՝ սա ենթադրում է, որ բախվելու ենք անխուսափելի իրավիճակների:
Ըստ Գուտերեշի՝ ընդունված համաձայնագրերից բացի առկա խնդիրների լուծման համար անհրաժեշտ է ինչպես պետական կառույցների, այնպես էլ քաղհասարակության մասնակցությունը։
«Անհրաժեշտ է երիտասարդների մասնակցություն, կանանց ներգրավվածություն։ Գիտելիքը կենսաբազմազանության հիմքում դնելով՝ մենք կարող ենք կառավարել աշխարհի ամենահզոր արհեստական բանականությունները»,- ընդգծել է նա։
Հայաստանի հարևանները՝ բնության պաշտպանության մասին
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիան․
«Պատերազմները միայն մարդկային կորուստների և ենթակառուցվածքների թիրախավորման մասին չեն, դրանց հետևանքով ոչնչացվում են անտառներ, պարարտ հողեր, խոնավ տարածքներ, ջրային ռեսուրսներ, զինանոցի օգտագործման արդյունքում վտանգավոր քիմիական տարրեր և ծանր մետաղներ են արտանետվում վայրի բնություն։
Բնական միջավայրի ոչնչացումը պատերազմի ուղղակի հետևանք է։ Այս խնդիրն ապագա սերունդների բարեկեցության համար լուրջ սպառնալիք է մեր տարածաշրջանում, այդ թվում՝ Իրանում։
Ռազմական ագրեսիայի բնապահպանական հետևանքները անվտանգության հրատապ միջոցառումներ են պահանջում համաշխարհային հանրությունից։
ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանի դեմ սկսած պատերազմը լուրջ վնասներ է հասցնում երկրի էկոհամակարգերին։
Ակնկալում ենք, որ միջազգային հանրությունը կստեղծի արդյունավետ և թափանցիկ մեխանիզմներ մեր բնական ժառանգությունն ու կենսաբազմազանությունը պաշտպանելու համար։ Ոչ մի պետության երբեք չպետք է թույլատրվի պատերազմի ժամանակ բնությունը դարձնել լուռ ու անպաշտպան զոհ»։
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձե․
«Վրաստանի բնական ժառանգությունը շարունակում է կարևոր դեր խաղալ երկրի տնտեսական և սոցիալական զարգացման գործում: Առողջ էկոհամակարգերը, կայուն գյուղատնտեսությունը ապահովում են մեր ջրային ռեսուրսները, ներգրավում այցելուների և հնարավորություններ ստեղծում փոքր բիզնեսի աճի ու զարգացման համար:
Հետևաբար, դրանց պաշտպանությունը պարզապես բնապահպանական պատասխանատվություն չէ, այլ ներդրում՝ տնտեսական մրցունակության բարձրացման, աշխատատեղերի ստեղծման և երկարաժամկետ բարգավաճման համար:
Հարավային Կովկասում ընդհանուր էկոհամակարգերը հիմք են ծառայում տարածաշրջանային ավելի սերտ գործակցության և կայուն զարգացման համար:
Վրաստանը հանձնառու է աշխատել իր հարևանների հետ՝ այս ընդհանուր բնական ժառանգությունը պաշտպանելու համար»։
Հետևեք մեզ — Facebook | Youtube
COP17-ի առաջնորդների գագաթնաժողովը ՀՀ-ում