Հայաստանը կմասնակցի՞ Բաքվում կայանալիք COP 29-ին․ կարծիք Երևանից
COP 29-ին մասնակցելու հրավեր Հայաստանին
Ադրբեջանը Հայաստանին հրավիրել է մասնակցել այս տարվա նոյեմբերին Բաքվում կայանալիք ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի մասնակիցների կոնֆերանսի 29-րդ նստաշրջանին (COP 29)։ Այդ մասին նախօրեին հայտարարել է Ալիևի օգնական Հիքմեթ Հաջիևը։ Ըստ նրա՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ երկու երկրները դիվանագիտական հարաբերություններ չունեն՝ «այս քայլը ցույց է տալիս Ադրբեջանի բարի կամքն ու ներառական մոտեցումը»։ Հայաստանի ԱԳՆ-ն դեռևս չի հաղորդել՝ ստացվե՞լ է պաշտոնական հրավեր և արդյո՞ք կայացվել է մասնակցելու որոշում։
Քաղաքագետ Արեգ Քոչինյանի խոսքով՝ չի կարող խոսք գնալ «Բաքվի բարի կամքի» մասին, այդ կոնֆերանսն «Ադրբեջանի սեփականությունը չէ» և մասնակցության հրավեր պետք է ստանան ՄԱԿ անդամ բոլոր պետությունները։ Հայաստանին ուղարկված հրավերը շեշտադրելը, ըստ նրա, կառուցողական կողմի տպավորություն ստեղծելու համար է։ Քոչինյանը չի բացառում, որ հայկական կողմի մասնակցության պարագայում Բաքուն փորձի հասնել որևէ փաստաթղթի ստորագրման։
2023 թ․-ի դեկտեմբերին հայտարարվեց, որ «որպես բարի կամքի քայլ` Հայաստանն իր աջակցությունն է հայտնում ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի Մասնակիցների կոնֆերանսի 29-րդ նստաշրջանը (COP 29) հյուրընկալելու նպատակով Ադրբեջանի ներկայացրած հայտին և հանում է իր թեկնածությունը»։ Այդ մասին արձանագրում էր արվել Հայաստանի վարչապետի աշխատակազմի և Ադրբեջանի նախագահի վարչակազմի համատեղ հայտարարության մեջ։ Այդ հայտարարության համաձայն՝ ՀՀ-ն ազատ արձակեց 2 ադրբեջանցու, Ադրբեջանը՝ 32 հայ ռազմագերիների։
COP 29-ին հայկական կողմի հնարավոր մասնակցության մասին խոսակցություններ տարածվեցին 2024 թ․-ի հունիսին։ Խոսվում էր Նիկոլ Փաշինյանի Բաքու այցելելու մասին։ Վարչապետի մամուլի խոսնակը, սակայն, հերքեց լուրերն ու նշեց, որ «վարչապետի աշխատանքային օրակարգում նման այց չի պլանավորվում»։
Հրավերն ուղղված չէ՞ Փաշինյանին
«Նախագահի կողմից COP 29-ի նախագահող նշանակված Մուխտար Բաբաևը հրավեր-նամակ է հղել Հայաստանի արտաքին գործերի նախարարին: Մենք պաշտոնական հրավեր ենք ուղարկել»,- հայտնել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը։
Հաջիևն ասել է, թե «այժմ Հայաստանի կառավարությունը պետք է որոշում կայացնի»։ Ըստ նրա՝ Ադրբեջանը ՀՀ-ին առաջարկել է նախքան պայմանագրի կնքումը համաձայնեցնել խաղաղության պայմանագրի հիմնարար սկզբունքները և հավելել, որ «կողմերը դրանց շուրջ կարող են համաձայնության գալ նախքան COP 29-ը»։
Մայիսի վերջին Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը հայտարարել էր, թե կոնֆերանսը լավ հնարավորություն է խաղաղության պայմանագիր ստորագրելու համար։ Այժմ, սակայն, Բաքուն խոսում է միայն հիմնական սկզբունքների շուրջ համաձայնության գալու և շրջանակային համաձայնագիր ստորագրելու մասին։
«Այդ սկզբունքների ներդաշնակեցումը կարող է բարիդրացիական հարաբերություններ հաստատել երկու երկրների միջև»,- ասել է Ադրբեջանի նախագահի օգնականը։
Հիքմեթ Հաջիևը հերթական անգամ հնչեցրել է Հայաստանի Սահմանադրությունը փոփոխելու Բաքվի պայմանը և շեշտել, որ «իրավական դաշտը պետք է լինի այնպիսին, որ ամբողջությամբ վերջ դնի տարածքային պահանջներին»։
Արձագանք կա, բայց ոչ հրավերին
Հայաստանի արտգործնախարարությունից մինչ այս պահը չեն հաղորդել՝ նախարարը մասնակցելո՞ւ է կոնֆերանսին, թե՞ ոչ։ Խոսնակ Անի Բադալյանը միայն ասել է՝ «հարցին անդրադարձ լինելու պարագայում կտեղեկացնենք»:
Փոխարենը հայտարարությամբ է հանդես եկել վարչապետի աշխատակազմը, այն ֆեյսբուքյան էջում վերահրապարակել է նաև ԱԳՆ-ն։ Թեման, սակայն, ոչ թե կոնֆերանսն է, այլ վերջին օրերին Ադրբեջանի կողմից տարածվող հայտարարությունները, իբր, ՀՀ Զինված ուժերի կողմից հրադադարի ռեժիմի խախտումների մասին։ Կառավարությունն արձանագրել է, որ չնայած Երևանի հերքումներին՝ ադրբեջանական աղբյուրները շարունակում են նմանատիպ հրապարակումները՝ դրանք «համեմելով աշխարհաքաղաքական բնույթի շեշտադրումներով»։
Վարչապետի աշխատակազմը վերահաստատել է՝
- հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի և/կամ այդ մասին տեղեկությունների հետաքննության Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծելու իր առաջարկությունը,
- ՀՀ կառավարության հավատարմությունը խաղաղության օրակարգին՝ արդեն իսկ ձեռքբերված հրապարակային պայմանավորվածությունների շրջանակներում:
Մեկնաբանություն
Քաղաքագետ Արեգ Քոչինյանի դիտարկմամբ՝ Հայաստանին ուղղված հրավերը շեշտադրելու ամենաակնհայտ նպատակը որոշակի դիվիդենտներ ստանալն է, միջազգային հանրության մոտ կառուցողական լինելու տպավորություն ստեղծելը։ Ասում է՝ հնարավոր է նաև, որ Բաքվում ուզում են տեսնել միջոցառման շրջանակներում ՀՀ և Ադրբեջանի միջև որևէ փաստաթղթի ստորագրում․
«Դա կարող է լինել ինչ-որ շրջանակային համաձայնագիր, դիվանագիտական հարաբերություններ ստեղծելու մասին համաձայնագիր։ Իհարկե, լավագույն պարագայում դա կլիներ խաղաղության պայմանագիր։ Կարող է լինել պայմանագրի ինչ-որ առանձին հատված»։
Խոսելով խաղաղության պայմանագրից առաջ ընդհանուր սկզբունքները համաձայնեցնելու և շրջանակային փաստաթուղթ ստորագրելու Ադրբեջանի առաջարկի մասին՝ նկատել է՝ Հայաստանի համար «որևէ փաստաթուղթ ստորագրելն ավելի լավ է, քան ոչինչ չունենալը»։
Քաղաքագետը տեսականորեն հնարավոր է համարում, որ Բաքվում Ադրբեջանի հետ փաստաթուղթ ստորագրելու հետաքրքրվածություն դրսևորի նաև հայկական կողմը։
Ըստ Քոչինյանի՝ այդ պարագայում առաջ է գալու երկու կարևոր հարց։ Առաջինն այն է, թե այդ փաստաթուղթն «իրենից ինչ է ներկայացնելու», այսինքն՝ դրա բովանդակությունը։ Երկրորդ հարցը վերաբերում է Բաքվում պահվող հայ ռազմագերիներին։
«Դժվար է պատկերացնել Հայաստանից ներկայացուցչական պատվիրակության մասնակցություն Բաքվում այն պարագայում, քանի դեռ այնտեղ կան հայ ռազմագերիներ։ Սրա լուծման տարբերակ կարելի է դիտարկել այն, որ ՀՀ-ից կարող է մեկնել պատվիրակություն՝ նախապայմանով, որ Բաքվից վերադառնալիս իր հետ կբերի նաև հայ ռազմագերիների»,- պարզաբանել է նա։
Կարևոր է համարում այն, թե ինչպիսին կլինի այցի բովանդակությունը, ինչ նպատակներ կհետապնդի, այլ ոչ թե այն, թե ինչ մակարդակով կներկայանա ՀՀ-ն, եթե մասնակցելու որոշում կայացվի։
Ադրբեջանը շարունակում է խաղաղության պայմանագրի կնքման համար որպես նախապայման առաջադրել ՀՀ Սահմանադրության փոփոխությունը։ Սակայն պարզ է, որ մինչև նոյեմբեր հանրաքվե կազմակերպելն իրատեսական չէ։ Քաղաքագետն ասում է՝ Բաքուն փորձում է ցույց տալ, թե Երևանն է ապակառուցողական կողմը, բայց նաև ժամանակ է ձգում․
«Ադրբեջանը փորձում է հասկանալ, թե ինչպես կփոխվի աշխարհը նոյեմբերին սպասվող աշխարհաքաղաքական ցնցումներից հետո, մասնավորապես՝ ԱՄՆ նախագահական ընտրություններից հետո»։
JAMnews-ը Քոչինյանից հետաքրքրվել է՝ ինչո՞ւ է Հայաստանի կառավարությունը COP 29-ի հրավերի ֆոնին հերթական անգամ հիշեցրել հրադադարի խախտումների վերահսկման համատեղ մեխանիզմ ձևավորելու իր առաջարկը։ Ի պատասխան նա նշել է, որ դա պետք է դիտարկել հայկական կողմի մոտեցման, այն է՝ խոսակցությունները բովանդակային և կառուցողական դաշտ տանելու շրջանակներում․
«Այսինքն՝ եթե հիմա մենք կարողանանք պայմանավորվել հրադադարի ռեժիմի խախտման մեխանիզմների ստեղծման շուրջ, դա կարող է լինել բավականին լուրջ ստիմուլ կամ արգումենտ՝ հօգուտ նրա, որ ՀՀ-ն մասնակցի Ադրբեջանում կազմակերպվելիք միջոցառմանը»,- ամփոփել է նա։
Հետևեք մեզ — Facebook | Youtube | Telegram
COP 29-ին մասնակցելու հրավեր Հայաստանին