Apple-ը խոստովանել է, որ դանդաղեցնում է հին iPhone-ների աշխատանքը
Apple-ը հայտարարություն է հրապարակել, որում խոստովանել է, որ միտումնավոր նվազեցնում է iPhone-ի հին մոդելների արագությունը, հաղորդում է CNN-ը:
Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ օգտատերերը մի քանի օր շարունակ ակտիվորեն քննարկել են նոր ծրագրային ապահովման գործարկումից հետո իրենց iPhone-ների աշխատանքի դանդաղեցումը:
iPhone ունեցողների մեծամասնության կարծիքով, որոնք համացանցում քննարկել են հեռախոսների աշխատանքի դանդաղումը, Apple-ը միտումնավոր կերպով դանդաղեցնում է իր հին սարքերի արտադրողականությունը նոր մոդելների վաճառքն ավելացնելու համար:
Հրապարակված հայտարարությունում ընկերությունը խոստովանում է, որ իրոք միտումնավոր դանդաղեցնում է iPhone-ների աշխատանքը, սակայն դա անում է նրա համար, որպեսզի հեռախոսների մարտկոցները դիմանան նորացված ծրագրային ապահովմամբ աշխատելուն:
Ընկերության ներկայացուցիչներն ասում են, որ ժամանակի ընթացքում
iPhone-ի մարտկոցներն ավելի ու ավելի քիչ ծանրաբեռնվածության կարող են դիմանալ, այդ պատճառով էլ դրանց աշխատանքի դանդաղեցումն արվում է սմարթֆոնների հանկարծակի անջատվելը կամ այլ տեխնիկական խոտանները կանխելու համար:
Apple-ն ընդգծել է նաև, որ չի պատրաստվում հրաժարվել աշխատանքի այդ սկզբունքից: Ընկերությունը պատրաստվում է շարունակել նպաստել նրան, որ iPhone-ների մարտկոցները չծանրաբեռնվեն:
Այս տարվա աշնանը Apple-ը երկու նոր սմարթֆոն է թողարկել՝ iPhone 8 և iPhone X: Ութերորդ iPhone-ի վաճառքը, որն ավելի վաղ էր սկսվել, ձախողղվել է, քանի որ բոլոր նոր տեխնոլոգիաները հավաքված են iPhone X մոդելում: