Abzas Media-ի գործով վեցերորդ ձերբակալությունն Ադրբեջանում
Abzas Media-ի գործը. ձերբակալությունները շարունակվում են
Ադրբեջանում ևս մեկ լրագրող է ձերբակալվել Abzas Media-ի գործով։ Սա արդեն վեցերորդ ձերբակալությունն է նույն մեղադրանքով։ Առցանց պարբերականի բոլոր ձերբակալված աշխատակիցները մեղադրվում են մի խումբ մարդկանց հետ նախնական համաձայնությամբ իրականացված մաքսանենգության մեջ։
Լրագրողները չեն ընդունում մեղադրանքը և կարծում են, որ ձերբակալությունը կապված է իրենց մասնագիտական գործունեության, բարձրաստիճան պաշտոնյաների շրջանում կոռուպցիայի հետաքննությունների հետ, որոնք հրապարակվել են Abzas Media-ում։
- Փաշինյանը Բաքվին սպառազինությունների վերահսկում է առաջարկում․ իրագործելի՞ է
- «Մարդիկ և բեռները Ադրբեջանից Ադրբեջան պետք է անցնեն առանց ստուգման»․ Ալիև
- Ակցիա Վրաստանում. ակտիվիստին մեղադրում են Ստալինի պատկերով «սրբապատկերն անարգելու» մեջ
Հունվարի 15-ին Բաքվի Խաթայի դատարանի որոշմամբ երկու ամիս 17 օր նախնական ժամկետով ձերբակալվել է Abzas Media-ի լրագրող Էլնարա Գասիմովան։ Ինչպես կայքի՝ այս գործով ձերբակալված նախորդ աշխատակիցները, նա նույնպես մեղադրվում է Ադրբեջանի Քրեական օրենսգրքի 206.3.2 հոդվածով (մաքսանենգություն, որը կատարվել է մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ):
Լրագրողին դատարան են ներկայացրել ձեռնաշղթաներով՝ ձեռքերը ոլորած։
«Սա անմեղության կանխավարկածի խախտում է։ Ամենայն հավանականությամբ, սա արվել է նրա համար, որ նա չկարողանա ձեռքով անել դատարանի դիմաց հավաքված իր գործընկերներին։ Էլնարան լրագրող է, ոչ թե ահաբեկիչ»,- սոցցանցերում գրել է լրագրող Շեմշադ Աղան։
Շաբաթ օրը՝ հունվարի 13-ի երեկոյան, լրագրողը հրավիրվել է Բաքվի ոստիկանության գլխավոր վարչություն՝ երկրորդ անգամ Abzas Media-ի գործով ցուցմունք տալու։ Նույն օրը հայտարարվել է Էլնարա Գասիմովայի կալանավորման մասին։
Ոստիկանության բաժին այցելելուց առաջ նա հարցազրույց է տվել Meydan TV-ին և ասել, որ սպասում է իր ձերբակալությանը, քանի որ նախադեպն արդեն կա․ ձերբակալվել է նաև Նարգիզ Աբսալամովան, ով ևս երկրորդ անգամ հրավիրված է եղել ցուցմունք տալու։ Գասիմովան հավաքել էր իր բոլոր իրերը, որոնք կարող են անհրաժեշտ լինել քննչական մեկուսարանում, որպեսզի իր ձերբակալությունից հետո ամուսինը դրանք տանի։
«Իրականում ես այլ ելք չունեմ։ Ես երբեք չեմ մտածել ինչ-որ այլընտրանքների մասին, օրինակ՝ գուցե չշարունակեմ, կանգ առնեմ կամ հեռանամ։ Միգուցե պետք է հայտարարել, որ ես այլեւս լրագրությամբ չեմ զբաղվում։ Ես ինձ թույլ չեմ տալիս նման մտքեր ունենալ։
Կարծում եմ՝ ամեն դեպքում պետք է շարունակել։ Նրանք, ովքեր այս համակարգում են, պետք է տեսնեն, որ ինչ էլ անեն, կլինեն նրանք, ովքեր բանտ կգնան ժպտալով այնպես, ինչպես Նարգիզը, նրանք, ովքեր կվերադառնան երկիր՝ իմանալով, որ իրենց կձերբակալեն Սևինջի նման։
Ոչ ոք չի կարող ասել, որ չի վախենում։ Ինչ-որ մեկը կարող է քիչ կամ շատ վախ ունենալ: Սակայն, չնայած այս մտավախությանը, այն պետք է հաղթահարել ու շարունակել։ Գործընկերներիս ձերբակալությունների պատճառով առաջացած զայրույթի զգացումն ինձ օգնեց ճնշել վախս»,- ասել է նա։
Լրագրողի փաստաբանը հայտնել է, որ Էլնարա Գասիմովան իրեն մեղավոր չի ճանաչում։
«Նա կարծում է, որ ձերբակալությունը կապված է իր լրագրողական գործունեության հետ։ Նա հայտարարել է, որ մաքսանենգության մեղադրանքն անհիմն է և անհեթեթ, և որ այս հոդվածն օգտագործվում է որպես լրագրողների ձերբակալման պատճառ»։
Կոռուպցիայի փաստերի հետաքննություններով հայտնի Abzas Media-ի գործով ձերբակալությունները մեկնարկեցին անցյալ տարվա նոյեմբերի 20-ին:
Նախ ձերբակալվեցին կայքի տնօրեն Ուլվի Հասանլին, փոխտնօրեն Մուհամեդ Կեկալովը և գլխավոր խմբագիր Սևինջ Վագիֆկիզին։ Հետագայում շարունակվեցին ձերբակալությունները հետաքննող լրագրող Հաֆիզ Բաբալայի և Նարգիզ Աբսալամովայի նկատմամբ։ Բոլորին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանի Քրեական օրենսգրքի 206.3.2 հոդվածով (մաքսանենգություն, որը կատարվել է մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ):
Սույն հոդվածը նախատեսում է ազատազրկում՝ 5-8 տարի ժամկետով։
Նշված լրագրողներից ոչ մեկն իրեն մեղավոր չի ճանաչում։ Նրանք հայտարարում են, որ իրենց պատժում են Abzas Media-ում հրապարակված հետաքննությունների համար՝ կապված մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների բիզնեսի և կոռուպցիայի հետ։