Ադրբեջանում ձերբակալվել է Abzas Media-ի չորրորդ աշխատակիցը
Abzas Media-ի գործը
Ադրբեջանում ձերբակալվել է Abzas Media անկախ առցանց պարբերականի ևս մեկ աշխատակից։ Լրագրող Նարգիզ Աբսալամովան նույնպես մեղադրվում է մաքսանենգության մեջ այնպես, ինչպես կայքի ղեկավարությունը։
Դեկտեմբերի 1-ին Բաքվի Խաթայի դատարանը Abzas Media առցանց պարբերականի լրագրող Նարգիզ Աբսալամովայի նկատմամբ կիրառել է եռամսյա նախնական կալանք։ Նրա դեմ քրեական գործ է հարուցվել Ադրբեջանի քրեական օրենսգրքի 206.3.2 հոդվածի (մաքսանենգություն՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ) հատկանիշներով։
Լրագրող Աբսալամովան հայտարարել է իր անմեղության մասին՝ պնդելով, որ իրեն հետապնդում են իր լրագրողական գործունեության համար։ Իսկ հետաքննությունը պնդում է, որ Աբսալյամովայի և AbzasMedia-ի՝ նախկինում ձերբակալված երեք այլ աշխատակիցների՝ տնօրեն Ուլվի Հասանլիի, գլխավոր խմբագիր Սևինջ Վագիֆկիզիի և տնօրենի օգնական Մուհամեդ Կեկալովի միջև նախնական համաձայնություն է ձեռք բերվել։
Աբսալամովայի գործընկերները, որոնք հավաքվել էին դատարանի շենքի մոտ, ոստիկանների կողմից բռնության են ենթարկվել։
Աբսալամովային բերման են ենթարկել նոյեմբերի 30-ին։ Նրան հերթական անգամ հրավիրել էին Բաքվի ոստիկանության գլխավոր վարչություն՝ որպես վկա ցուցմունք տալու։ Ավելի քան երեք ժամ անց հայտարարվեց նրա՝ որպես կասկածյալ ձերբակալվելու մասին։
Այս իրադարձություններին ի պատասխան՝ «Լրագրողներ առանց սահմանների» միջազգային կազմակերպությունը կոչ է արել Եվրոպայի խորհրդի ԶԼՄ-ների ազատության հարթակին միջամտել՝ միջոցներ ձեռնարկել Ադրբեջանում լրագրողների նկատմամբ բռնաճնշումների սրացումը դադարեցնելու և նրանց ազատ արձակումն ապահովելու համար:
ՆԳՆ-ն հայտարարել է, որ լրագրողները ձերբակալվել են կոնկրետ հանցագործության համար
Նոյեմբերի 30-ին Ադրբեջանի ներքին գործերի նախարար Վիլայաթ Էյվազովը ուղերձ է հղել ԱՄՆ-ում տեղակայված Լրագրողների պաշտպանության կոմիտեին։
Ըստ CPJ-ի կայքի հաղորդագրության՝ Էյվազովը էլեկտրոնային փոստով հայտնել է, որ պնդումները, թե Հասանլիի, Վագիֆկիզիի ու Կեկալովի դեմ մեղադրանքները կապված են նրանց աշխատանքի հետ, «միանգամայն անհիմն են»։
Էյվազովը հայտարարել է, որ այդ երեք անձինք մաքսանենգ ճանապարհով «մեծ քանակությամբ արտարժույթ» են անցկացրել Ադրբեջանի պետական սահմանով «մաքսային հսկողությունից դուրս կամ գաղտնի և առանց հայտարարագրման», և որ Abzas Media-ի գրասենյակում հայտնաբերված 40 հազար եվրոն եղել է այդ մաքսանենգ արժույթի «մի մասը»։
Ադրբեջանի ԱԳՆ-ն դիվանագիտական ներկայացուցչություններին մեղադրել է Abzas Media-ի ապօրինի ֆինանսավորման մեջ
Նոյեմբերի 28-ին Ադրբեջանում ԱՄՆ-ի և Գերմանիայի գործերի ժամանակավոր հավատարմատարները, ինչպես նաև Ֆրանսիայի դեսպանը առանձին-առանձին հրավիրվել են Ադրբեջանի ԱԳՆ։
Ինչպես ասվում է ԱԳՆ հաղորդագրության մեջ, դեսպաններին տեղեկացվել է, որ այդ երկրներում գրանցված կազմակերպություններն անօրինական կերպով ֆինանսավորել են Abzas Media լրատվական պորտալը։
«Դրանում ներգրավված են եղել նշված երկրների դեսպանատները, ինչի առնչությամբ խիստ բողոք է արտահայտվել»։
Նշվել է նաև, որ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը (USAID), FreedomNow, New Democracy Fund և այլ կազմակերպությունները, խախտելով դրամաշնորհների տրամադրման կանոնները, Abzas Media-ի համար ապօրինի ֆինանսական փոխանցումներ են կատարել Ադրբեջան։
Դրա հետ մեկտեղ արևմտյան դիվանագետներին հիշեցվել է, որ «ԶԼՄ-ների մասին» օրենքի համաձայն՝ օտարերկրյա ֆիզիկական և իրավաբանական անձանց, ինչպես նաև օտարերկրյա պետական կառույցների կողմից տեղական լրատվամիջոցների ֆինանսավորումը չի թույլատրվում։
Ըստ Ադրբեջանի ԱԳՆ-ի՝ այդ գործողությունները դիվանագիտական հարաբերությունների մասին Վիեննայի կոնվենցիայի խախտում են։
«Ադրբեջանական կողմը խստորեն դատապարտել է այդ անօրինական գործունեությունը և միջամտությունը երկրի ներքին գործերին և հայտարարել, որ իրեն իրավունք է վերապահում ձեռնարկել ազգային օրենսդրությամբ նախատեսված համապատասխան միջոցներ կապված նշված փաստերի հետ»,- ասված է հաղորդագրությունում։
Գերմանիայի դեսպանատան հայտարարությունը
Ադրբեջանի ԱԳՆ-ի մեղադրանքների առնչությամբ հայտարարություն է տարածել Գերմանիայի դեսպանատունը։
«Գերմանիայի դեսպանատունը մշտապես աջակցում է Մուհամեդ Կեկալովին և նրա սոցիալական պատասխանատվությանը հաշմանդամություն ունեցող անձանց նկատմամբ, այդ թվում՝ 1500 եվրոյի ֆինանսական ներդրմամբ KEKALOVE ADAPTIVE-ի կողմից 2021 թվականի դեկտեմբերի 3-ին հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրվա առիթով, ինչպես նաև վերջերս՝ այս տարվա մայիսին գերմանական նստավայրում կազմակերպված նորաձևության ցուցադրության համար։
Մենք շատ անհանգստացած ենք պարոն Կեկալովի դեմ ներկայացված մեղադրանքների առնչությամբ և ակնկալում ենք, որ դատավարությունը կլինի արդար»,- ասված է հայտարարության մեջ։
ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցչի հայտարարությունը
Ադրբեջանի իշխանությունների մեղադրանքներին արձագանքել է նաև ԱՄՆ-ը։
«ԱՄՆ ՄԶԳ աջակցության ծրագրերին ուղղված նման մեղադրանքները կեղծ են և հիմնովին սխալ են բնութագրում մեր օգնության նպատակները։ Ինչպես միշտ, մեր օգնությունը թափանցիկ է։ ԱՄՆ ՄԶԳ ծրագրերն ամբողջ աշխարհում խթանում են ժողովրդավարական արժեքները՝ ուղղված ազատ և խաղաղ հասարակություններին»,- ասել է ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչը՝ պատասխանելով Turan-ի հարցերին:
«Լրագրողները կարող են ֆինանսավորում ստանալ արտերկրից ծառայությունների մատուցման պայմանագրի հիման վրա»
Turan-ի հետ զրույցում մեդիա իրավունքի փորձագետ Ալեսքեր Մամեդլին պարզաբանել է, որ Ադրբեջանի օրենսդրության համաձայն՝ լրատվամիջոցների ուղիղ օտարերկրյա ֆինանսավորումն իսկապես արգելված է։ Օրենքի համաձայն՝ օտարերկրյա դոնորները պետք է գրանցվեն Ադրբեջանում։
«Միևնույն ժամանակ օրենսդրությունը չի սահմանափակում լրագրողներին արտերկրից դրամական միջոցներ ստանալ անհատական կարգով՝ ծառայությունների մատուցման պայմանագրերի հիման վրա։ Խմբագրությունները կարող են աշխատանք իրականացնել նաև առևտրային պայմանագրերի հիման վրա։
Արգելքը վերաբերում է ԶԼՄ սուբյեկտների ծախսերի ուղիղ ֆինանսավորմանը` գրասենյակների սպասարկում, աշխատավարձերի վճարում և այլն։
Լրատվամիջոցների ֆինանսավորման արգելքը մտցվել է «ԶԼՄ-ների մասին» նոր օրենքով, որը քննադատության ալիք էր բարձրացրել Ադրբեջանի անկախ մամուլի ներկայացուցիչների, միջազգային կազմակերպությունների շրջանում և արժանացել էր Եվրախորհրդի Վենետիկի հանձնաժողովի բացասական եզրակացությանը»,- նշել է Մամեդլին։
Հետևեք մեզ — Facebook | Youtube | Telegram
Abzas Media-ի գործը